Home / Բանակ / Ադրբեջանական բանակի գլխավոր թուրքը

Ադրբեջանական բանակի գլխավոր թուրքը

Թուրք գեներալ-գնդապետ Բախտիյար Էրսայը դեկտեմբերի 10-ին նշանակվել է Ադրբեջանի ՊՆ խորհրդական։ Ըստ փորձագետների, թուրքական գեներալի նշանակումը կարևոր քայլ է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ուժերի միացման համար։

Նշանակումից հետո Էրսայը, ըստ տեղի APA լրատվամիջոցի, պաշտպանության կոլեգիայի նիստի ժամանակ պատմել է ադրբեջանական բանակը Թուրքիայի զինված ուժերի մոդելին համապատասխանեցնելու աշխատանքների և պլանավորվող բարեփոխումների մասին։

Էրսայը բարձրաստիճան զինվորականի համար անսովոր կենսագրություն ունի․ նա կալանավորվել էր պետական հեղաշրջման փորձի համար, իսկ մինչ այդ մասնկացել Արաբական գարնան ժամանակ թուրք քաղաքացիներին փրկելու օպերացիաներին։

Բացի այդ դեռևս սեպտեմբերին Ստամբուլը չորս գեներալների հատուկ հրամանատարության է նշանակել Ադրբեջանում թուրքական զինված ուժերը ներկայացնելու համար։ Այդ չորս գեներալներից մեկը Բախտիյար Էրսայն էր։

Ըստ մի շարք հայկական և ռուսական լրատվամիջոցների՝ Էրսայը ադրբեջանական զինուժի հրամանատարության կազմում մասնակցել է 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմին։

Ադրբեջանական BBC-ի տվյալներով՝ 2011 թվականին Էրսայը այն զինվորականներից էր, որոնք մեղադրվել էին պետական հեղաշրջման մեջ և ազատազրկվել։ Սակայն 16 տարի ազատազրկումից 3 տարին կալանքի մեջ անցկացնելուց հետո նա ազատ է արձակվել և նրա նկատմամբ բոլոր մեղադրանքները հանվել են։

Դրանից հետո Էրսայը վերադարձել է բանակ և ծառայել՝ հասնելով մինչև Թուրքայի ցամաքային զինուժի օպերատիվ շտաբի պետի պաշտոնին։ Ըստ լրատվամիջոցների՝ նա առաջնորդել է նաև Իրաքի հետ սահմանին տեղակայված PKK-ի (Քրդական աշխատավորական կուսակցություն) դեմ ռազմական օպերացիաները։

2010 թվականին գեներալ Էրսայը այn զինվորականներից էր, որոնք կազմակերպել էին Արաբական գարնան ընթացքում Թունիսից 28 հազար թուրք քաղաքացիների տարհանումը։

Միասնական բանակ ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ

Դեռևս սեպտեմբերին փորձագետներն ասում էին, որ Ադրբեջանում ցամաքային ռազմական ուժերի կառուցվածքային բարեփոխումներ են անցկացվում։ Ըստ վերլուծաբան Ուզեիր Ջաֆարովի՝ բարեփոխումների ուղղությամբ որպես խորհրդական աշխատելու էր գեներալ-գնդապետ Բախտիյար Էրսայը։

Ըստ ադրբեջանական ՊՆ նախկին աշխատակից Ազադ Իսազադեի՝ բանակում մինչ այդ էլ ռազմական խորհրդականներ կային Թուրքիայից, իսկ թուրք դասախոսները ռազմական ակադեմիայում դասավանդում էին ադրբեջանական կուրսանտներին։ Իսազադեի խոսքով՝ Ադրբեջանում և Թուրքիայում արդեն վաղուց միասնական բանակ ստեղծելու մասին են խոսում, երկրները հաճախ միասնական զորավարժանքներ են անցկացնում։

Անցյալ տարի Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ստորագրել են Շուշիի հռչակագիրը, որի համաձայն երկրները պարտավորվում են արտաքին հարձակման դեպքում ռազմական օգնություն հատկացնել իրար։ Այս հռչակագիրը փաստացի ռազմական համագործակցություն է հաստատել երկու երկրների միջև։

Փորձագետի խոսքերով՝ Էրսայի նշանակմանը հաջորդող բարեփոխումները հետևանքներ կունենան նաև տարածաշրջանում։ Իսազադեի խոսքերով՝

«Դա կլինի միասնական բանակ, որը անհրաժեշտությունից կախված այս կամ այն օպերացիաներին կմասնակցի։ Եվ դա միասնականության ցուցադրում է՝ Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի դեմ»։

Աշնանը Իրանը ռազմական զարավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։ Որպես պատասխան ադրբեջանական և թուրքական բանակները միասնական զորավարժություններ են անցկացրել, որոնց մասնակցել է նաև Բախտիյար Էրսայը։