Home / Բանակ / «ՀՀ-ի համար լրտեսության» գործով բոլորին ազատեցին

«ՀՀ-ի համար լրտեսության» գործով բոլորին ազատեցին

Ադրբեջանում հայտնի «Թարթառի գործով» անցնող բոլոր դատապարտյալները՝ 19 հոգի, ազատ են արձակվել․ Ադրբեջանի դատախազությունը նոր քննություն է արել, 5 տարի անց պետական դավաճանության (Հայաստանի օգտին լրտեսության) մեջ մեղադրվող զինվորականներն արդարացվել են։

Ադրբեջանական «Թուրան» գործակալությանն այս մասին ասել է իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը։

Մեղադրյալներից 10-ը ազատ է արձակվել արդարացման հիմքով։ Մյուս 9-ը, ըստ Ջաֆարովի, դավաճանությունից բացի՝ մեղադրվել են նաև զինվորական ծառայության դեմ ուղղված այլ հանցագործությունների մեջ։ Նրանք ազատ են արձակվել «վաղեմության ժամկետի» սպառման կամ «փոփոխված հանգամանքների» հիմքով։

Տանջամահ էին անում՝ հայկական լրտեսներ փնտրելով

2017 թվականին Ադրբեջանի ռազմական ոստիկանություն էին տարվել տասնյակ զինվորականներ՝ ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ։ Նրանց մի մասին մեղադրել են «Հայաստանի օգտին լրտեսություն անելու» մեջ, մյուսներին՝ խոշտանգել առանց մեղադրանք առաջադրելու։

Առնվազն 9-ը հոգի տանջամահ է արվել ոստիկանական բաժանմունքներում։ Զանգվածային խոշտանգումներից հետո զինծառայողների մարմինները հանձնել են հարազատներին։ Մահվան պատճառները հետին թվով փորձել են կեղծել։

Ամիսներ անց քրեական գործեր են հարուցել նաև կտտանքները հեղինակած և իրագործած իրավապահների նկատմամբ․ նրանց մի մասը դատապարտվել է ազատազրկման։

Իրավապաշտպանների տվյալներով, «Թարթառյան գործի» շրջանակներում խոշտանգել են առնվազն 100 զինվորների և սպաների, նրանցից 25-ին դատել են։ Կտտանքների հետևանքով առնվազն 9 զինծառայող է զոհվել․ նրանցից 5-ը գործով որևէ կերպ չէին անցնում, չունեին ո՛չ մեղադրյալի, ո՛չ կասկածյալի կարգավիճակ։

Զոհերի և դատապարտվածների հարազատները դուրս են եկել փողոց․ մարդիկ պատմել են իրենց երեխաների սպանության և տանջանքների մանրամասները։ Նոր տվյալներ են ի հայտ եկել նաև դատական դռնփակ նիստերի ընթացքում։

Զանգվածային բռնությունները հաստատվել են նաև դատաբժշկական փորձաքննությունների արդյունքներով․ բերման ենթարկված զինվորականներին ծեծել են, խեղդել, եղունգներ են հանել, հոսանքահարել սեռական օրգանները, կապել, մերկացրել, նետել պատուհաններից և այլն։ 

Խոշտանգումների հիմնական նպատակը ինքնախոստովանական կամ մատնող ցուցմունքներն են եղել․ հենց այսպես են մարդկանցից կորզել «Հայաստանի օգտին լրտեսություն անելու» վկայությունները։

Մանրամասները՝ այստեղ