Նվազագույն աշխատավարձը 2023 թվականի հունվարի 1-ից կդառնա 75 հազար դրամ՝ ներկայիս 68 հազարի փոխարեն․ օրենսդրական փոփոխությունը ընդունվել է Ազգային ժողովի այսօրվա նիստում՝ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց։
Պատգամավորներից 65-ը կողմ են քվեարկել, 27-ը մնացել են ձեռնպահ, դեմ չկա: Ձեռնպահ էին ընդդիմադիր խմբակցությունները:
Ծրագրված այս բարձրացման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռ 2022թ.–ի հունիսին, երբ կառավարությունը հաստատում էր կենսաթոշակների ու նպաստների ավելացման որոշումը․ վերջերս թոշակները 3 հազար դրամով բարձրացան, ինչի արդյունքում շուրջ 3 հազար ընտանիք փաստացի զրկվեց 18 հազար դրամ անապահովության նպաստից։
Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2005-ին սահմանվել է 13 հազար դրամ, որը, պարբերաբար բարձրանալով, 2020-ի հունվարի 1-ից դարձել է 68 հազար դրամ։ Ըստ Կառավարության, նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումն ապահովվում է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները․ մինչև 2026 թվականը Կառավարությունը նախատեսում է նվազագույն աշխատավարձը փուլային տարբերակով բարձրացնել մինչև 85 հազար դրամ:
Ըստ վիճակագրական կոմիտեի, 2021-ի հոկտեմբերից մինչև 2022-ի հոկտեմբեր ընհանուր գնաճը կազմել է 9․48 տոկոս․ հաշվի առնելով գնաճը, անցյալ տարվա հոկտեմբերին 68 000 դրամը մոտավորապես համարժեք էր այս տարվա հոկտեմբերի 74․4 հազար դրամին։ Հոկտեմբերից հետո գնաճը շարունակվել է։