Սեպտեմբերից թոշակները 3 հազար դրամով բարձրացել են, արդյունքում 3 հազար ընտանիք զրկվել է 18 հազար դրամի անապահովության նպաստից։ Ընդ որում՝ մարդկանց նախօրոք չեն ծանուցել։ Այն մասին, որ նպաստ այլև չի լինելու, նախկին շահառուները իմացել են շաբաթվա վերջին։
«Գնացի, որ նպաստս ստանայի, չկար», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմել է 74-ամյա Կարինե Մուրադյանը։
Համարվում է, որ թոշակի ավելացման պատճառով միայնակ ապրող կինը հատել է անապահովության նպաստի համար սահմանված շեմը։
«Թոշակը ավելացրել են 3 հազարով, նպաստը 18 հազար կտրել են։ Իմ միջին զամբյուղը 68 հազար էլ չէ՝ 43 էր։ Նպաստը ինչո՞ւ են կտրում։ Ես եղել եմ երկար տարվա մանկավարժ, ես մենակ, մինուճար տղաս մահացած 39 տարեկան… [Կենսաթոշակի ավելացումը] վնաս տվեց ինձ», – ասել է Մուրադյանը։
3 հազար դրամով բարձրացել է ոչ միայն ծերության, այլև հաշմանդամության թոշակը։ Նույն տրամաբանությամբ՝ անապահովության նպաստից զրկվել են ոչ միայն տարեցների, այլև հաշմանդամություն ունեցող մարդկանց ընտանիքները։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ խոսքը շուրջ 3 հազար ընտանիքի մասին է։
Նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը ռադիոկայանի հետ զրույցում արդարացել է՝ սա առաջին անգամը չէ, որ թոշակի կամ աշխատավարձի բարձրացումից հետո մարդիկ զրկվում են անապահովության նպաստից, քանի որ փոխվում է նրանց կարիքի գնահատման միավորը։
Նպաստը կորցրած ընտանիքներին նա առաջարկել է դիմել եռամսյա օգնության ծրագրին։
«Եթե կան քաղաքացիներ, ովքեր ունեն աջակցության կարիք, բայց իրենց անապահովության գնահատման համակարգի միավորները չեն բավարարում, որ իրենք օգտվեն ընտանեկան կամ սոցիալական նպաստից, նրանք միշտ ունեն այլընտրանք՝ դիմել և ստանալ հրատապ օգնություն, որի չափը հավասար է սոցիալական նպաստի չափին՝ ամսական 18 հազար դրամ», – ասել է պաշտոնյան։
Հիշատակված օգնությունը ստանալու համար հարկավոր է նոր դիմում գրել։ Եթե հաստատեն՝ նպաստը երեք ամսով կվերականգվի։ Ընդ որում՝ դիմումները դիտարկվելու են հունվարին, այսինքն՝ առնվազն երկու ամիս անապահով ընտանիքները զրկված են սոցիալական օգնությունից։
Նախարարությունը առաջարկում է մխիթարվել նրանով, որ եռամսյա օգնությունը միանվագ չէ։
«Հրատապ օգնությունը եռամսյակային բնույթ ունի, բայց քաղաքացին կարող է մի քանի անգամ դիմել։ Կուզեմ շեշտել, որ անպայման իրականացվելու է կարիքի գնահատում, և եթե տարածքային կենտրոնի մեր գործընկերները գտնեն, որ քաղաքացին ունի դրա անհրաժեշտությունը, նոր կնշանակվի հրատապ օգնությունը», – ասել է խոսնակը:
Նա հավաստիացրել է, որ երեք հազար դրամով թոշակներն ավելացնելը քաղաքացիներին կզրկի միայն 18 հազար դրամի նպաստից։ Կոմունալների պետական սուբսիդիաները նրանցից չեն խլի․ «Բոլոր նշածս 3 հազար ընտանիքները շարունակելու են ստանալ կոմունալ զեղչերը»: