Home / Առողջապահություն / Դատարկ A4-ներ․ չինացիները հոգնել են սահմանափակումներից

Դատարկ A4-ներ․ չինացիները հոգնել են սահմանափակումներից

Չինաստանի մի շարք խոշոր քաղաքներում նոյեմբերի 26-ին և 27-ին բողոքի ցույցեր են սկսել երկրում գործող կորոնավիրուսային սահմանափակումների դեմ։ Մինչ այդ Ուրումչիում հրդեհի պատճառով 10 մարդ էր զոհվել, ըստ ցուցարարների՝ Քովիդ սահմանափակումների պատճառով օգնությունն ուշացել էր։ Չինական իշխանությունները ցույցերի մասին լռում են։

Գրաքննության արգելքներին դեմ գնալու համար՝ ակցիայի մասնակիցները իրենց ձեռքերում կարգախոսների փոխարեն դատարկ սպիտակ թղթեր են պահում, որոնք դարձել են այս ցույցերի խորհրդանիշը։ 

Չինական փողոցներում մեծ քանակով ոստիկանական ուժեր են կենտրոնացած, գրում է The Guardian-ը։ Պեկինի մետրոյի մոտ տասնյակ ոստիկանական մեքենաներ են կանգնած, մի շարք փողոցներում ուժայինները կանգնեցնում են մարդկանց ու հարցաքննում։

Պեկինում, Շանհայում, Նանջինում, Չենգդուում, Ուհանում և այլ խոշոր քաղաքներում արդեն երրորդ օրն է ցույցերը շարունակվում են։ The Guardian-ի հաղորդմամբ՝ նախորդ երկու օրերին դրանք մեծամասամբ խաղաղ են անցել։

Նոյեմբերի 29-ին արդեն չինական ոստիկանությունը ցուցարարների է ձերբակալել ու բարիկադներ տեղադրել Շանհայի այն փողոցներում, որտեղ նախորդ երկու գիշերները անց էին կացվում ցույցերը։ Ցույցի մասնակիցների ու ուժայինների միջև բախումներ են տեղի ունեցել։

Որոշ ցուցարարներ կորոնավիրուսային սահմանափակումների չեղարկումից բացի Չինաստանի համար անսովոր քաղաքական պահանջներ են ներկայացնում։ Նրանք պահանջում են երկրի ղեկավար Սի Ցզինպինի հրաժարականը, ժողովրդավարություն, մամուլի ազատություն և առցանց գրաքննության չեղարկում։ 

Այնուամենանիվ, ցույցերի գլխավոր պատճառը իշխող Կոմունիստական կուսակցության «զրոյական քովիդի» քաղաքականությունն է, որը ներառում է զանգվածային թեստավորումներ, երկարատև կարանտինային ռեժիմներ, և հանկարծակի լոքդաուններ։

Նոյեմբերի 24-ին չինական Ուրումչի քաղաքում բազմահարկ շենքի հրդեհման հետևանքով 10 մարդ է զոհվել։ Ըստ ցույցի մասնակիցների, փրկարարները չեն կարողացել ժամանակին օգնություն ցուցաբերել համավարակային սահմանափակումների պատճառով տանը փակված մարդկանց։ 

Սոցցանցերում տարածված որոշ տեսանյութերում երևում են դռների արտաքին արգելքները, որոնք ենթադրաբար խանգարել են մարդկանց դուրս գալ։ Չինական իշխանությունները պնդում են, որ դրսից փակված դռների կադրերը նկարահանվել են որևէ այլ տեղ և կանխամտածված կերպով միացվել հրդեհի տեսանյութին։

The Guardian-ի հաղորդմամբ, սա առաջին դեպքը չէ, երբ չինական իշխանությունների այսպիսի քաղաքականությունը զոհերի պատճառ է դառնում։ Սեպտեմբերի 19-ին դեպի կարանտինային հաստատություն ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով 27 մարդ էր զոհվել, ևս 20-ը վիրավորվել էին։ 

Երկրում համավարակային սահմանափակումների հետ են կապում նաև ինքնասպանությունների դեպքերի աճը։

ձերբակալված լրագրողներ

Շանհայում մի շարք անձանց են ձերբակալել, այդ թվում՝ երկու լրագրողների, որոնցից մեկը ցույցերը լուսաբանող BBC-ի թղթակից Էդվարդ Լորենցն էր։ 

Վերջինիս խոսքերով՝ ոստիկանությունը իրեն ոչ միայն ձերբակալել, այլ նաև ծեծել է, իսկ նրանց, ովքեր լուսանկարել են տեղի ունեցածը, ստիպել են ջնջել նկարները։

Մի քանի ժամ ձերբակալության մեջ անցկացրած իր թղթակցի մասին BBC-ի բողոքին չինական իշխանությունները պատասխանել են, որ Լորենցը չի ներկայացրել լրագրող լինելու իր հավաստագիրը։ 

Ավելի ուշ լրագրողին բաց թողած պաշտոնյաներն ասել են, որ ձերբակալել են Լորենցին իր իսկ ապահովության համար՝ որ ամբոխից քովիդով չվարակվի։

Foreign Correspondents’ Club of China գործակալությունը հաղորդում է տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ իրականացված բռնությունների վերաբերյալ։ Չինաստանի օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա մամուլի ներկայացուցիչներն իրավունք ունեն անսահմանափակ կերպով զբաղվել լրագրությամբ երկրի ամբողջ տարածքում։

դատարկ թղթեր

Բողոքի ակցիաների մասնակիցները բաներների փոխարեն A4 չափի մաքուր սպիտակ թղթեր են պահում։ The guardian-ը գրում է, որ ցուցարարները դրանով փորձում են ցույց տալ այն, որ Չինաստանում այլախոհությունը հնարավոր չէ արտահայտել անվտանգ կերպով։

Ցույցերի ընթացքում հնչել են նաև ավելի քան մեկ ամիս առաջ չինական Սիթոնգ կամուրջից կախված ցուցանակի կարգախոսներից․ «Մենք ուզում ենք հարգանք, ոչ թե ստեր։ Մենք ուզում ենք բարեփոխումներ, ոչ թե մշակությային հեղափոխություն։ Մենք ուզում ենք քվե, ոչ թե առաջնորդ։ Մենք ուզում ենք լինել քաղաքացիներ, ոչ թե ստրուկներ»։

Ցույցերի առցանց քննարկումները խստորեն գրաքննության են ենթարկվում՝ մասնավորապես Weibo-ում և նմանատիպ մեդիա հարթակներում։ Այնուամենայնիվ ավելի մասնավոր՝ օրինակ WeChat կայքի ալիքներում ակցիաների մասին տեղեկությունները շարունակում են տարածվել։ Չիներեն հեշթեգներով ցույցերի տեսանյութեր են տարածվում նաև թվիթերում, որը Չինաստանում արգելափակված է։ 

Չինական պաշտոնական մեդիան առհասարակ չի գրել տեղի ունեցող ցույցերի մասին, փոխարենը չինական լրատվամիջոցներում տարածվել են մի շարք հոդվածներ կորոնավիրուսային սահմանափակումների կարևորության մասին։ 

Չինական պաշտոնական China Daily գործակալությունը անդրադարձել է ցույցերին սկիզբ տված Ուրումչիի հրդեհի միջադեպին։ Լրատվամիջոցը հղվելով կառավարական մի պաշտոնյայի խոսքերին՝ գրել է, որ միջադեպի հետևանքով տեղի ունեցած մահերը Քովիդ-19 սահմանափակումների հետ կապ չունեն։ 

զրոյական քովիդ

Ի՞նչ է իրենից ենթադրում «Զրոյական քովիդի» կամ կորոնավիրուսի նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականությունը։ Իշխանությունները մտցնում են խիստ սահմանափակումներ և ճնշում ցանկացած կորոնավիրուսային բռնկում, անգամ հիվանդության եզակի դեպքերի ժամանակ ամբողջական քաղաքներ են փակվում։ 

Չինական իշխանությունները պատճառաբանում են սա երկրում պատվաստումների ցածր մակարդակով և ծեր անձանց վարակից պաշտպանելու անհրաժեշտությամբ։ 

Այնուամենայնիվ, այս միջոցների արդյունավետությունը կասկածներ է առաջացնում։ Համաձայն BBC-ի՝ նոյեմբերի 28-ին Չինաստանում արձանագրվել է Քովիդ-19 վարակի ավելի քան 40 հազար նոր դեպք։ Վարակի տարածման այսպիսի ռեկորդային ցուցանիշ Չինաստանում գրանցվում է արդեն 5 օր շարունակ։ Այս պահին վարակակիրների թիվը գերակշռում է ապրիլին հիվանդների թվին, երբ Շանհայում կարանտին էին հայտարարել և 25 միլիոն բնակչությամբ քաղաքը շուրջ 2 ամիս շարունակ մեկուսացվել էր։


Նկարում պատկերված է Չինաստանում Քովիդ-19-ի նոր դեպքերի շաբաթական ցուցանիշները հունվարի 23-ից նոյեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում։
Աղբյուրը՝ John Hopkins University: