ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հուլիսի 31-ից ասիական երկրներով շրջագայություն է սկսել։ Չհայտարարված այցով նա այսօր ժամանել է Թայվան, ինչից անմիջապես հետո Պեկինը պաշտոնապես հայտարարել է, որ օգոստոսի 4-ից 7-ը պատրաստվում է զորավարժանքներ անցկացնել Թայվանին սահմանակից 7 շրջաններում։ Սպիտակ տունը զգուշացրել էր, որ ամերիկացի պաշտոնյայի այս այցին Չինաստանը կարող է պատասխանել ռազմական սադրանքներով։
ԱՄՆ կոնգրեսի խոսնակն իր շրջագայության մեջ ներառվող երկրների սկզբնական ցանկում այվանը չէր հիշատակել։ Նշվում էր, որ Փելոսին պատրաստվում է այցելել Սինգապուր, Մալազիա, Հարավային Կորեա և Ճապոնիա։
Թայվանը Չինաստանից փաստացի առանձնացել է 20-րդ դարում՝ 1940 թվականի քաղաքացիական պատերազմից հետո։ Պեկինը, սակայն, կղզին իր անբաժանելի մասն է համարում։ Չինաստանը պնդում է, որ կղզին կվերադառնա Պեկինի հսկողության ներքո, եթե պետք լինի՝ «ստիպողաբար»։
Վերջին տասնամյակներում սա ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Թայվան։ Երեկվանից մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակը կարող է ժամանել Թայվան։
Նման լուրերին Չինաստանը կտրուկ էր արձագանքել՝ սպառնալով, որ Չինաստանի ժողովդրա-ազատագրական բանակը ձեռքերը ծալած չի նստելու և զգուշացնելով ԱՄՆ նախագահին «կրակի հետ չխաղալ»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես չի աջակցել Փելոսիի այցը Թայվան․ «Զինվորականները կարծում են, որ հիմա դա լավ միտք չէ»։
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին, իր հերթին, հայտարարել է, որ Փելոսին «իրավունք ունի այցելել Թայվան և կայացնել իր սեփական որոշումները»՝ հավելելով, որ Սպիտակ տունը հարգում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի անկախությունը։
Այնուամենայնիվ, Քիրբին զգուշացրել է՝ Պեկինը կարող է արձագանքել այս այցին ռազմա-ծովային և օդային գործողություններով և հետագա «կեղծ իրավական հավակնություններով»՝ օրինակ, մայրցամաքային Չինաստանը Թայվանից անջատող Թայվանի նեղուցի վերաբերյալ, որը, ըստ Պեկինի, միջազգային ծովային ճանապար չէ։
Թայվանում մեծամասամբ ջերմ են դիմավորել Փելոսիին, որը ինքնաթիռի վայրէջք կատարելուն պես իր թվիթերյան էջում գրել է․ «Այսօր, երբ աշխարհը կանգնած է ավտոկրատիայի և դեմոկրատի միջև ընտրության առաջ, Ամերիկայի համար կարևոր է, քան երբևէ սոլիդարություն ցուցաբերել Թայվանի 23 միլիոնանոց ժողովրդին»։
Չինաստանը քննադատել է ամերիկացի պաշտոնյայի այցը և սպառնացել, որ այն անհետևանք չի մնա։ Այսօր առավոտյան Թայվանի լողափներից մեկին կից տարածքում չինական ռազմատեխնիկա են նկատվել, իսկ սահմանամերձ Ֆուցզյան մարզում սկսել են զորավարժանքներ։
Chinese tanks moving on Fujian beaches in Taiwan proximity as people are out there swimming. pic.twitter.com/Mp7YDq65F6
— Intelsky (@Intel_sky) August 2, 2022
Ոչ բոլոր թայվանցիներն էին կողմ ԱՄՆ կոնգրեսսականի այցելությանը․ մի խումբ ցուցարարներ հավաքվել էին հյուրանոցի առաջ, որտեղ Փելոսին պատրաստվում է գիշերել (նրա համար Թայբեյի հյուրանոցներից մեկում մի ամբողջական հարկ են առանձնացրել)։
Պաստառներին գրված է․ «Ամերիկացի կախարդ, հեռացիր Թայվանից», «Հեռացիր, վտանգներ ստեղծող Փելոսի»
Ցուցարարների մի խումբ էլ ամերիկացի կոնգրեսսականին դիմավորել է աջակցող պոստերներով։
Պաստառին՝ «Թայվանի Հանրապետությունը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին»
Սպասվում է, որ Նենսի Փելոսին Թայվանում է մնալու մինչև վաղը ժամը 17։00-ն․ մինչ այդ նա պատրաստվում է մամուլի ասուլիս անցկացնել հյուրանոցում, ինչպես նաև հանդիպել Թայվանի ղեկավարի և տեղի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։
Փելոսին Կոնգրեսում իր ավելի քան երեք տասնամյակների ընթացքում եղել է Չինաստանի համառ քննադատներից։ Մի անգամ Պեկինի Տյանանմեն հրապարակում բաներ է դրել՝ ի հիշատակ 1989-ին ժողովրդավարամետ ցույցերի արյունալի բռնաճնշումների ժամանակ զոհվածների: Փելոսին նաև 2019 թ. Հոնկոնգում դեմոկրատական բողոքի ցույցեր ի աջակից էր։