հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / 10 ամենահարուստ մարդիկ ավելի շատ կարողություն ունեն, քան մարդկության 40%-ը

10 ամենահարուստ մարդիկ ավելի շատ կարողություն ունեն, քան մարդկության 40%-ը

Համաճարակը յուրաքանչյուր 30 ժամը մեկ նոր միլիարդատեր է ստեղծում: Սննդի և էներգետիկայի ոլորտների միլիարդատերերի կարողությունները 2 օրը մեկ հաճախականությամբ աճում են 1 միլիարդ դոլարով։ 

Ըստ Oxfam համադաշնության հրապարակած «Շահույթ ստանալով ցավից» ամփոփագրի՝ համաճարակի ժամանակ ստեղծված ամեն միլիարդատիրոջ համար՝ գրեթե 1 միլիոն մարդ 2022թ․-ին նույն տեմպերով կարող է մղվել ծայրահեղ աղքատության։ Այս տարի ակնկալվում է, որ յուրաքանչյուր 33 ժամվա մեջ 1 միլիոն մարդ ընկնելու է ծայրահեղ աղքատության մեջ։

Միլիարդատերերի կարողությունն ավելի շատ է աճել COVID-19-ի առաջին 24 ամիսներին, քան 23 տարվա ընթացքում միասին վերցրած։ Աշխարհի միլիարդատերերի ընդհանուր կարողությունն այժմ համարժեք է համաշխարհային ՀՆԱ-ի 13,9%-ին՝ 3 անգամ ավելի շատ, քան 2000թ․-ին (4․4%):

«Միլիարդատերերի հարստությունը չի ավելացել, որովհետև նրանք այժմ ավելի խելացի են կամ ավելի շատ են աշխատում։ Աշխատավորներն են ավելի շատ աշխատում՝ ավելի քիչ վարձատրությամբ ու ավելի վատ պայմաններում։ Չափազանց հարուստները տասնամյակներ շարունակ խաբեությամբ կառավարել են համակարգը՝ մնալով անպատիժ, և հիմա քաղում են դրա օգուտները։ Նրանք բռնագրավել են համաշխարհային հարստության զգալի մասը՝ սեփականաշնորհման ու մենաշնորհների, կանոնակարգի ու աշխատավորների իրավունքների խախտման արդյունքում՝ միևնույն ժամանակ պահեստավորելով իրենց կանխիկ գումարը հարկային դրախտներում․ ամբողջը կառավարությունների հանցակցության միջոցով», – ասում է Oxfam-ի գործադիր տնօրեն Գաբրիելա Բուխերը։

Oxfam-ի նոր հետազոտությունը նաև ցույց է տալիս՝ էներգետիկայի, սննդի և դեղագործության ոլորտների կորպորացիաները, որտեղ մենաշնորհները  հատկապես տարածված են, ռեկորդային բարձր շահույթներ են գրանցում, նույնիսկ չնայած, որ աշխատավարձերը գրեթե չեն ավելացել, իսկ աշխատավորները COVID-19 պայմաններում պայքարում են տասնամյակի ամենաբարձր գների դեմ։ Սննդի ու էներգետիկայի ոլորտի միլիարդատերերի կարողությունը վերջին երկու տարվա ընթացքում մեծացել է 453 միլիարդ դոլարով։ 

Շրի Լանկայից մինչև Սուդան համաշխարհային սննդի ռեկորդային բարձր գները բորբոքում են սոցիալական և քաղաքական ցնցումներ։ Ցածր եկամուտով երկրների 60%-ը գտնվում է պարտքերի ճգնաժամի եզրին։ Թեև գնաճն ամենուր բարձրանում է, թանկացումները հատկապես կործանարար են ցածր աշխատավարձով աշխատավորների, որոնց առողջությունն ու ապրուստի միջոցները արդեն ամենախոցելին էին COVID-19-ի նկատմամբ, մասնավորապես կանանց, ռասսայականացված և մարգինալացված մարդկանց համար։ Աղքատ երկրներում ապրող մարդիկ սննդի վրա ծախսում են իրենց եկամտից ավելի քան երկու անգամ ավելի շատ, քան հարուստ երկրներում:

Համաճարակի շնորհիվ ստեղծվել են 40 նոր դեղագործ միլիարդատեր: Դեղագործական կորպորացիաները, ինչպիսիք են Moderna-ն և Pfizer-ը, ամեն վայրկյան 1000 դոլար շահույթ են ստանում միայն COVID-19 պատվաստանյութի իրենց մենաշնորհային վերահսկողությունից, չնայած կորպորացիաների զարգացմանն աջակցել են միլիարդավոր դոլարների հասնող պետական ներդրումները: Նրանք կառավարություններից գանձում են ընդհանուր արտադրության հնարավոր արժեքից մոտ 24 անգամ ավելի շատ գումար։ Ցածր եկամուտ ունեցող երկրների բնակչության 87%-ը դեռ ամբողջությամբ չի պատվաստվել։

«Չափազանց հարուստ ու հզոր մարդիկ օգուտ են քաղում ցավից ու տառապանքից։ Սա ազնիվ չէ։ Ոմանք հարստացել են՝ մերժելով միլիոնավոր մարդկանց պատվաստանյութեր ունենալու հնարավորությունը, մյուսները՝ օգտվելով սննդի և էներգիայի աճող գներից։ Այս աճող հարստությունը և աճող աղքատությունը նույն մետաղադրամի երկու երեսներն են, ինչը վկայում է այն մասին, որ մեր տնտեսական համակարգը գործում է ճիշտ այնպես, ինչպես հարուստ ու հզոր մարդիկ նախագծել են այն», – ընդգծում է Բուխերը։