Home / Համայնքներ / Լաչինի միջանցքի մասին խոսեցին ՄԱԿ-ում

Լաչինի միջանցքի մասին խոսեցին ՄԱԿ-ում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասը պահանջել է ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Անցած գիշեր Նյու Յորքում Հայաստանի պահանջով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել, որում քննարկվում էր Հայաստանն Ղարաբաղին կապող ճանապարհին ստեղծված իրավիճակը:

Կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը կոչ է արել ՄԱԿ-ի կառույցներին փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։ ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիևն, իր հերթին, հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղ անվանումով տարածաշրջան գոյություն չունի և Լաչինի ճանապարհը որևէ մեկը չի արգելափակել։

Պաշտոնական Երևանը բացասական է գնահատել միայն Ռուսաստանի ելույթը։

«Ելույթը գնահատում եմ բացասական, որովհետև համարում եմ, որ դաշնակցի կողմից շատ ավելի հասցեական կարող էր հնչել։ Դա արեցին երկրներ, որոնք ՀՀ-ի հետ սերտ կապեր չունեն: Կարծում եմ՝ կամ չի կարողանում, կամ չի ուզում, կամ չի կարողանում և չի ուզում», – լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Երկրների հիմնական ուղերձները ստորև․

Հայաստան․ — ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է արել պահանջել Ադրբեջանից դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև փաստահավաք առաքելություն տեղակայել Լաչինի միջանցքում: 

Մարգարյանը շեշտել է, որ Ադրբեջանը զանգվածային արշավ է մեկնարկել Լաչինի միջանցքում՝ պետական հովանավորությամբ: Մտացածին պատրվակով կազմակերպելով Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը՝ Ադրբեջանը թիրախավորել է 120 հազար մարդու: Առնվազն 1100 քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ, երեխաները բաժանվել են իրենց ծնողներից, ընտանիքներից, առողջապահական և սոցիալական ծառայությունների տրամադրումը խաթարվել է՝ բերելով կյանքին սպառնացող իրավիճակների:

«Ահազանգող իրավիճակը ԼՂ-ում մոտ է մարդասիրական աղետ դառնալուն: Չնայած խաղաղապահ ուժերի ջանքերին՝ ադրբեջանական կողմի հետ ԼՂ իշխանությունների բանակցությունները, որոնք նպատակ ունեն վերականգնել միջանցքի ապահով և անխաթար շահագործումը, առ այսօր որևէ արդյունքի չեն բերել: Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը, այդ թվում՝ նախորդ միջադեպերը, որոնց ընթացքում թիրախավորում էին քաղաքացիական ազգաբնակչությանը, ենթակառուցվածքները, ևս մեկ ապացույց է նրա, որ Լաչինի միջանցքի փակումն իրականում նախապես պլանավորված գործողություն է, որն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ նպատակ հետապնդելով վնաս պատճառել ազգաբնակչությանը և մեծածավալ մարդասիրական ճգնաժամ առաջացնել ԼՂ-ում», – ասել է Հայաստանի ներկայացուցիչը:

Հայաստանի ներկայացուցիչը շեշտել է, որ Ադրբեջանը ժողովրդավարության ամենացածր վարկանիշներից ունի՝ ապացուցված բողոքների բռնաճնշման նախապատմությամբ, տասնյակ քաղբանտարկյալների պատժելով: «Այն գաղափարը, որ քաղհասարակության ակտիվիստներն այնտեղ կարող են այդօրինակ մասշտաբի և ընդգրկման արշավ իրականացնել առանց պետական իշխանությունների ուղղորդման և օժանդակության, առնվազն անհամոզիչ է», – ընգծել է նա:

Ֆրանսիա․ — Դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքով ազատ տեղաշարժի խոչընդոտները անընդունելի են։ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մեկուսացել է ԼՂ բնակչությունը, մարդասիրական հետևանքները օրեցօր վատթարանում են։ 

«Ֆրանսիան կոչ է անում անվերապահորեն սկսել ապրանքների և պարագաների տեղաշարժը միջանցքով՝ միաժամանակ ապահովելով բնակչության իրավունքները։ Ֆրանսիան կոչ է անում ի կատար ածել եռակողմ հայտարարությամբ նախատեսված հանձնառությունները։ Ֆրանսիան նաև ընդգծում է, որ, Ադրբեջանի կառավարության հանձնառության համաձայն, եռակողմ հայտարարությամբ պետք է երաշխավորված լինի մարդկանց, տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով։

Ֆրանսիան նաև կոչ է անում անմիջապես ազատ հասանելիություն ապահովել մարդասիրական կազմակերպությունների և ՄԱԿ-ի գործակալությունների համար՝ հետևանքները կրող բնակչության հետ աշխատելու նպատակով։

Ֆրանսիան կոչ է անում երկու կողմերին ստեղծել միջավայր, որը նպաստավոր կլինի ընթացող բանակցություններում առաջընթացի համար, որը պետք է միայն երկխոսությամբ լինի և ոչ ուժի գործադրմամբ, և պետք է առաջընթաց գրանցել բոլոր չլուծված հարցերի լուծման ուղղությամբ, ներառյալ մարդկանց իրավունքներն ու երաշխիքները»,- հայտարարել է Ֆրանսիայի ներկայացուցիչը։ 

Ռուսաստան․ — Ռուսաստանը կազմակերպել է կանոնավոր շփումներ Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ, որոնց արդյունքում հաջողվել է հասնել ԼՂ-ում գազամատակարարման վերականգնմանը և Լաչինի միջանցքի մասնակի բացմանը երթևեկության համար։ 

«Ըստ եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքը ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ է, որը տարածաշրջանում կայունության երաշխավորն է և արդյունավետ իրականցնում է իր առջև դրված նպատակները։ Կարևոր է նշել, որ երբ ստորագրվեց այս հայտարարությունը, կողմերը պարտավորություններ ստանձնեցին, որոնց պետք է խստիվ հետևել, ի թիվս այլոց, որ որևէ խնդիրներ չեն ներկայացվում քաղաքացիական բնակչությանը։ Մենք ակնկալում ենք, որ ամբողջական տրանսպորտային հաղորդակցությունը մոտ ապագայում պետք է վերականգնվի։ 

ՌԴ կողմը իր ՊՆ, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ու ԱԳՆ-ի միջոցով վերջին օրերի ընթացքում ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ հանգուցալուծելու Լաչինի միջանցքքում ստեղված իրավիճակը, մենք կազմակերպել ենք կանոնավոր շփումներ Ադրբեջանի և Հայաստանի մեր գորընկերների հետ, որոնց արդյունքում մեզ հաջողվել է հասնել ԼՂ-ում գազամատակարարման վերականգնմանը և Լաչինի միջանցքի մասնակի բացմանը երթևեկության համար։ Համաձայնեցվում են Ադրբեջանի բնապահպանական փորձագետների կողմից Լեռնային Ղարաբաղում հանքավայրեր այցելելու պարամետրերը:

Մենք ակնկալում ենք, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված ուժի չկիրառման և հրադադարի պահպանման բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը, ինչպես նաև հետևել բոլոր պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել 2020թ․ նոյեմբերի, 2021թ․ հունվարի և 2022թ․ հոկտեմբերի եռակողմ հայտարարություններով։ Մենք վստահ ենք, որ հայտարարությունների ամբողջական իրականացումը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների նորմալացման միակ կայուն ձևն է»,- նշել է ՌԴ ներկայացուցիչը։ 

ԱՄՆ․ — ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի օգտագործման շարունակական խոչընդոտներով և դրա մարդասիրական հետևանքներով։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը և միջանցքի անվտանգության համար մյուս պատասխանատուներին՝ հնարավորինս արագ վերականգնել ազատ երթևեկությունը, ներառյալ մարդասիրական և առևտրային օգտագործումը։ Մենք ողջունում ենք ԼՂ մարդկանց համար գազամատակարարման վերականգնումը։ ԼՂ քաղաքացիական բնակչության համար անհրաժեշտ ծառայությունների անջատման ցանկացած փորձ անընդունելի է։

ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել բոլոր այն գործողությունները, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը և միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց պարտավորությունները կատարել։ ՀՀ և Ադրբեջանի կուտակված խնդիրները պետք է լուծվեն միայն խաղաղ բանակցությունների միջոցով․ բանակցությունները միակ ձևն են տևական խաղաղության հասնելու։

Միջազգային հանրությունը պետք է իր դերը կատարի և ներգրավված մնա դիվագանագիտորեն հասնելու կայուն խաղաղությանը։ Ժամանակը ցույց է տվել, որ այս հակամարտությունը չի կարող միակողմանի կամ ռազմական լուծում ունենալ և կողմերը պետք է հաստատեն իրենց ընդգրկումը դիվանագիտական պրոցեսին։ Բոլոր կողմերը պետք է ուժեղացնեն իրենց դիվանագիտական ներգրավումը և հադաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցեն՝ համապարփակ և կայուն խաղաղության համաձայնագրի միջոցով։ Բոլոր մնացած հարցերն ունեն համապարփակ դիվանագիտական լուծում։ ԱՄՆ-ն հավատարիմ է կայուն հրադադարին և կոնֆլիկտի խաղաղ հանգուցալուծմանը»,- ասել է ԱՄՆ ներկայացուցիչը։ 

Ադրբեջան․ — Անընդունելի ենք համարում, որ Անվտանգության խորհուրդն օգտագործվում է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար։ Հիշեցնում ենք, որ «Լեռնային Ղարաբաղ» կոչվող տարածքը Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, որը ճանաչված է միջազգային մակարդակով։

«Ո՛չ Ադրբեջանի կառավարությունը, ո՛չ ակտիվիստները չեն փակել Լաչինի ճանապարհը։ Այս ճանապարհով մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի ռեժիմը չի փոխվել, և խաղաղապահները շարունակում են կատարել իրենց գործառույթները՝ պաշտպանելու այս ճանապարհը։ Այս մասին են վկայում տեղում արված վիդեո ռեպորտաժները։ Մարդասիրական աղետի մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Սա ոչ այլ ինչ է, քան մանիպուլյացիա Հայաստանի կողմից։ Չկան խոչընդոտներ ապրանքների առաքման, տեղի բնակիչների տեղաշարժի կամ բժշկական ծառայությունների մատուցման համար», – ասել է Ադրբեջանի ներկայացուցիչը։

Ադրբեջանը չի համակերպվի այս ամենի հետ և կհակազդի ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում բոլոր միջոցներով և թույլ չի տա արտաքին ճնշումներ։ Ադրբեջանը երաշխավորում է նաև իր հայազգի քաղաքացիների իրավունքները։

Ադրբեջանի ներկայացուցիչն անընդունելի է համարել որոշ արտաքին խաղացողների միջամտությունն այս իրավիճակում՝ գործարար Ռուբեն Վարդանյանի գործուղումը Ղարաբաղ անվանելով ապակայունացնող փաստ։

Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքը արդեն 10-րդ օրն է՝ փակ է։ Միջանցքով միայն մեկ անգամ և մեկ բուժառու է տեղափոխվել Հայաստան։ 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի։ Մատակարարումները (այդ թվում՝ սննդի, դեղորայքի, վառելիքի) խափանված են։