Վաղ առավոտյան Երևանից մի խումբ քաղաքացիներ ավտոերթով շարժվել էին դեպի Արցախ։ Գորիսում նրանք հանդիպել էին ճանապարհին մնացած արցախցիներին և ուղևորվել Տեղ գյուղ՝ ռուս խաղաղապահների հետ բանակցելու։ Լաչինի միջանցքով անցնել նրանց այդպես էլ չթողեցին։ Ցուցարարների պատվիրակությունը կարճ առանձնազրույց ունեցավ խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալի հետ, պարզեց, որ արգելփակված ճանապարհով երթևեկողների անվտանգությունը խաղաղապահները ապահովել չեն կարող, և ավարտեց ակցիան։
Ավտոերթի մասնակիցները նշում էին, որ ուզում էին գնալ Ստեփանակերտ՝ «արցախցի փոքրիկներին ամանորյա նվերներ տանելու»։ Սա, ըստ նրանց, նաև բողոք էր ընդդեմ արդեն մոտ կես ամիս տևող բլոկադայի։
Ուրբաթ օրը դեպի Լաչինի միջանցք քայլերթ էին արել նաև արցախցի ընդդիմադիրները. նրանցից մի քանիսը հասել էին ընդհուպ մինչև ռուսական առաջին անցակետ (Զառինբաղ)՝ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներին հիշեցնելու իրենց ստանձնած պայմանագրային պարտականությունների մասին, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը և ապահովել քաղաքացիների և բեռների անխոչընդոտ, ազատ տեղաշարժը։ Ցուցարարները մեկ օր ժամանակ էին տվել խաղաղապահներին․ եթե ճանապարհը չբացվի, վերադառնալու են արդեն բազմամարդ երթով։
Ճանապարհը չէր բացվել, արցախցիները վերադարձել էին։ «[Խաղաղապահները ասացին], որ ամսի 26-ին տեղի է ունենալու բարձրագույն ղեկավարության հանդիպում, որի ընթացքում վերջնականապես այս հարցը լուծվելու է, ասացին, որ ճանապարհը պետք է որ բացենք», – դեկտեմբերի 24-ի բանակցություններից հետո պատմել էր քայերթի մասնակիցները մեկը՝ ստեփանակերտցի ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը:
Դեկտեմբերի 26-ը հիմա է։ Հակառակ այս խոստումների՝ Լաչինի միջանցքը մնում է պաշարված։
Այսօր արդեն հայաստանցիներն էին երթով շարժվում դեպի Լաչինի միջանցքի արգելափակված հատված։ Մինչև ռուսական պոստ նրանք, սակայն, չհասան։ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հայկական վերջին անցակետում նրանց տեղեկացրեցին, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալը ինքը՛ կառաջանա՝ հանդիպելու ակցիայի մասնակիցներին։
«Ունենք տեղեկություններ որոշ տեղերից, որ ռուս խաղաղապահները թողնելու են, որ մենք անցնենք։ Ասեմ ավելին՝ նաև ադրբեջանցիներն են թողնելու, որ անցնենք։ Բայց մենք պայման ունենք․ մեզ պետք չէ՛ ուղղակի անցնել, եթե նրանք առաջարկեն դա անել ուղեկցելով։ Մենք պահանջելու ենք ոչ միայն անցնել, այլ վերականգնել ճանապարհի այն վիճակը, որը եղել է նախկինում։ Այսինքն՝ Ադրբեջանի դերասանները պետք է տեղափոխվեն ցանկապատի հետև, ռուսները այդտեղ պետք է պատ-պարիսպ շարեն, և մենք պետք է առանց խոչընդոտի, առանց ուղեկցության անցնենք և դառնանք», – նախքան բանակցությունները ասում էր ակտիվիստ Հայկ Բարսեղյանը։
Ռուս խաղաղապահները ժամանեցին մոտ երկու ժամ հետո։ Հայ ոստիկանը ցուցարարներին փոխանցեց՝ զորախմբի հրամանատարի տեղակալը պատրաստ է առանձնազրույց ունենալ նախաձեռնության առավելագույնը երեք-չորս ներկայացուցչի հետ՝ առանց տեսախցիկների։
Ավտոերթի մասնակիցները մերժեցին։ Ռուս զինվորականը այլընտրանքներ չառաջարկեց։ Ցուցարարները ստիպված համաձայնեցին։
4 հոգանոց պատվիրակությունը հիմնականում ներկայացնում էին Սամվել Մովսիսյանը (հասարակական գործիչ է, ունի ՀԿ, կրթական ծրագրեր է անում Արցախում) և Հայկ Բարսեղյան (գյումրեցի ակտիվիստ, հայտնի է «Սոս» յութուբյան հաղորդաշարով)։
Փակ բանակցությունները ընթանում էին անցակետի մոտ տեղադրված վագոն-տնակում։ Դրանք մոտ 15 րոպե տևեցին։
«Ռուսական զորախմբի հրամանատարի տեղակալն էր եկել։ Ճիշտն ասած, իրա ազգանունը մենք չիմացանք։ Մեր գործընկերներից մեկը հարցրեց, բայց նա ասաց, որ դա կարևոր չի․․․ Մենք ներկայացրեցինք մեր պահանջները։
Ինքը ներկայացրեց, որ իրավիճակը, բնականաբար, լարված է։
Երկրորդը՝ որ իրենք ուղղակի չեն կարող ապահովել մեր անվտանգ այցը Արցախը՝ զգուշացնելով, որ դա կարող է բերել այնտեղ բավականին լարված, վտանգավոր վիճակի, որը կարող է նաև վնասել։
Տեղեկացրեցին մեզ, որ այս պահին այս հարցի շուրջ քննարկումներ են գնում ամենաբարձր մակարդակով։
Առաջարկեցին, որպեսզի սպասենք պատասխանին։ Իրենց ասելով՝ այդ ղեկավարության մեկ հրամանը ամբողջությամբ լուծելու այս հարցը և վերջնականապես», – դռնփակ քննարկումից հետո պատմեց Սամվել Մովսիսյանը։ Ռուս խաղաղապահները, ըստ նրա, հերքեցին նաև ավելի վաղ տարածված տեղեկությունը, թե այսօր միջանցքը պետք է բացվի։
Քիչ անց խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները հեռացան Տեղի անձնագրային անցակետից։ Ավտոերթի մասնակիցները որոշեցին ավարտել ակցիան՝ խոստանալով, որ իրենց գործողությունները կլինեն շարունակական։
Ադրբեջանցիները դեկտեմբերի 12-ից ի վեր փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Նրանք ներկայանում են որպես «էկոակտիվիստներ», որոնք պայքարում են «ղարաբաղյան հանքերի ապօրինի շահագործման դեմ»։ Պաշտոնական Ստեփանակերտը հայտարարում է, որ Բաքուն Արցախի համար անընդունելի պահանջներ է առաջ քաշում։ «Միակողմանի զիջումներ Արցախը չի անի», – ասում են ղարաբաղյան պաշտոնյաները՝ առանց մանրամասներ հաղորդելու։
Պաշտոնական տվյալների համաձայն, 120 հազար մարդ շրջափակման մեջ է ապրում, հազարից ավելը մնացել ճանապարհին։ Մատակարարումները խափանված են, խաթարված է նաև բուժհաստատությունների աշխատանքը։ Սննդամթերքի և վառելիքի դեֆիցիտի պատճառով Ստեփանակերտը անցել է խնայողական ռեժիմի։ Արցախի կառավարությունը այժմ սննդի ու դեղերի շրջանառության հատուկ ռեժիմ է սահմանում՝ կտրոնային համակարգ։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները այսօր մեկնել են Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Կրեմլից պարզաբանել են՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպում նախատեսված չէ։