Home / Բանակ / Ղարաբաղի բլոկադան կարող է պատերազմով ավարտվել

Ղարաբաղի բլոկադան կարող է պատերազմով ավարտվել

2023 թվականը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դիմավորել է շարունակվող բլոկադայի մեջ։ Արդեն 23-րդ օրն է՝ Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը երկկողմանի փակ է։ Թե երբ կբացվի՝ ոչ ոք չգիտի։ Մոսկվան հայտարարում է, որ բանակցություններում էական առաջընթաց չկա։ «Միջազգային ճգնաժամային խմբի» փորձագետները ահազանգում են պատերազմի վերսկսման վտանգի մասին։

120 հազար ղարաբաղցիներ շրջափակման մեջ են ապրում։ Ավելի քան 1100 հոգի չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Հարյուրավոր ընտանիքներ Ամանորը դիմավորել են մասնատված։

Ստեփանակերտի փոքր խանութները արդեն չեն էլ բացվում․ սննդի պաշարները սպառվել են։ Պաշտոնական տվյալների համաձայն, շրջափակումից առաջ Հայաստանից օրական մինչև 400 տոննա սննդամթերք ու դեղորայք էր փոխադրվում Ղարաբաղ: Գրեթե մեկ ամիս է՝ մատակարարումներն ամբողջությամբ խափանված են։ Խաթարված է նաև բուժհաստատությունների աշխատանքը։ Ստեփանակերտից ահազանգում են՝ 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում, տասնյակ մարդիկ գտնվում են Արցախի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում, պլանային վիրահատությունները չեղարկված են։

Ղարաբաղի իշխանությունները խնայողական ռեժիմ են սահմանել․ սննդի, դեղորայքի, վառելիքի սուր դեֆիցիտի պայմաններում քննարկվում է կտրոնային համակարգի ներդրման հարցը։ Արցախում մնացած մարդիկ պատմում են՝ գոյատևում են անձնական և համայնքային պաշարների շնորհիվ։ Միրգ-բանջարեղենը, ձուն վաղուց սպառվել են։ Դեղեր չկան։

Երբ է բացվելու ճանապարհը՝ ոչ ոք այլևս չգիտի։ Լաչինի միջանցքը արգելափակած ադրբեջանցիները հեռանալու նշաններ ցույց չեն տալիս։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարում են, թե ճանապարհը բաց է հումանիտար բեռների համար։ Պարբերաբար նոր տեսանյութեր են հայտնվում՝ ահա, միջանցքով խաղաղապահների երկու մարդատար մեքենա անցավ, քիչ անց՝ ևս մեկ շարասյուն։ Բոլոր երթևեկողները ռուսներ են։ 

տե՛ս 30 տարի անց Ղարաբաղի հայերը կրկին փողոցում են՝ փնտրում են ռուս գեներալին

Արցախցիների և հայաստանցիների՝ միջանցքը հատելու փորձերը մինչ այժմ տապալվել են։ Ստեփանակերտ-Շուշի հատվածում ադրբեջանական ճամբար է, երկու կողմերից՝ ռուսական փակ անցակետեր․ ռուս զինվորականները մարդկանց հետ են ուղարկում՝ պատճառաբանելով, որ ի վիճակի չեն ապահովել նրանց անվտանգությունը։ 

տե՛ս Արցախցի երեխաների նվերները դեռ տեղ չեն հասել

Պաշտոնական Երևանը պարբերաբար հիշեցնում է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ռուսաստանը ստանձնել է Լաչինի միջանցքը վերահսկելու, մարդկանց և բեռների անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու պարտականությունը, որը փաստացի չի իրագործում։ Մոսկվայում սա անհարկի կշտամբանք են որակում։

Դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր՝ միջանցքի վերագործարկման հարցում առաջընթաց չկա։ 

«Կոչ ենք անում Բաքվին և Երևանին խստորեն պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: Մենք նշում ենք, որ Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի միայն սույն փաստաթղթում նշված նպատակների համար։ Հուսով ենք, որ կողմերը համաձայնության կգան տարածաշրջանում հանքավայրերի շահագործման հարցում», – հավելել էր Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը։ Անցած օրերի ընթացքում տեսանելի փոփոխություններ չեն եղել։

տե՛ս Միջանցք փակելը նաև ոսկու մասին է

Ստեփանակերտից պնդում են, որ Ադրբեջանի հետ ուղիղ շփումներ չունեն․ Բաքվի հետ բանակցում են ռուս խաղաղապահները։ Ղարաբաղի իշխանությունները, միևնույն ժամանակ, շեշտում են՝ միակողմանի զիջումների չեն գնալու, շարունակելու են պայքարել։

տե՛ս Քրտինք է լինելու, արյուն է թափվելու. ինչ է առաջարկում Ռուբեն Վարդանյանը

Թե ինչ զիջումների մասին խոսքը՝ ստույգ հայտնի չէ։ Լաչինի միջանցքում տեղակայված ադրբեջանցի «էկոակտիվիստները» (պետֆինանսավորմամբ գործող ՀԿ-ների ներկայացուցիչներ, պետական աշխատողներ, հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ) պահանջում են «դադարեցնել ընդերքի ապօրինի շահագործումը»՝ նկատի ունենալով Դրմբոնի և Կաշենի հանքերը, որոնք գտնվում են Ստեփանակերտի վերահսկողության տակ և որոնց շահագործման իրավունքը Բաքուն վաղուց վաճառել է բրիտանական «Anglo-Asian Mining» կորպորացիային։ Օրեր առաջ Արցախի իշխանությունը հայտարարել է, որ Կաշենի հանքավայրը դադարեցնում է իր գործունեությունը. «որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար»:

Ճանապարհը, այնուամենայնիվ, այդպես էլ չի բացվել։ Ռուսական կողմը շարունակում է խոսել առաջընթացի բացակայության մասին։ Թե կոնկրետ ի՞նչ պահանջներ են դրված սեղանին՝ հայտնի չէ։

Ստեփանակերտից ահազանգում են՝ Ադրբեջանի «հանքասիրությունը» արդեն վաղուց էթնիկ զտման է նմանվում․ ճանապարհի արգելափակումը նոր ռազմավարություն է, որը ուղղված է Արցախի հայաթափմանը։

տե՛ս Ղարաբաղի հայեր․ մեզ վտարում են, թողեք ուղիղ բանակցենք

44-օրյա պատերազմից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը կարծես թե գնում են նոր առճակատման՝ հայտարարում է Միջազգային ճգնաժամային խումբը։

Որպես հիմնավորում արևմտյան «անկախ փորձագետները» նշում են՝ 2020-ի պատերազմից ի վեր Բաքուն ամրապնդել է իր դիրքերը, «Ադրբեջանի բանակը մի քանի անգամ գերազանցում է հայկականին, ավելի լավ է զինված, վայելում է Թուրքիայի աջակցությունը», «Եվրոպայում աճող պահանջարկը ադրբեջանական գազի նկատմամբ նույնպես քաջալերում է Բաքվին»։

Ճգնաժամային այս խմբի անդամները պարբերաբար դռնփակ հանդիպումներ են ունենում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ։ Նրանց կազմած զեկույցը հիմնավորում է՝ 2020-ի հրադադարից հետո Ռուսաստանը խաղաղապահներ է տեղակայել Ղարաբաղում, ամրապնդել է իր սահմանապահ ուժերն ու զինվորական անձնակազմը հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածներում, որոնք 44-օրյա պատերազմից հետո դարձել էին առաջնագիծ. «Գաղափարն այն էր, որ ռուսական այդ թեկուզ փոքրաթիվ զորախումբը կզսպեր Հայաստանի հանդեպ հարձակումները, քանի որ Բաքուն կզգուշանար Մոսկվայից»։ 

Ուկրաինայում սկսված պատերազմից հետո, ըստ զեկուցագրերի, այդ հաշվարկները չեն իրականացել․ «Ռուսական ուժերը չկանխեցին վերջին տարվա մի քանի բռնկումները: Ադրբեջանական զորքերը մարտին և օգոստոսին նոր տարածքներ գրավեցին Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ ռազմավարական բարձունքներ։ Սեպտեմբերին ադրբեջանական զինուժը տարածքներ գրավեց Հայաստանից։ Հարձակումները գնալով ավելի արյունալի էին դառնում»։

Ուկրաինայի պատերազմը, ըստ արևմտյան փորձագետների, ստվերել է նաև հայ-ադրբեջանական բանակցությունները։

Մինչ այս խաղաղության պայմանագրի երկու նախագիծ էր շրջանառվում․ մեկը հեղինակել է Ռուսաստանը, մյուսը՝ Ադրբեջանը և Հայաստանը՝ Արևմուտքի աջակցությամբ։ Փաստաթղթերից յուրաքանչյուրն անդրադառնում է հաղորդակցության ուղիների ու առևտրի վերականգնմանն ու հայ-ադրբեջանական սահմանի կայունացմանը, իսկ Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը թողնում է առանձին՝ առայժմ չսկսված մի գործընթացի: 

տե՛ս Երևանը համաձայն է Մոսկվայի հետ, Բաքուն` ոչ․ Ստեփանակերտում միտինգ է

Զեկույցի համաձայն՝ չնայած կողմերը փորձել են համատեղ նախագիծ մշակել, նրանց մոտեցումները դեռ շատ հեռու են միմյանցից․ «Բոլոր խաղաքարտերը Բաքվի ձեռքում են»։ Վտանգը այն է, որ բանակցությունները ոչ մի արդյունքի չեն հանգեցնի, և Ադրբեջանը, ինչպես երկու տարի առաջ, կդիմի ռազմական ուժին։

տե՛ս Պետք է ասել՝ սիրելի հպարտ քաղաքացի, այս իրադրության մեջ մենք ունենք մի քանի լուծում

շապիկի լուսանկարը՝ Մարութ Վանյանի