Ռուսաստանին և ռուս խաղապահներին ուղղված քննադատությունը տվյալ դեպքում անընդունելի է` ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք բազմիցս ասել ենք, որ խաղաղապահներն ամեն բան անում են գետնի վրա իրադրությունը կարգավորելու համար: Ոչ մի հրապարակային կշտամբանք գործին չի օգնի, ավելի վատ վիճակներ էլ են եղել», – նշել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակը:
Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը հավելել է՝ Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդները դեկտեմբերի 27-ին մանրամասն քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը․ «Ռուսաստանը շարունակում է և մտադիր է շարունակել իր միջնորդական ջանքերը՝ կատարելով առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմունքներով»։
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Դմիտրի Պեսկովը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու համար անհրաժեշտ է կողմերի՝ «ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի» համաձայնությունը․ «Դուք գիտեք՝ և Հայաստանն է մեր ամենամոտ դաշնակիցներից մեկը, և Ադրբեջանն է մեզ համար շատ արժեքավոր և թանկ գործընկեր»։
Փաշինյանը այսօր Կառավարության նիստին հայտարարել էր, որ «եթե Ռուսաստանը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, ուրեմն ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ ռուսական զորախմբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու համար»։
թարմացում — Ավելի ուշ Մոսկվան հերքել է նաև Երևանից հնչող պնդումները, թե Հայաստանի նկատմամբ ճնշումներ են բանեցվում ռուս-բելառուսական միությանն անդամակցելու համար։ Այս մասին ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Հանրայինին տված հարցազրույցում։
«Եթե մարդիկ նման հայտարարություններ են անում՝ առանց փաստեր ներկայացնելու և ուղիղ առարկություններ ներկայացնում կոնկրետ երկրի, խնդրեմ, այդ հայտարարությունները հիմնավորեք փաստերով, ցո՛ւյց տվեք, պատմե՛ք»,- ասել է Զախարովան՝ հավելելով՝ ռուս պաշտոնյաներից որևէ մեկը նման որևէ բան չի ասել:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հերքել է նաև պնդումները, թե Մոսկվան ստիպում է Հայաստանին իր տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին․ «Դա կեղծ տեղեկություն է, այդ մասին ևս մենք բազմիցս հայտարարել ենք»։ Զախարովան մեջբերել է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների անցած տարվա հայտարարությունը, ըստ որոնց՝ «հաղորդակցության ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ հանձնաժողովում քննարկվում են տարբեր ճանապահներ, այդ թվում՝ Հայաստանի հարավում երկաթգծի վերականգմանը վերաբերող հարցեր։ Այդ աշխատանքի սկզբունքներից մեկը, որը չի վիճարկվում ոչ Երևանի, ոչ Բաքվի կողմից, նշում է, որ այդ երթուղու ինքնիշխանությունը պատկանում է այն կողմին, որի տարածքով այն անցնում է»։
Անդրադառնալով Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների հասցեին Երևանից հնչող մեղադրանքներին՝ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հակադարձել է․ «Որևէ մեկը պատախանատոււ կերպով կարո՞ղ է ասել՝ առանց ռուսական խաղաղապահ առաքելության ավելի լա՞վ էր լինելու։ Նման հայտարարություններ անելը նշանակում է չհասկանալ՝ ինչ իրավիճակ է գետնի վրա»: