Առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի Դաշնությունից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կայացած Կառավարության հերթական նիստին։
Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ են բերվում, բայց վարչապետի համոզմամբ ամենախորը և իրական պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում և միջազգային հանրությունն էլ սկսել է ավելի ու ավելի հստակ արձանագրել Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկելու՝ Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը։
«Այս իմաստով մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի Դաշնությունից, ում խաղաղապահ զորախումբը տեղակայված է Լեռնային Ղարաբաղում, և Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ», – ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանի ԱԳՆ-ն դեռևս 2 օր առաջ հայտարարել էր, որ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու ու ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը վերացնելու համար նպատակամղված քայլեր է ձեռնարկելու բոլոր հնարավոր ձևաչափերում, ներառյալ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի և միջազգային ու տարածաշրջանային կառույցների շրջանակներում՝ այդ կառույցների մանդատից և գործառույթներից բխող վճռական արձագանք և գործողություններ ապահովելու ուղղությամբ։
Պաշտոնական Երևանը նաև անհրաժեշտ է համարում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար։
Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ արձագանք էլ էր ՀՀ ԱԳՆ-ի հայտարարություններին՝ համարելով դրանք անհիմն․ «Դրանք միտված են մոլորեցնելու միջազգային գործընկերներին ու արհեստականորեն սրելու իրավիճակը։ Ըստ ամենայնի, հայկական կողմը դեռ շահագրգռված է շարունակել ապօրինի տնտեսական և այլ գործողություններն Ադրբեջանի տարածքում: Կրկին կոչ ենք անում Երևանին զերծ մնալ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններից և դադարեցնել ագրեսիվ քաղաքական ու ռազմական սադրանքները»:
Ինչո՞ւ բանակցությունները արդյունք չեն տալիս
Ադրբեջանցիները մաքսիմալիստական պահանջներ են առաջադրում, բանակցություններում դիրքավորվել են, թե ինչպես ուզենք, այնպես էլ կլինի, Ազատության հետ զրույցում ասել է Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։
«Լեռնային Ղարաբաղ չկա, այսինքն, մենք ձեզ հետ խոսում ենք ընթացիկ հարցեր քննարկելու առումով», մեր պահանջն էլ հետևյալն է, որ կարող ենք խոսել, եթե դա հավասարը հավասարի հետ է, և դուք պիտի ներկայացնեք Ադրբեջանի շահերը, մենք ներկայացնենք Արցախի Հանրապետության շահերը: Սա է, որ անընդհատ վեճերի տեղիք է տալիս», – ասել է Բալայանը:
Պատգամավորի խոսքով՝ ադրբեջանցիների պահանջները Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրին են վերաբերում, բայց գլխավոր խնդիրը Արցախի հայաթափումն է։ Տարեվերջին որոշվեց հանքավայրի շահագործումը ժամանակավորապես դադարեցնել, բայց ճանապարհը ադրբեջանցիները շարունակում են փակ պահել։
Արդեն 25-րդ օրն է՝ Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը երկկողմանի փակ է։ «Միջազգային ճգնաժամային խմբի» փորձագետները ահազանգում են պատերազմի վերսկսման վտանգի մասին։
Ղարաբաղի իշխանությունները խնայողական ռեժիմ են սահմանել․ սննդի, դեղորայքի, վառելիքի սուր դեֆիցիտի պայմաններում քննարկվում է կտրոնային համակարգի ներդրման հարցը։ Արցախում մնացած մարդիկ պատմում են՝ գոյատևում են անձնական և համայնքային պաշարների շնորհիվ։ Միրգ-բանջարեղենը, ձուն վաղուց սպառվել են։ Դեղեր չկան։