Home / Բանակ / Սպառնալիքների և բլոկադայի ֆոնին Բաքուն հրավիրում է հայերին երկրորդ հանդիպման

Սպառնալիքների և բլոկադայի ֆոնին Բաքուն հրավիրում է հայերին երկրորդ հանդիպման

Ադրբեջանի իշխանությունները «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին» հրավիրում են Բաքու։

«Ադրբեջանի նախագահի աշխատակազմը երկրորդ հանդիպմանն է հրավիրում Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ շարունակելու շփումները վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը քննարկելու համար։ Առաջարկվում է առաջիկա օրերին հանդիպում անցկացնել Բաքու քաղաքում», – ասվում է վարչակազմի հաղորդագրության մեջ:

Պաշտոնական Ստեփանակերտը առաջարկը դեռևս չի մեկնաբանել։

Ադրբեջանի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև նախորդ հանդիպումը տեղի է ունեցել մարտի 1-ին՝ Իվանյանում (Խոջալու)։ Հանիպումը ադրբեջանական կողմը կայացած է որակել և հայտարարել, թե քննարկմանը շոշափվել են վերաինտեգրմանը վերաբերող հարցեր։

տե՛ս Ինչպես են արդարանում ադրբեջանցիների հետ հանդիպման համար

Ղարաբաղի նախագահը, արտգործնախարարությունը և անվտանգության խորհրուրդը հերքել են։ Ղարաբաղյան հիմնախնդրի/Ղարաբաղի կարգավիճակին կամ Ղարաբաղի հայերի իրավունքներին և անվտանգությանն առնչվող հարցերը կարող են քննարկվել բացառապես միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակներում՝ հայտարարել են Ստեփանակերտը և Երևանը։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ հավաստիացրել է՝ ինտեգրացիայի գնալու առաջարկը արցախյան կողմը չի ընդունել և չի ընդունում։ 

տե՛ս «Սադրանքները կրկնվելու են»․ Բաքուն վերջնագիր է ներկայացրել Ստեփանակերտին

Բաքու․ միջազգային բանակցային մեխանիզմ չի լինելու

Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության քննարկման համար միջազգային մեխանիզմի ստեղծումը չի կարող պայման լինել Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Դա ամենևին անընդունելի և վտանգավոր մոտեցում է», – ադրբեջանական Report գործակալությանը տված հարցազրույցում նշել է ադրբեջանցի պաշտոնյան:

Այդ մասին խոսք լինել չի կարող, Բաքուն երբեք դրան չի համաձայնել՝ նշել է Ալիևի օգնականը։ Երևանի պնդումներն այդ կապակցությամբ նա անտրամաբանական է որակել և հայատարարել, որ դրանք ուղղված են արհեստական լարվածություն ստեղծելուն․ «Ադրբեջանն իր ինքնիշխանության հետ կապված հարցեր չի քննարկի մեկ այլ երրորդ կողմի, այդ թվում՝ Հայաստանի հետ»:

Հաջիևը նաև հայտարարել է, թե Հայաստանը կարող է իր տարածք հրավիրել Եվրամիության կամ այլ երկրների առաքելություն, «բայց քանի որ այդ առաքելությունը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանին, անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի դիրքորոշումն ու մտահոգությունները»։

«Այդ առաքելությունը քաղաքացիական չէ, ինչպես հայտարարվել էր, այն ներառում է նախկին զինվորականների և ոստիկանների», – ասել է Ալիևի օգնականը։ Երկրորդելով Մոսկվայի դիրքորոշմանը՝ նա հավելել է, թե «Հարավային Կովկասի տարածաշրջանը չպետք է լինի աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզ»։

Լաչինի միջանցքը փակ է․ լույսը կտրել են, գազ չկա

Արդեն երեք ամիս է՝ Լաչինի միջանցքը շրջափակված է։ Հայկական և ղարաբաղյան մեքենաների տեղաշարժը արգելում են միջանցքի Ստեփանակերտ-Շուշի հատվածում վրանավորված ադրբեջանցիները և նրանց հսկող ռուս խաղաղապահները։ Սակավաթիվ մթերքներ Ղարաբաղ են հասնում ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի մեքենաներով, որոնք ժամանակ առ ժամանակ բլոկադայի մեջ գնտվող Ղարաբաղից տարհանում են նաև ծանր հիվանդներին։

Չնայած Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև մարտի 1-ին տեղի ունեցած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Հայաստանից Ղարաբաղ էլեկտրաէներգիայի մատակարարումն առ այսօր չի վերականգնվել։

Մարտի 10-ից խափանվել է նաև գազամատակարարումը։ 

Ղարաբաղում առ այսօր գազ չկա։ Ստեփանակերտում և շրջաններում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են՝ օրական 6 ժամյա գրաֆիկով։

Դեռևս մարտի 6-ին Ղարաբաղի նախագահը հայտարարել էր, որ Ադրբեջանն իր խողովակներով վերջնագիր է ներկայացրել Ստեփանակերտին՝ «կամ ընդունում են ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են ավելի կոշտ քայլեր»։ 

տե՛ս Բաքուն վերջնագիր է ներկայացրել Ստեփանակերտին

Հաջորդ իսկ օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնացել էր «զինաթափել և չեզոքացնել [Ղարաբաղի] անօրինական զինված կազմավորումները»։ Բաքուն հայտարարել էր, թե Հայաստանը շարունակում է ռազմական փոխադրումները Ղարաբաղը և Լաչինի միջանցքում անհրաժեշտ է վերահսկողության ռեժիմ ապահովել սպառնացել։ Երևանը և Ստեփանակետը այս հայտարարությունը մեկնաբանել էին որպես նոր սադրանքի նախապատրաստություն և հերքել այն։

տե՛ս Ադրբեջանը սպառնում է «զինաթափել» Արցախը

Բաքուն անցակետ է ուզում և սպառնում «զինաթափել» Արցախը

Վերջին օրերին այս մեղադրանքները ինտենսիվացել են։ Մարտի 11-ին Հայաստանի ՊՆ-ն կրկին հերքել է Բաքվից հնչող պնդումները, թե հայկական կողմը Լաչինի միջանցքը շրջանցող գրունտային ճանապարհով ռազմական նշանակության բեռներ է տեղափոխում Լեռնային Ղարաբաղ։

Մինչ այդ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե «ռազմական բեռների տեղափոխումը Հայաստանից Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական գոտի պետք է անհապաղ կերպով դադարեցվի, իսկ հայկական անօրինական զինված կազմավորումները պետք է ամենասեղմ ժամկետներում զինաթափվեն և դուրս բերվեն Ադրբեջանի տարածքից»։

Բաքուն քննադատել էր նաև ռուս խաղաղապահներին․ «Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը պետք է գիտակցի իր պատասխանատվությունն այս հարցում և կատարի իր վրա դրված պարտականությունները․․․ Պարբերաբար տեղի ունեցող նման անօրինական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ Լաչինի միջանցքի վերջնամասում, սահմանապահ-անձնագրային հսկիչ անցակետի ստեղծում են պահանջում»։

Հայտարարությանը «կից» Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ րոպեանոց մի տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր «Կամազ» մակնիշի բեռնատարն ու ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զրահամեքենան։

Քիչ անց՝ նույն մարտի 11-ին, Զինված ուժերի հրամանտարության հետ խորհրդակցություն էր անցկացրել նաւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

«Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում գործող հայկական անօրինական ուժերի համար նախատեսված ռազմական բեռների բազմիցս արձանագրված տեղափոխումները և անձնակազմի ռոտացիան անթույլատրելի են», – դիմելով ենթականերին՝ հայտարարել էր Հասանովը՝ հավելելով․ «Ադրբեջանի բանակը պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկի․․․, անհրաժեշտության դեպքում՝ նաև դիմի համարժեք պատասխան քայլերի»։