Ղարաբաղում Ադրբեջանը էլի գազամատակակարումն է անջատել*: Գազ, հոսանք, ինտերնետ, գազ, ամիս ու կես տևող բեռների տեղափոխման և քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Շաբաթներ տևող մարդու իրավունքների ոտնահարում և նվաստացում, որին դիմակայելու սովորական մարդու գործիքակազմը շատ սահմանափակ է.
– ինքնավնասման հասնող վեհություն (սա տեսանելի է, համահունչ է պետական քաղաքականությանը),
– էսկապիզմ (կլինի հաստատ, չի կարող չլինել),
– խնամի, ծանոթ, բարեկամ, փող, բարտեր օգտագործելով մի փոքր արտոնյալ կարգավիճակ ձեռք բերելը (ու սա իհարկե բենզին վաճառող մեկը և հանգստանալու գնացող մյուսը չեն)
– ավելի հասարակ խնամի, ծանոթ, բարեկամ և ավելի քիչ փող, ոչ այդքան հրապուրիչ բարտեր օգտագործելով խիստ հարաբերական բարեկեցությունն ապահովող կարգավիճակ պահպանելը
– վերոնշյալ հնարավորությունները կորցրած՝ հուսահատվելը կամ հաշտվելը և խելագարվելը:
Մարդու վիճակը, մարդու արժանապատվությունը, մարդու իրավունքները առաջնային են: Պատմական արդարությունը, ինքնիշխանությունն և իշխանության պահպանումը ինքնին անիմաստ են, եթե առանցքում չեմ դնում մարդուն: Նույնիսկ այդ դեպքում, խիստ քննելու կարիք կա, արդյո՞ք պայմանական քաղաքական միավորի և մարդու, հենց այն՝ կարիքի մեջ գտնվող, նվաստացման օբյեկտ դարձած մարդու, շահերը համընկնում են:
Բլոկադայի հանգամանքների մասին ամեն ինչ տարբեր տեղերից ասվել է, հետաքրքրվածը կգտնի՝ ստվերային բիզնես, ազգային և միջազգային խոշոր կապիտալ, միջանցքներ, գեոպոլիտիկ առևտուր, ներտեսակային պայքար, տարբեր ագենտներ:
Ի՞նչ անել՝ սրա մասին ավելի քիչ է խոսվում: Եվ պարզ է, ոչինչ անել հնարավոր չէ.
– ռազմական գործողությունները անթույլատրելի են՝ կհանգեցնեն նոր մսաղացի, որից բնավ չի խորշի Ալիևը, ում այդքան երջանկացրեց 44-օրյա պատերազմից հետո էյֆորիկ կոնսոլիդացիան ու մի փոքր հիասթափեցրեց 2022-ի սեպտեմբերյան ավանտյուրան,
– ՌԴ-ի դեմ առճակատումը անթույլատրելի է՝ ոչ ԼՂ-ում անվտանգություն ապահովելու, ոչ Ուկրայինայում Պուտինի ցնորքը իրակնացնելու համար չհերիքող (և այս երկրորդ կետով փառք աստծո՝ չհերիքող) ուժերը ավելի քան բավարար են Հայաստանում զինված հեղաշրջմանը սատարելու, զուգահեռաբար ԼՂՀ-ին «Ժ» ավելացնելով կամ «Հ»-ն պակասացնելով մորթ կազմակերպելու համար,
– Միջազգային հանրության և իր բոլոր կառույցների, առանձին տերությունների ազդեցության մեխանիզմները անբավարար են՝ դրանք դանդաղ են և թանկարժեք, թանկարժեք իրենց համար, իսկ բոլոր դերակատարներից վստահություն ներշնչող գնառաջարկ ստանալը անհնարին է: Ի վերջո, Ալիևը Պուտինի ֆոնին բավականին մեծ լյուֆտ ունի մինչև օստրակիզմի ենթարկվելը ու դա էլ գուցե իր համար ընդունելի գին լինի:
Այս երեքից ոչ մեկն էլ բացարձակ ճշմարիտ պնդում չէ, սակայն երեք պնդումն էլ ամենայն հավանականությամբ ճիշտ են:
Բայց լավ, սա էլ արհամարհենք. ընդունենք զուտ որպես հիպոթետիկ ելակետ:
Ի՞նչ է հնարավոր։ Ոչի՞նչ: Այս պատասխանը տրամաբանական է, եթե իմ անձը չեմ դիտարկում ինստիտուտներից զատ, մեծ քաղաքական կամ ազգային նարատիվներից զատ: Եվ ահա ես էլ, կուշտ և բարեկեցիկ ընկնում եմ բլոկադայի մեջ, որից բոլոր ելքերը էսկապիզմ են՝ ռազմահայրենասիրական, գեդոնիստական կամ ապատիկ:
Բայց մենք կանք որպես մարդ ու մի քիչ էլ որպես քաղաքացի՝ ինստիտուտներից և նարատիվներից զատ: Եւ առավել ուժեղ ցավը, համոզված եմ, պատճառում է հենց այս, ուղղակի մարդու, մերկ մարդու կարեկցանքը՝ իր նմանի տանջանքի ականատեսը լինելուց: Որպես մարդ, ով ցավ է ապրում, մենք որևէ բան կարո՞ղ ենք:
Գնալ Լաչինի, եթե ուզում եք՝ Բերձորի, միջանցք: Անցնել այդ ոլորած նեղ ճանապարհը՝ Սցիլլայի և Խարիբդայի փոխարեն ունենալով մի քանի պետությունների շահերը ներկայացնող զինված մարդկանց աչքի ներքո: Օքեյ, ոչ ոք իր վրա չի վերցնում փակելու պատասխանատվությունը։ Թող ստպիված լինեն վերցնել կամ թողնել:
Դեկտեմբերի վերջին ընկերներիս հետ փորձել էինք. ՀՀ ոստիկանության ձևական պոստը հրետոռաբանությամբ անցանք, չկարողացանք անցնել ԱՀ ոստիկանության պոստից: Փաստը սա է: Հիմնավորումը հերթափոխի ավագի կողմից այն էր, որ ռուսները նեռվայնանում եմ, իսկ երբ նեռվայնանում են, բլոկադայի տակ են անցկացնում նաև Շուշիից այս կողմ՝ Լիսագորի և մյուս փոքր գյուղերի բնակիչներին: Երբ չեն նեռվայնանում ու, հավանաբար, մի փոքր задобрены են, ճանապարհը շատ քիչ և շատ քչերի համար անցանելի է: Մինչև Լիսագոր՝ այդտեղ այլ պատմություն է սկսվում:
Ռուսներին նեռվայնացնելու գինը պիտի դառնար գյուղացիների հարաբերական բարեկեցությունը այս օրերին: Հավանաբար, մի քիչ լայն ինքնակազմակերման դեպքում կարելի է էդ ռիսկը կառավարել՝ առաջին անհրաժեշտության պարագաներ անցկացնել հենց այդ գյուղերի հաշվարկով:
Նեռվայնացնելով անցնելու դեպքում երկար, շատ երկար ճանապարհ է՝ մի քանի պոստերով, վերջում կրկին ԼՂՀ ոստիկանությամբ (արդեն Լիսագորում), հետո ռուս-ադրբեջանա-ռուսական պիկետը՝ Շուշիի տակ: «Մերկ մարդը», առնաց տրանսպորտային միջոցի, պարենով, կարո՞ղ է անցնել էդ անտերը:
Չի կարող. բլոկադան տոտալ է, անմարդկային է, աբսուրդային:
Կարող է. նվաստացման և տանջանքի գնով հնարավոր է սնունդ հասցնել այն կողմ, ուրեմն սա է արժանապատվությունը փրկելու ճանապարհը՝ այս գնով հանել սովի փաստարկը շանտաժիստների ձեռքից:
Ռիսկերը ո՞րն են: Ֆիզիկական վտանգն իրագործելը կողմերից որևէ մեկին պետք չի, թանկ կնստի: Պատկերի մանիպուլացիա աշխատավարձով ըմբոստացած ակտիվիստների կողմի՞ց: Լավ, իրենց մանիպուլացիան մեր իրականության դեմ:
Իրական հարց այն է, արդյո՞ք դա պետք Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում, գյուղերում ապրող մարդկանց, մեր համաքաղաքացիներին: Արդյո՞ք դրա մեջ վնաս են տեսնում, թե օգուտ և ինչու՞:
Ու ի վերջո, եթե սա աբսուրդային է, որո՞նք են նվազ աբսուրդային, մեր ուժերում եղած, մեր մակարդակում իրագործելի, մեզ պես մարդկանց համար հասկանալի գործողությունները, որոնք մենք չենք կարող մտաբերել, քանի «վերևը ուրիշ մակարդակի բազառ ա գնում», ինչպես ասում է պարոն փոխգնդապետը և պատրաստ է ասել ամեն երկրորդ մայոռը:
Անտոն Իվչենկո
* հունվարի 20-ին Ղարաբաղի գազամատակարարումը մասամբ վերականգնվել է