Ղարաբաղի հայերը կամ պետք է հեռանան, կամ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն՝ Արցախի շրջափակման 29-րդ օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Բլոկադայի առաջին օրվանից հայկական կողմերը պնդում է, որ բնապահպանական քողի ներքո ստեղծված հումանիտար ճգնաժամը Արցախը հայաթափելու, էթնիկ զտումների ենթարկելու նպատակ է հետապնդում․․․
Ղարաբաղի հայկական հատվածն արդեն մեկ ամիս լիակատար պաշարման մեջ է։ Տասնյակ հազարավոր մարդիկ շրջափակված են, հազարավոր ընտանիքներ՝ մասնատված։ Մատակարարումների խափանման հետևանքով սննդի, դեղորայքի և վառելիքի դեֆիցիտ է գոյացել։ Խանութներում գրեթե ոչինչ չկա, պարենի պահուստային պաշարները առաջիկայում բաշխվելու են արդեն կտրոնային համակարգով։
Երկու օր առաջ Ադրբեջանի վերահսկողության գոտում վթարվել է նաև Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը․ Բաքուն խոչընդոտում է վերանորոգմանը, շրջափակված Ղարաբաղով մեկ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են։ Վառելիքն էլ արդեն գրեթե սպառվել է։
Ստեփանակերտից ահազանգում են՝ մոտենում ենք հումանիտար աղետի։ Երբ է բացվելու Լաչինի միջանցքը՝ Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, ոչ ոք այլևս չգիտի։
«բնապահպանությունից» դեպի էթնիկ զտումներ
Շուշիի մոտով անցնող մայրուղուն վրանավորված ադրբեջանցիները, ըստ պաշտոնական հայտարարությունների, Կաշենի և Դրնբոնի հանքավայրերում ստուգումներ են պահանջում, որպեսզի «կանխեն Ղարաբաղում ընդերքի ապօրինի շահագործումը»։ Չնայած Արցախի իշխանությունները արդեն իսկ դադարեցրել են հանքարդյունահանումը, ճանապարհը այդպես էլ չի բացվել։
Հայկական կողմը արդեն շաբաթներ շարունակ ահազանգում է, թե բնապահպանությունը պատճառաբանությունները զուտ պատրվակ են, որ քողարկուն են Արցախը հայաթափելու Ադրբեջանի քաղաքականությունը։
Շրջափակման 29-րդ օրը Ադրբեջանի նախագահն արդեն հայտարարում է՝ հայերը կամ պետք է լքեն Ղարաբաղը, կամ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն։
Հունվարի 10-ին նա մոտ երեք ժամանոց հարցազրույց է տվել ադրբեջանական մի քանի հեռուստաընկերություննեին։ Հավաստիացրել է, թե «պատրաստ է Ղարաբաղում ապրողների համար ապահովել բոլոր այն պայմաններն ու իրավունքները, որ տրված են Ադրբեջանի քաղաքացիներին»։ (Թե ի՞նչ իրավունքների մասին է խոսում Իլհամ Ալիևը՝ այդքան էլ պարզ չէ․ միջազգային զեկույցների համաձայն, նրա ղեկավարած երկրում նույնիսկ տիտղոսակիր ազգի ներկայացուցիչների իրավունքներն են համատարած ոտնահարվում)։
«Նրանք, որ ուզում են ապրել այնտեղ՝ Ադրբեջանի դրոշի տակ, նրանց համար՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կստեղծվեն բոլոր պայմանները, իրավունքներն ու անվտանգությունը։ Իսկ եթե որևէ մեկը չի ուզում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, Լաչինի միջանցքը բաց է, կարող են հեռանալ, որևէ մեկը չի խոչընդոտի», – հայտարարել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը հատուկ ընդգծել է՝ երկու տարուց ռուսական խաղաղապահ առաքելությունը Ղարաբաղում կավարտվի։ Ընթացիկ տարին, ըստ նրա, «խաղաղության պայմանագիր կնքելու վերջին հնարավորությունն է Հայաստանի համար»․
«Չեմ ուզում ճնշում գործադրողի տպավորություն թողնել․․․ Ուղղակի ստիպված եմ կրկին տեղեկացնել՝ իմ կարծիքով, [2023 թվականը] վերջին հնարավորությունն է, քանի որ հետո գալու է 2024-ը, իսկ 2025-ին ավարտվելու է ռուսական խաղաղապահների առաքելությունը։ Նրանք [հայերը] պետք է իրենց քթից մի քիչ հեռուն տեսնեն»։ Հայկական կողմը, ըստ նրա, «ամեն կերպ փորձում է Ղարաբաղի հարցը մտցնել հնարավոր խաղաղության պայմանագրի մեջ, այդկերպ արգելափակելով այն»։
Սպառնալից հայտարարությունների ֆոնին Ալիևը հավաստիացրել է, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ անգամ պատերազմելու պլաններ չունի։ Իսկ հետո՝ խաղաղության պայմանագրից սահմանների դելիմիտացիային անցնելով, հայտարարել․ «Եթե [հայերը] սահմանների դելիմիտացիա չեն ուզում, այդ դեպքում սահմանը կանցնի այնտեղ, որտեղ մենք հարկ համարենք»։
Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին պնդումները նա «անամոթություն» է անվանել։
ռուս-ռուսական բանակցություններ
Շուշիի կողքով անցնող ճանապարհի վրա ճամբար ձևավորած ադրբեջանցիներին երկու կողմից հսկում են ռուս խաղաղապահների անցակետերը։ Հայերի և հայկական մեքենաների համար դրանք փակ են։ Ադրբեջանական ճամբարի միջով պարբերաբար ռուսական շարասյուններ են անցնում։ Հայկական մեքենաներին խաղաղապահները հետ են շրջում՝ պատճառաբանելով, որ չեն կարող երաշխավորել և ապահովել նրանց անվտանգությունը։
Երևանը այս համատեքստում պարբերաբար հիշեցնում է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուսական կողմը պարտավորվել է վերահսկել Լաչինի միջանցքը և ապահովել անխոչընդոտ տեղաշարժը։ Արդեն մեկ ամիս է՝ այս պարտավորությունը չի իրականավում։
«Եթե ՌԴ-ն այդ գործառույթը չի կարողանում իրականացնել, գուցե ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ բազմազգ խաղաղապահ խումբ գործուղելու համար», – երեկվա ասուլիսին հայտարարում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս առաջարկը նա ավելի վաղ նաև Կառավարության նիստում էր հնչեցել։
Ռուսական կողմը սա անտեղին կշտամբանք է համարում։ «Բանակցությունները շարունակվում են», – ամեն օր հաղորդում է պաշտոնական Մոսկվան։ Դրանց բովանդակությունը առ այսօր ստույգ հայտնի չէ։
Կողմերի պաշտոնական հայտարարությունները ակնարկում են և՛ Ղարաբաղի հանքերի, և՛ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կարգավիճակի, և՛ խաղաղության պայմանագրի, և՛ Լեռնային Ղարաբաղի ապագայի մասին։ Թե կոնկրետ ինչ հարցեր են ներառված ռուսական կողմի հաղորդագրություններում հիշատակվող «բանակցությունների» օրակարգում՝ պարզ չէ։
Ստեփանակերտից ասում են՝ Ադրբեջանի հետ ուղիղ շփումներ չունեն, և «խոստանում են» զիջումների գնալ։
տե՛ս նաև
Փակ Լաչինը կարող է էլ ավելի փակ լինել
Ղարաբաղի բլոկադան կարող է պատերազմով ավարտվել
30 տարի անց Ղարաբաղի հայերը կրկին փողոցում են՝ փնտրում են ռուս գեներալին
Արցախցի երեխաների նվերները դեռ տեղ չեն հասել
Ղարաբաղի հայեր․ մեզ վտարում են, թողեք ուղիղ բանակցենք
Միջանցք փակելը նաև ոսկու մասին է
Բաքվի «բնասիրությունը» էթնիկ զտման է նմանվում