ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբերի համատեղ զորավարժությունը Հայաստանում այս տարի չի կայանա՝ հունվարի 10-ի մամուլի ասուլիսին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երևանը, ըստ նրա, ստեղծված իրավիճակում նպատակահարմար չի համարել զորավարժության անցկացումը։
«Հայաստանի պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ Հայաստանում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում մենք նպատակահարմար չենք համարում: Այդ զորավարժությունները Հայաստանում համենայն դեպս այս տարի չեն կայանա», – նշել է Փաշինյանը:
(Ռուսաստանի ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ ցամաքային զորքերը մասնակցելու են Հայաստանում կայանալիք՝ «Անխախտ եղբայրություն-2023» ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի համատեղ զորավարժությունը։ Փաշինյանի հայտարարությունից հետո ՀԱՊԿ միացյալ շտաբից հաստատել են՝ համատեղ զորավարժությունների համար այլ երկիր են փնտրում):
Մեկ այլ հարցի պատասխանելով՝ Հայաստանի վարչապետը հայտարարել է, թե Ադրբեջանը արևմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում իր ագրեսիվ գործողությունները արդարացնում է նրանով, որ Ռուսաստանն ու Հայաստանը իբր համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում իր նկատմամբ․ «Մենք Ռուսաստանի մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա՝ արձանագրելով, որ նրանց, ըստ էության, չարձագանքման պայմաններում ստացվում է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը ոչ միայն չի երաշխավորում Հայաստանի անվտանգությունը, այլ, ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար»։
Ավելի ուշ նա հավելել է․ «Դուք ասում եք՝ ՀԱՊԿ-ի զորավարժությունը Հայաստանում սպառնալիք կլիներ թուրք-ադրբեջանական տանդեմին, հետևաբար՝ ինչո՞ւ զորավարժությունը ՀՀ-ում չեք անում։ Շատ պարզ պատճառով։ Ես Ձեր տեքստի վրա հիմնվելով եմ պատասխանում՝ ՀԱՊԿ-ը եկավ, թուրք-ադրբեջանական տանդեմի համար սպառնալիքը ստեղծեց, հետո ասեց՝ ցտեսություն, մենք գնացինք։ Պատկերացրեցի՞ք այդ իրավիճակը։ Մենք ասում ենք՝ եկեք հասկանանք ՀԱՊԿ պատասխանատվության գոտին որն է, հետո մեր հարաբերությունները ինստիտուցիոնալ և խորը կառուցենք։ Երբ ՀԱՊԿ-ը չի ասում՝ իր պատասխանատվության գոտին որն է, դա մեր համար ֆունդամենտալ խնդիր է»։
Լաչինի միջանցքը
Այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, Լեռնային Ղարաբաղի հայության սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի՝ հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Հայաստանի կառավարության գործիքակազմը, ըստ նրա, պետք է լինի դիվանագիտական․ «2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավական պարտավորություններ են դրված Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության վրա։ Այդ կետում Հայաստանի վերաբերյալ որեւէ ձեւակերպում չկա»։
Փաշինյանը կրկին հիշեցրել է՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը․ «Լաչինի միջանցքը պետք է լինի ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։ Որևէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն պիտի չունենա»։
Լեռնային Ղարաբաղի անտանգության երաշխավորի իր դերից Հայաստանը, ըստ Փաշինյանի, չի հրաժարվել․ «Երբ մենք խոսում ենք այն մասին, որ եթե ՌԴ-ն այդ գործառույթը չի կարողանում իրականացնել, գուցե ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ բազմազգ խաղաղապահ խումբ գործուղելու հարցում, մենք այդ հարցը որպես ի՞նչ ենք բարձրացնում։ Այդ թվում՝ որպես ԼՂ անվտանգության երաշխավոր երկիր»։
Միութենական պետության մեջ մտնելու պաշտոնական առաջարկ չի եղել
Հայաստանին Ռուսաստանի հետ միութենական պետություն կազմելու պաշտոնական առաջարկ, ըստ Փաշինյանի, չի եղել։
«Եթե նկատի ունեք որևէ պաշտոնական առաջարկ՝ չի եղել և չէր էլ կարող լինել, բայց իրականությունն այդքան պարզ չէ, ինչքան թվում է։ Երբեմն մենք պետք է խորը դիտարկենք ոչ այնքան հարցի տեքստը, որքան ենթատեքստը, և մենք պետք է դիտարկենք գլոբալ պրոցեսները», – ասաց Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողի հստակեցնող հարցին՝ իսկ ոչ պաշտոնական ինչ առաջարկներ են արվել և երբ, վարչապետն արձագանքեց․ «Փորձագետների առումով շարունակաբար զարգացվող խոսույթներն էլ կարելի է համարել ոչ պաշտոնական, ոչ պաշտոնական շփումներն էլ․․․»։
Զրույցները, որ Միութենական պետությանն անդամակցելու համար Ռուսաստանը ճնշումներ է գործադրում Հայաստանի նկատմամբ, ակցիվացան հատկապես Հայաստանի արտգործնախարար Արմեն Գրիգորյանի ակնրակներից և Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժողովուրդ» օրաթերթի որոշ հրապարակումներից հետո։ Մոսկվան այս մեղադրանքները մի քանի անգամ հերքել է՝ դրանք մերկապարանոց որակելով։
Ո՞րն է կարմիր գիծը
Հարցին՝ ո՞րն է այն կարմիր գիծը, որն անցնելու դեպքում Փաշինյանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրի, վարչապետը պատասխանել է․ «Եթե տեքստը չհամապատասխանի Հայաստանի Հանրապետության պետական շահերին»։
«Իմիջիայլոց ասեմ՝ խնդիրը արդեն ոչ միայն թղթի բովանդակությունն է, այլև թղթի բովանդակության իրագործելու մեխանիզմը։ Որովհետև նոյեմբերի 9-ին էլ, չէ՞, մենք ստորագրված թուղթ ունենք, բայց այսօր փաստն այն է, որ էդ թուղթը չի կատարվում», – մեկ այլ հարցի պատասխանելով՝ հավելել է պաշտոնյան։
«Դուք ընդունե՞լ եք, որ Արցախն, ի վերջո, պետք է լինի Ադրբեջանի կազմում խաղաղության պայմանագրով կամ ինչ-որ տարբերակով», – հետաքրքրվել է լրագրողը՝ հիշեցնելով՝ դեկտեմբերին Ռուսաստանի արտգործնախարարը պնդել էր, թե Պրահայում ստորագրված քառակողմ փաստաթղթով հայկական կողմը փակել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը։
«Այնտեղ կա պայմանավորվածության արձանագրում, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ ․․․Այստեղ կարևոր է պարզաբանում մտցնել՝ Ադրբեջանը ճանաչո՞ւմ է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Եթե այո՝ Հայաստանի Հանրապետությունն էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», – պատասխանել է Փաշինյանը։
Ավելի ուշ՝ նաև ընդծել է․ «Փաստն այն է, որ այսօր էլ, երեկ էլ ամբողջ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղն ընկալել է որպես Ադրբեջանի մաս։ Փաստն այն է, որ մենք գուցե նաև այդքան պրագմատիկ չենք գտնվել, երբ մեզ թվացել է, թե ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերը ուղղակի տեքստեր են՝ թղթի վրա գրված, որ մենք կարող ենք չնկատելու տալ․․․ Ղարաբաղի հարցում մեր խոսույթը, մեր ռազմավարությունները մեկը մյուսին հակասել են։ Եվ սա նույնպես բերել է որոշակի հետևանքների»։
Արցախի ժողովուրդը, ըստ նրա, պետք է լինի այն սուբյեկտը, որը կխոսի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության մասին․ «Իրենք պետք է որոշումներ կայացնեն, – շեշտել է Փաշինյանը․ – Մենք կաջակցենք մեզ հասու բոլոր միջոցներով»։
Անկլավների հարց կա
Անկլավների հարցը ընդգրկված է լինելու դելիմիտացիայի և դեմարկացիայի քննարկումների մեջ՝ հայտարարել է Փաշինյանը։
«Մենք էլ ունենք այդ թեման։ Արծվաշենը կա, որը ՀՀ ինքնիշխան տարածքի մասին է, և որը այսօր Ադրբեջանի վերահսկողության ներքո է․․․»։
Փաշինյանն անկլավների մասին առաջին անգամ հրապարակավ խոսել է անցած տարի՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հայտարարելով՝ Ադրբեջանը դեռ նոյեմբերի 9-ի բանակցություններում է այս հարցը բարձրացրել, բայց իրենք այն ընդհանրապես հանել են։
Ադրբեջանական կողմի վերջին հայտարարություններից դատելով՝ Բաքուն պահանջում է Տավուշի մարզի Վերին Ոսկեպար, Ներքին Ոսկեպար, Բաղանիս Այրում, Խեյրիմլի, Սոֆուլու, Բարխուդարլու, Ղըզըլհաջըլը գյուղերը և Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենը՝ նախկին Քյարքին:
Ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա
Ադրբեջանը պահանջում է, որ իր քաղաքացիները Հայաստանի տարածքով անցնեն առանց Հայաստանի օրենսդրությամբ սահմանված մաքսային և անձնագրային հսկողության։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի բացել բոլոր ճանապարհները, բայց՝ իր օրենսդրությամբ սահմանված կարգով։
«ՌԴ-ին մենք մեր դիրքորոշումները ներկայացրել ենք, վերջին այցի ընթացքում մեզ թվաց, թե համաձայնության ենք եկել, մեր ու ՌԴ դիրքորոշումները համընկնում են, և այդ դիրքորոշումների հիման վրա ՌԴ փոխվարչապետը պատրաստեց եռակողմ հայտարարության նախագիծ, որը ես պատրաստ եմ ստորագրել։ Ադրբեջանը չցանկացավ ստորագրել»։
Փաշինյանի խոսքով՝ ինքն առաջարկել է այդ տեքստը ստորագրել 2022թ. դեկտեմբերի 28-ին՝ Սանկտ Պետերբուրգում. «Ես այսօր էլ եմ պատրաստ այդ տեքստը ստորագրել՝ առանց Ադրբեջանի միջամտության, որովհետև Ադրբեջանը մի շատ կարևոր պարբերություն հանել էր։ Մենք ուրիշ տարբերակ էլ ենք առաջարկել՝ եկեք երկկողմ արտապատվիրակենք սահմանային ծառայությունները՝ թեկուզ ինչ-որ ժամանակով, միջազգային օպերատոր հրավիրենք, որ սահմանային հսկողությունն իրականացնի։ ․․․Մենք այդ տարբերակին էլ ենք համաձայն։ Ադրբեջանը համաձայն չէ»։