Home / Մարզեր / Ղարաբաղի հայկական հատվածը հոսանքազրկելու են նաև

Ղարաբաղի հայկական հատվածը հոսանքազրկելու են նաև

Արդեն 30-րդ օրն է՝ Ղարաբաղը լիակատար պաշարման մեջ է։ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց անհրաժեշտ սննդի, դեղորայքի, վառելիքի։ Հունվարի 20-ից Արցախում կտրոնային համակարգ է ներդրվելու։ Այսօրվանից սպասվում են նաև էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ։

Միակ բարձրավոլտ գիծը վթերվել է․ Ադրբեջանը չի թողնում վերանորոգել

Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ (110 կՎ) գծի 33-րդ կմ-ում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Աղավնո-Լաչին հատվածում, վթար է եղել։

«Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահին հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ», – հաղորդել է ԱրցախԷներգոն։

Ղարաբաղում հունվարի 10-ից հովհարային անջատումներ են լինելու․ Ղարաբաղում էլեկտրամատակարարումը կիրականացվի տեղական արտադրող կայանների միջոցով՝ սահմանափակումներով։

Ձեթը, մակարոնը, հնդկաձավարը, բրինձն ու շաքարավազը՝ միայն կտրոններով

Պաշարներում մնացած սնունդը համաչափ բաշխելու համար Ղարաբաղում կտրոնային համակարգ են ներդնում։

Հունվարի 20-ից Արցախի խանութներում մակարոնը, հնդկաձավարը, բրինձը, շաքարավազն ու ձեթը իրացվելու են բացառապես հատուկ կտրոններով։

Արցախի բնակարանային հարցերի կոմիտեից մանրամասնել են՝ մեկ շնչի համար ամսական մեկ լիտր ձեթ, մեկական կիլոգրամ մակարոն, հնդկաձավար, բրինձ և շաքարավազ կտրամադրվի։

Ձեթը տրամադրվելու է ամիսը մեկ, մնացած 4 ապրանքները՝ երկու բաժինով (կես-կես կիլո)։

«Այսինքն՝ քաղաքացին մոտենալու է և ստանա երկու կտրոն, որոնց վրա հստակ ամսաթիվ է լինելու նշած։ Օրինակ առաջին կես կիլոգրամը կարող է օգտագործել հունվարի 20-ից մինչև փետրվարի 5-ը, երկրորդ կտրոնով արդեն փետրվարի 6-ից մինչև փետրվարի 20-ը, որպեսզի քաղաքացիներն այդ պաշարը խանութներից միանգամից ձեռք չբերեն», – մանրամասնել է կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը։

Այսօրվանից սկսվել է համայնքներում փաստացի ապրող բնակիչների ցուցակագրումը։ Ցանկը էլեկտրոնային տարբերակով տրամադրվելու է շրջվարչակազմերին և Բնակարանային հարցերի կոմիտեին։

«Հատուկ էլեկտրոնային ծրագիր է մշակվում, որը մոտ օրերս պատրաստ կլինի։ Համայնքներից հավաքագրված տեղեկությունները կմուտքագրենք այդ համակարգ, որից հետո Ստեփանակերտում և շրջկենտրոններում կբացվեն հատուկ կետեր։ Մայրաքաղաքում կլինի շուրջ 20 կետ, շրջկենտրոններում՝ 2-ական։ Քաղաքացիներն իրենց անձնագրերով կամ  ընտանիքի մեկ անդամը մյուսների անձնագրերով (ոչ պատճեններով) կմոտենա սպասարկման կետ, կտրամադրի օպերատորին, տվյալները կմուտքագրվեն, ստացական կտպվի, որտեղ հստակ նշված է լինելու այն անձանց անունները, ում համար տվյալ քաղաքացին մոտեցել է՝ ստանալու կտրոնները և ապրանքատեսակներն իրենց քանակով», – նկարագրել է Մանգասարյանը։

Կտրոնները կտրամադրվեն հունվարի 17-ին կամ 18-ին, հունվարի 20-ի առավոտյան ապրանքը կմատակարարվի խանութներին և կտրոնները հնարավոր կլինի օգտագործել։

տե՛ս նաև

Փակ Լաչինը կարող է էլ ավելի փակ լինել

Ղարաբաղի բլոկադան կարող է պատերազմով ավարտվել

30 տարի անց Ղարաբաղի հայերը կրկին փողոցում են՝ փնտրում են ռուս գեներալին

Արցախցի երեխաների նվերները դեռ տեղ չեն հասել

Ղարաբաղի հայեր․ մեզ վտարում են, թողեք ուղիղ բանակցենք

Պետք է ասել՝ սիրելի հպարտ քաղաքացի, այս իրադրության մեջ մենք ունենք մի քանի լուծում

Միջանցք փակելը նաև ոսկու մասին է