Արդեն 38-րդ օրն է՝ Ղարաբաղը շրջափակման մեջ է։ Հոսանք չի մատակարարվում, երկրորդ օրն է՝ Ադրբեջանը խափանում է նաև գազի մատակարարումները։ Ղարաբաղյան և հայաստանյան մեքենաների համար Լաչինի միջանցքը փակ է․ խաղաղապահների տեղադրած անցակետերով պարբերաբար ռուսական բեռնատարներ են անցնում, երբեմն՝ Կարմիր Խաչի (ԿԽՄԿ) մեքենաներով տարհանում են հիվանդներին։
բուժառուները տեղափոխվում են
Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր առավոտյան Ղարաբաղից Հայաստան են տեղափոխել 6 հիվանդների։
Ղարաբաղի առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ արցախյան հիվանդանոցներում պլանային վիրահատությունները դադարեցված են։ 10 երեխա մնում է «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, ևս 9 բուժառու, որոնցից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, «Հանրապետական բժշկական կենտրոնի» վերակենդանացման բաժանմունքում է։ Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 34 հիվանդի։
Նրանցից մեկը՝ բուժումն ավարտելուց հետո, ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ նախօրեին վերադարձել է Ստեփանակերտ։
երեխաներին տարել են Ղարաբաղ
Ղարաբաղի շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս ծնողական խնամքից և ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն՝ երեկ երեկոյան հաղորդել է Ղարաբաղի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։
Երեխաներին, ըստ ՄԻՊ-ի, ուղեկցել են ռուս խաղաղապահները։
Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակման մասում, մեքենան կանգնեցրել են։ Օմբուդսմենի խոսքով, «մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով, դեմքները փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին»։ Մեքենայում իրարանցում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է՝ հավելել է Ստեփանյանը։
«Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը»։
օտարերկրացիները տարհանվում են
Ըստ Ստեփանակերտի, Ղարաբաղի կառավարությունը ռուս խաղաղապահների հետ միասին երեկ կազմակերպել է Ղարաբաղում մնացած օտարերկրյա քաղաքացիների մի մասի վերադարձը հայրենիք։
Թե քանի հոգու մասին է խոսքը՝ Ղարաբաղի իշխանությունները չեն հստակեցրել։
գազը նորից կտրել են, հոսանք չի մատակարարվում
«Արցախգազ»-ից առավոտյան հաղորդել են, որ Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Ղարաբաղը սնուցող միակ գազատարի աշխատանքը։ Գազամատարարումը դադարեցվել էր նաև երեկ՝ կեսօրից հետո․ երեկոյան հայտարարվեց, որ այն վերականգվել է։
Շրջափակված Ղարաբաղում նաև հոսանքի խնդիր կա․ հունվարի 10-ին Բաքվի վերահսկողության տակ գտնվող Աղավնո-Լաչին հատվածում վթարվել է Ղարաբաղը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը։ Ադրբեջանը խոչընդոտում է վերանորոգմանը։ Ղարաբաղում հովհարային անջատումներ են․ առաջ լույերն օրական երկու ժամով էին կտրում, երեկվանից անջատումների գրաֆիկը կրկնապատկվել է։ Մի քանի օր առաջ ինտերնետն էլ էին կտրել։
Հայաստանից Ղարաբաղ գնացող գրեթե բոլոր ենթակառուցվածքային անոթները անցնում են Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներով։ Անցյալ տարվա վթարից հետո Ադրբեջանը գազատարի վրա փական է դրել և պարբերաբար կտրում է գազը։ Ենթակառուցվածքային ճգնաժամը հատկապես սրվել է անցյալ տարվա օգոստոսին, երբ համաձայնեցված ժամկետներից շուտ փոխվեց Լաչինի միջանցքի երթուղին, իսկ Լաչինն (Բերձոր) ու Աղավնոն անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։Կոմունիկացիաները (էլեկտրագիծը, ինտերնետ մալուխը) մնացին հին տեղում։ Թե ինչո՞ւ դրանք չտեղափոխվեցին՝ պաշտոնական Ստեփանակերտը չի բացատրում։
Կյանքի համար անտանելի պայմաններ
Կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելով Ադրբեջանը փորձում է հայաթափել Ղարաբաղը՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը հիշեցրել է՝ շրջափակված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի սննդի, բժշկական և էլեկտրաէներգիայի մատակարարումները գրեթե դադարեցվել են «մի խումբ այսպես կոչված էկոակտիվիստների կողմից, որոնց ֆինանսավորվում է ադրբեջանական իշխանությունը»․ մարդասիրական ճգնաժամն, ըստ նրա, «օրեցօր սրվում է և պահանջում միջազգային հանրության անհապաղ և հասցեական միջամտություն»։
Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ Հայաստանն Ադրբեջանի հետ չի բանակցում։ Ավելի վաղ Երևանը հիշեցրել էր՝ եռակողմ հայտարարության համաձայն, միջանցքի անխափան գործունեության համար պատասխանատուն են Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը․ Հայաստանն այս մասով որևէ գործառույթ չունի։
Ըստ Ղարաբաղի պետնախարարի, ուղիղ բանակցություններ չկան նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև․ բանակցությունները վարում են ռուս խաղաղապահները։ Թե ինչ պահանջներ է առաջ քաշում ադրբեջանական կողմը՝ ստույգ հայտնի չէ։
հայ-ադրբեջանական բանակցությունների փակուղին
ԵԱՀԿ-ում ունեցած ծավալուն ելույթում Հայաստանի արտգործնախարարն հայտարարում էր՝ ապաշրջափակման գործընթացը ի սկզբանե ոչ կառուցողական է եղել, Ադրբեջանը հրաժարվել է հաղորդակցությունների ապաշրջափակումից և առաջ քաշել ՀՀ-ով արտատարածքային միջանցքի պահանջ․ «Եվս մեկ անգամ ուզում եմ հստակեցնել՝ մենք բացառում ենք ցանկացած արտատարածքային միջանցք Հայաստանի Հանրապետության տարածքում և որևէ մեկին որևէ միջանցք չենք տրամադրելու»։
Անդրադառնալով հնարավոր խաղաղության պայմանագրին՝ Միրզոյանը նշել է, որ Երևանը մի քանի հիմնարար առաջարկներ է ներկայացրել, մասնավորապես՝ միջպետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցման, պետական սահմանից զինված ուժերի հեռացման և ապառազմականացված գոտու ստեղծման, ինչպես նաև՝ խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտի ձևավորման վերաբերյալ: «Հայկական կողմի բոլոր առաջարկները մերժվել են»։
Հաշվի առելով ադրբեջանական առաջարկը՝ ԼՂ հարցը հարցը խաղաղության համաձայնագրից առանձին քննարկել, հայկական կողմն առաջարկել է նաև ստեղծել Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ, ինչը Բաքուն կրկին մերժում է։