հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հիմա էլ ինտերնետը․ Արցախում ապրելն անհնար են դարձնում

Հիմա էլ ինտերնետը․ Արցախում ապրելն անհնար են դարձնում

թարմացում – 19։30 Ինտերնետ կապն Արցախում վերականգնվել է։ Ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի տեխնիկական մասնագետներին հաջողվել է մեկնել վթարման վայր և վերականգնել մալուխի վնասված մասը, գրել է Արցախի տեղեկատվական շտաբը։

15։50 — Արդեն երկրորդ օրն է՝ շրջափակված Արցախում ֆիքսված ինտերնետ չկա։ Բջջային կապն ու շարժական ինտերնետը գործում են խափանումներով։

Բաժանորդներին «Ղարաբաղ տելեկոմից» դեռ երեկ են տեղեկացրել՝ մալուխը վնասվել է։ Ընկերությունը հավաստիացրել է, թե կապի ընդհատումը ժամանակավոր է։

Հայաստանի օմբուդսմենը՝ հղում անելով «Ղարաբաղ տելեկոմին», ասել է, որ վնասված մալուխը Լաչինի միջանցքում է՝ այն հատվածում, որտեղ ադրբեջանական պետակտիվի ուժերն են վրանավորված։

Ղարաբաղ զանգել միանգամից չի ստացվում․ տեղացիներն ասում են, բջջային կապը անընդհատ գնում-գալիս է, զանգերի մի մասը չեն ստանում։

Հայաստանից Արցախ գնացող գրեթե բոլոր ենթակառուցվածքային անոթները անցնում են Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներով։ Անցյալ տարվա վթարից հետո գազատարի վրա Ադրբեջանը փական է դրել և պարբերաբար կտրում է գազը (վերջին անգամ Արցախի շրջափակման առաջին օրերին էին գազը անջատել):

Արդեն 4-րդ օրն է՝ դեպի Արցախ նաև հոսանք չի մատակարարվում։ Ըստ Ստեփանակերտի, Ղարաբաղը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը վթարվել է Բաքվի վերահսկողության տակ գտնվող Աղավնո-Լաչին հատվածում։ Ադրբեջանը խոչընդոտում է վերանորոգմանը։ Ստեփանակերտում և շրջաններում հովհարային անջատումներ են։

Ենթակառուցվածքային ճգնաժամը հատկապես սրվել է անցյալ տարվա օգոստոսին, երբ համաձայնեցված ժամկետներից շուտ փոխվեց Լաչինի միջանցքի երթուղին, իսկ Լաչինն (Բերձոր) ու Աղավնոն անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթով համաձայնեցված էր, որ 3 տարվա մեջ նոր ճանապարհ կսարքվի, որի երկայնքով կանցկացվեն բոլոր կոմունիկացիաները, դրանից հետո Բերձորը նոր արդեն հայկական վերահսկողությունից կանցներ ադրբեջանականի։ Արցախի ղեկավարությունը չգիտեմ ինչ (գուցե՝ ողջամիտ, ինչում ինֆորմացիա չունենալու պատճառով խիստ կասկածում եմ) պատճառով որոշում է Հայաստանի հետ չխորհրդակցելով արագացնեն էդ տեմպերը ու պայմանավորվածության են գալիս ադրբեջանական կողմի հետ, որ երթևեկությունն ավելի շուտ տեղափոխվի նոր ճանապարհ։

Կոմունիկացիաները մնում են հին տեղերը։ Երբ Աղավնոն դեռ հայկական էր ու որոշակի դիմադրություն կար, էդ ժամանակ գոնե ինտերնետի լարը փորձում էին տեղափոխել։ Ընդդիմադիր մամուլը աղմուկ բարձրացրեց, թե ուզում են դիմադրողների կապը կտրեն, որ առանց աղմուկի, ուժ կիրառելով հանեն մարդկանց։ Վախեցան, չտեղափոխեցին, կապը մնաց նույն տեղում։

Երեկ գազն էին անջատել, էսօր ինտերնետը, վաղը հոսանքը կանջատեն։ Լավ կլինի՝ արցախցիները Վիտոյին հարցնեն, թե ինչի հիմա ինտերնետ չունեն։ Ինքը հաստատ գիտի պատասխանը։ Որ լավ հարցնեն, կասի», – ֆեյսբուքում գրել է քաղաքական գործիչ, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին անդամ Սուրեն Սահակյանը։

Այն մասին, որ ենթակառուցվածքների տեղափոխության հարցը հատուկ տորպեդահարվում է, Բերձորի և Աղավնոյի հանձնման օրերին գրել էր նաև Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։

տե՛ս նաև

Ռուսը չլինի՝ մենք չենք լինի․ Ռ․ Վարդանյանը՝ ղարաբաղցիների անունից
Հայերին վտարում են Ղարաբաղից
Փակ Լաչինը կարող է էլ ավելի փակ լինել
Ղարաբաղի բլոկադան կարող է պատերազմով ավարտվել
30 տարի անց Ղարաբաղի հայերը կրկին փողոցում են՝ փնտրում են ռուս գեներալին
Արցախցի երեխաների նվերները դեռ տեղ չեն հասել
Ղարաբաղի հայեր․ մեզ վտարում են, թողեք ուղիղ բանակցենք
Միջանցք փակելը նաև ոսկու մասին է
Բաքվի «բնասիրությունը» էթնիկ զտման է նմանվում