Մենք կարող ենք դիմանալ շատ երկար ժամանակ՝ բլոկադայի մեջ հայտնված Արցախի ժողովրդի անունից հայտարարել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Ստեփանակերտ-Երևան տեսակամրջի ընթացքում նա հավաստիացրել է՝ ստեղծված իրավիճակում Ղարաբաղի հայկական բնակչությունը ընդամենը երեք ճանապարհն ունի՝ կա՛մ ենթարկվել Ադրբեջանի օրենքներին և ապրել որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կա՛մ լքել Արցախը, կա՛մ պայքարել։
Թե ինչպե՞ս պայքարել՝ պաշտոնյան չի մանրամասնել։ Դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին նա զգուշացրել էր՝ հրաշքների, ամեն դեպքում, սպասել պետք չէ․ «Եվ քրտինք է լինելու, և արյուն է թափվելու, և շատ աշխատանք է պահանջվելու»։
«Մենք՝ Արցախի ղեկավարությունը և ժողովուրդը, որոշել ենք պայքարել մեր հողում սեփական օրենքներով ապրելու համար։ Սա բավականին կոշտ դիրքավորում է ենթադրում, որը տարբերվում է Հայաստանի դիրքավորումից, Հայաստանի ղեկավարության դիրքավորումից։ Այդ մասին արդեն իսկ հայտարարվել է Անվտանգության խորհրդի կայքում», – հավելել է պաշտոնյան։
Խոսքը Ղարաբաղի Ավտանգության խորհրդի երեկվա հայտարարության մասին է, ըստ որի՝ հունվարի 10-ի ասուլիսին Հայաստանի վարչապետի «հնչեցրած մի շարք պնդումներ» չեն համապատասխանում Արցախի «բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը», ըստ որի Հայաստանը պետք է «առաջնորդվի բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի» պաշտպանությամբ։ Արձագանքելով այս հայտարարությանը՝ Հայաստանի վարչապետն այսօր առաջարկել է «խուսափել իրադրությունը ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից»։
Տեսակամրջի ընթացքում Ռուբեն Վարդանյանը հայտարարել է նաև, թե Երևանը Ստեփանակերտին օգնում է ֆինանսապես և իրավական ուղղությամբ․ «Իրենք ասել են՝ այսքանը կարող ենք անել, ավել բան անել չենք կարող», «մենք շնորհակալ ենք», բայց «ստեղծված իրավիճակում ավելի շատ ուղղություններով օգնություն է պահանջվում»։
Ռուսները ուժեղանան, և մենք կողքը լինենք
Այսօրվա տեսակամրջին հնչաց հարցերի զգալի մասը ռուսական խաղաղապահ առաքելությանն էր վերաբերում։ 44-օրյա պատերազմը կանգնեցրած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ նշվում է, որ Լաչինի միջանցքը պետք է վերահսկվի ռուս խաղաղապահների կողմից, որոնք պարտավորվում են ապահովել մարդկանց, մեքենաների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը։ Արդեն մեկ ամիս է՝ այս պարտականությունը չի իրականացվում։
Տեսակամրջի ընթացքում լարգրողը Երևանից հետաքրքրվեց՝ Ստեփանակերտին գոհացնո՞ւմ է արդյոք խաղաղապահ առաքելության գործունեությունը: Վարդանյանը պատասխանեց էմոցիաներով․
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ ռուս խաղաղապահն իրեն այստեղ լավ զգա, որ ռուս խաղաղապահը զգա, որ ինքը այստեղ իսկապես մեծ դեր է խաղում, որ մենք հայերով հասկանում ենք իրենց դժվար իրավիճակը, որ մենք ոչ թե իրենց դեմն ենք կանգնած, այլ իրենց կողքը, որովհետև իրենք մեր կողքն են կանգնած։
Վերջ տվե՛ք թիրախավորելը ռուսներին այս իրավիճակում։ Եթե դուք հասկանում եք, որ դուք օգնում եք ադրբեջանցիներին, վերջացրե՛ք այդ ամեն ինչը։ Վեր-ջա-ցրե՛ք։ Ռուս խաղաղապահը չլիներ այստեղ, մենք չէինք լինի այստեղ ընդհանրապես։ Դուք ինչի՞ մասին եք ամեն անգամ ուզում հարցը տալ։ Որ մենք իրենց քննադատե՞նք։ Էտ եք ուզո՞ւմ։ Չեմ անելու այդ բանը ես։ Որովհետև ես հասկանում եմ, ինչի համար են իրենք պետք այստեղ։ Իրենք չլինեին, մենք չէինք լինի։ Էլի եմ ասում՝ ամեն ինչ անելու ենք, որ ռուս խաղաղապահները այստեղ մնան, երկարաժամկետ դառնան, ուժեղանան, և մենք իրենց կողքը կանգնած լինենք»։
Ըստ Արցախի պետնախարարի, «ռուս խաղաղապահները շատ սահմանափակ մանդատ ունեն և շատ քիչ քանակով են», բայց Ստեփանակերտն ամեն ինչ անելու է՝ այդ իրավիճակը փոխելու համար․ «Ռուս խաղաղապահները պետք է այստեղ մնան և մնան տասնյակ տարիներով, և ապահովեն անվտանգությունը այս ռեգիոնում, և վստահ եմ՝ դա միակ ճանապարհն է»։
Ղարաբաղի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանն էլ հավելեց․ «Այս վերջին սադրանքի կարևորագույն նպատակներից մեկը հենց նրանում է, որ հայկական բնակչության մոտ դժգոհության ալիք բարձրանա՝ ուղղված ռուսական խաղաղապահների դեմ։ Ըստ ձեզ՝ ի՞նչ պետք է անի հայկական կողմը։ Ադրբեջանական սադրանքի ջրաղացին ջուր լցնի՞»։
բլոկադան հարյուր տոկոսանոց չէ
Ղարաբաղի հայկական հատվածն արդեն մեկ ամիս է՝ պաշարման մեջ է։
Այսօրվա տեսաուղերձի ընթացքում արցախյան պաշտոնյաները ներկայացնում էին մեկամսյա շրջափակման հետևանքները՝ 120 հազար մարդ զրկված է տեղաշարժի իրավունքից, հազարավոր ընտանիքներ մասնատված են, հարյուրավոր հիվանդներ չեն կարողանում մեկնել բուժման, քրոնիկ հիվանդություններ ունեցողը մնացել են առանց դեղորայքի, շուրջ հազար հոգի զրկվել է աշխատանքից։
Մատակարարումների խափանման հետևանքով սննդի, դեղորայքի և վառելիքի դեֆիցիտ է գոյացել։ Խանութներում գրեթե ոչինչ չկա, պարենի պահուստային պաշարները առաջիկայում բաշխվելու են արդեն կտրոնային համակարգով։
Ադրբեջանի վերահսկողության գոտում վթարվել է նաև Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը․ Բաքուն խոչընդոտում է վերանորոգմանը, շրջափակված Ղարաբաղով մեկ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են։
Քիչ առաջ հայտարարվեց, որ Արցախում ընդհատվել է նաև ինտերնետ կապի մատակարարումը․ ինտերնետի մալուխը վնասվել է Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են ադրբեջանցի «էկոակտիվիստները»։
Նման պայմաններում «մենք կարող ենք պահպանել մեր կյանքը ահագին երկար ժամանակ»՝ տեսակամրջի ընթացքում հավաստիացրեց (անցյալ տարի Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարված և Ղարաբաղում վերաբնակեցված միլիարդատեր) Ռուբեն Վարդանյանը․ «Եվ մենք հասկանում ենք, որ դա շատ սահմանափակումներ է ենթադրելու»։
Ավելի վաղ նա հայտարարել էր, թե «բլոկադան հարյուր տոկոսանոց չէ, մենք ունենք կյանքի ճանապարհներ, որոնք հնարավորություն են տալիս մի փոքր դեղ և ուտելիք բերել»։
Այսօրվա ասուլիսին լրագրողներից մեկը խնդրեց պարզաբանել այս հայտարարությունը։
«[Ադրբեջանական կողմը] հաշվել է, թե քանի մեքենա է այս մեկ ամսվա մեջ մտել Արցախ՝ ռուս խաղաղապահների կողմից և Կարմիր Խաչի։ Այո, ռուս խաղաղապահները և Կարմիր Խաչի մեքենաները կարող են գալ այստեղ։ Բայց նրանց քանակը․․․ Իրենք հաշվել և ներկայացրել են՝ 400։ Դա մեկ օրվանից ավելի քիչ մեքենաների քանակ է, քան եղել է մինչև բլոկադա։
Նույնիսկ Լենինգրադի ամենածանր բլոկադան ունեցել է կյանքի ճանապարհ, որով վտանգով որոշ բաներ հասցվել են, բայց դա շատ փոքր քանակի մասին է, շատ փոքր բաների մասին։ Բլոկադան դա այն իրավիճակը չէ, որ սաղ փակվում է, այլ այն, որ մենք այսօր ամեն հարցում՝ և դեղորայքի, և սննդի, լուրջ պակաս ունենք, որի մեջ մարդիկ ապրում են», – պատասխանեց պետնախարարը։
տե՛ս նաև
Փակ Լաչինը կարող է էլ ավելի փակ լինել
Ղարաբաղի բլոկադան կարող է պատերազմով ավարտվել
30 տարի անց Ղարաբաղի հայերը կրկին փողոցում են՝ փնտրում են ռուս գեներալին
Արցախցի երեխաների նվերները դեռ տեղ չեն հասել
Ղարաբաղի հայեր․ մեզ վտարում են, թողեք ուղիղ բանակցենք
Միջանցք փակելը նաև ոսկու մասին է
շապիկի լուսանկարը՝ panorama.am-ից