17։55 — Հայաստանից դեպի Ղարաբաղ գազամատակարարումը վերականգնվել է՝ գրել է «Արցախգազ» ՖԲԸ-ն։
14։20 — Ղարաբաղում գազամատակարարումը կրկին դադարեցվել է։
Ադրբեջանը փակել է Հայաստանից Ղարաբաղը սնուցող միակ գազատար խողովակը՝ գրել է «Արցախի տեղեկատվական շտաբը»։ «Արցախգազ» ընկերության փոխանցմամբ, ժամը 13։00-ից գազամատակարարումը դադարեցվել է։
Հայաստանից Ղարաբաղ գնացող գրեթե բոլոր ենթակառուցվածքային անոթները անցնում են Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներով։ Անցյալ տարվա վթարից հետո Ադրբեջանը գազատարի վրա փական է դրել և պարբերաբար կտրում է գազը։ Վերջին անգամ գազամատակարարումը դադարեցվել էր դեկտեմբերի 13-ին՝ Լաչինի միջանցքի շրջափակման հաջորդ իսկ օրը։ Երեք օր անց՝ դեկտեմբերի 16-ին, այն վերականգվել էր։ Մատակարարումները պարբերական խափանումները Ստեփանակերտը «հումանիտար և տնտեսական ահաբեկչություն» է որակում՝ ուղղված Ղարաբաղի հայաթափմանը։
Ղարաբաղում նաև հոսանքի խնդիր կա․ արդեն մեկ շաբաթ է՝ էներգամատակարարում իրականացվում է բացառապես ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին: Մի քանի օր առաջ ինտերնետն էլ էին կտրել։
Հունվարի 10-ից դեպի Ղարաբաղ հոսանքի մատակարարումները դադարեցվել են․ ըստ Ստեփանակերտի՝ Ղարաբաղը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը վթարվել է Բաքվի վերահսկողության տակ գտնվող Աղավնո-Լաչին հատվածում։ Ադրբեջանը խոչընդոտում է վերանորոգմանը։ Ղարաբաղում հովհարային անջատումներ են․ մինչ այս լույերն օրական երկու ժամով էին կտրում, այսօրվանից անջատումների գրաֆիկը կրկնապատկվել է։
Ենթակառուցվածքային ճգնաժամը հատկապես սրվել է անցյալ տարվա օգոստոսին, երբ համաձայնեցված ժամկետներից շուտ փոխվեց Լաչինի միջանցքի երթուղին, իսկ Լաչինն (Բերձոր) ու Աղավնոն անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։
Կոմունիկացիաները (էլեկտրագիծը, ինտերնետ մալուխը) մնացին հին տեղում։ Թե ինչո՞ւ դրանք չտեղափոխվեցին՝ պաշտոնական Ստեփանակերտը չի բացատրում։
—
Արդեն 37 օր է՝ Ղարաբաղը շրջափակման մեջ է։ Հունվարի 12-ից Լաչինի միջանցքը երկկողմանի փակ է․ մայրուղու Ստեփանակերտ-Շուշի հատվածում ադրբեջանական ճամբար է, երկու կողմերից՝ ռուսական անցակետեր, որոնցով պարբերաբար չստուգվող ռուսական բեռնատարներ են անցնում։ Հայկական մեքենաների համար այդ անցակետերը փակ են։
Արցախցիների և հայաստանցիների՝ միջանցքն ինքնուրույն հատելու բոլոր փորձերն առ այսօր տապալվել են։ Երեք շաբաթ առաջ դեռևս հնարավոր էր հասնել ռուս զինվորականներին, որոնք մարդկանց հետ էին ուղարկում՝ պատճառաբանելով, որ ի վիճակի չեն ապահովել նրանց անվտանգությունը։ Այժմ ռուս խաղաղապահներին հարցեր տվող հայերից պաշտպանում են հայաստանյան և արցախյան պոստերը։ Հայ զինվորականների պատճառաբանությունները, որոնց մասին պատմում է տեղում աշխատող Epress.am-ի թղթակիցը, նման են Ղարաբաղի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ասածներին՝ «մի զայրացրեք ռուներին, հիմա գոնե քիչ-քիչ կարողանում ենք դեղ ու մթերք անցկացնել, կարող ենք դա էլ կորցնել»։ Ղարաբաղում սննդի, դեղորայքի և վառելիքի դեֆիցիտ է․ առաջին անհրաժեշտության պարենային մթերքներն առաջիկայում վաճառվելու են կտրոններով։