Պաշտոնական Բաքուն կրկին հայտարարում է, թե Լաչինի միջանցքում անհրաժեշտ է վերահսկողության ռեժիմ ապահովել և սպառնում «ձեռնարկել վճռական միջոցներ՝ զինաթափելու և չեզոքացնելու անօրինական զինված կազմավորումները»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, թե Հայաստանը շարունակում է ռազմական փոխադրումները Արցախ: «Եվս մեկ անգամ զգուշացնում ենք, որ Հայաստանի կողմից ռազմական բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածք, Հայաստանի զինված ուժերի անձնակազմի ուղարկումն ու ռոտացիան պետք է անհապաղ, մեկընդմիշտ դադարեցվի, հայկական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն մեր երկրի տարածքից։ Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հարկադրված կլինի, օգտագործելով բոլոր հնարավորությունները, ձեռնարկել վճռական, անհրաժեշտ միջոցներ՝ զինաթափելու և չեզոքացնելու անօրինական զինված կազմավորումները։ Հայաստանի նման գործողությունները դիտվում են որպես ռազմական ագրեսիայի շարունակություն», – ասված է հայտարարությունում:
Բաքուն մեղադրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մարտի 5-ի զինված միջադեպի «փաստերը խեղաթյուրելու, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու մեջ». Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը երեկ հաստատել էր, որ կիրակի առավոտյան Արցախում տեղի ունեցած միջադեպի ընթացքում առաջինը հրազեն կիրառել է ադրբեջանական կողմը։
Կիրակի առավոտյան Ստեփանակերտը հաղորդեց, որ Ղարաբաղում ոստիկանական ավտոմեքենայի վրա ադրբեջանցիների զինված հարձակման հետևանքով հայկական կողմից զոհվել է երեք, վիրավորվել՝ մեկ ոստիկան։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմից զոհվել է երկու, վիրավորվել՝ առնվազն մեկ զինծառայող։
Ադրբեջանական դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում՝ Ստեփանակերտից դեպի Լիսագոր գյուղ ընկած հատվածում, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա․ Ղարաբաղի իշխանությունները հրապարակել են են դիվերսիոն հարձակման տեսանյութը, որում հստակ երևում է շարժվող, ապա անշարժացած ոստիկանական «ՈՒԱԶ»-ը, ճանապարհին հայտնված ադրբեջանցիները, որոնցից երեքը մոտենում են «ՈՒԱԶ»-ին ու շարունակում կրակել։
Միջադեպից ժամեր անց Բաքուն արդարացել է, թե հայկական կողմը զինամթերք էր տեղափոխում, իրենք փորձել են ստուգել մեքենաները», ինչի արդյունքում էլ փոխհրաձգություն է սկսվել։ Հայկական կողմը այս մեղադրանքները հերքել է։ Ղարաբաղի պետնախարարը հայտարարել է, որ հարձակման ենթարկված մարդատար մեքենայում, ոստիկանների ծառայողական զենքից բացի, որևէ այլ զենք-զինամթերք չի եղել։
«կարգուկանոն»
Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին, ասել էր, որ մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողություններն այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել։
Փաշինյանի այս հայտարարությանն այսօր պատասխանել է Ադրբեջանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյան, ահաբեկչությունը շարունակում է մնալ Հայաստանի սկանդալային հայտնի քաղաքականության ու ռազմական ագրեսիայի կենտրոնում, որը շարունակում է զինվորական անձնակազմ և ականներ տեղափոխել Ադրբեջան ու սպանել Ադրբեջանի խաղաղ բնակիչների, որի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը դուք ճանաչել եք։
Հայաստանի նման անօրինական գործողությունները կանխելու Ադրբեջանի օրինական միջոցները կոչվում են կարգուկանոնի ստեղծում Ադրբեջանի ինքնիշխան տարածքում», – թվիթերում գրել է ադրբեջանցի դիվանագետը։
Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, արդեն մոտ երեք ամիս է՝ շրջափակված է ադրբեջանցիների կողմից։ Շրջափակման պատրվակը «բնապահպանական խնդիրներն» էին՝ ադրբեջանական կողմը պահանջում էր դադարեցնել ղարաբաղյան հանքերի շահագործումը։ Բաքուն, միևնույն ժամանակ, մեղադրում է Հայաստանին միջանցքը ռազմական նպատակով օգտագործելու մեջ։ Հայկական կողմերը սա կտրականապես հերքում են։
Հայաստանը բարձրագույն մակարդակով բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղից դուրս է բերել իր բոլոր զինծառայողներին, և առաջարկել է այդ փաստը ստուգելու համար միջազգային առաքելություն գործուղել տարածաշրջան: Ադրբեջանի մեղադրանքները, իբր Հայաստանը ականապատում է իրականացնում Ղարաբաղում, պաշտոնական Երևանը մտացածին և կեղծ է որակում։
Վերջին օրերի լարվածության ֆոնին Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որում հայտարարել է՝ արցախա-ադրբեջանական վերջին շփումներից հետո Բաքուն իր խողովակներով վերջնագիր է ներկայացրել Ստեփանակերտին՝ «կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր»: Ստեփանակերտը «չի ընդունել և չի ընդունում», – նշել էր Հարությունյանը՝ զգուշացնելով․ «Նման սադրանքները շարունակվելու են»։