Ղարաբաղի նախագահի խոսքով՝ ադրբեջանական կողմն իր խողովակներով Ստեփանակերտի առջև վերջնագիր է դրել՝ «կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր»:
Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Անվտանգության խորհրդում մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական կողմի հետ մարտի մեկին կայացած հանդիպումից։ Ըստ նրա՝ քանի որ արցախյան կողմը չի ընդունել ինտեգրացիայի գնալու առաջարկը, Բաքվի ներկայացուցիչը փոխանցել է, որ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:
Այդ հանդիպմանը արցախյան կողմը գլխավորում էր Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը: «Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է քննարկել քաղաքական թեմաներ՝ օգտագործելով ինտեգրացիա բառը, սակայն պարոն Շահրամանյանը կանխել է՝ ասելով, որ եթե պետք է քննարկեն քաղաքական հարցեր, դա պետք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման թեման: Նա հավելել է, որ քաղաքական հարցերի քննարկման համար իրենք լիազորված չեն»,- ԱԽ նիստում պատմել է Հարությունյանը:
Դրանից հետո ադրբեջանական կողմը իր խողովակներով Ստեփանակերտի առջև վերջնագիր է դրել։
«Մենք չենք ընդունել և չենք ընդունում»,- հավելել է Հարությունյանը։
տե՛ս Ինչպես են արդարանում ադրբեջանցիների հետ հանդիպման համար
«Նման սադրանքները կրկնվելու են»
«Մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայենք», – զգուշացրել է Ղարաբաղի նախագահը:
Եթե կան կարծիքներ, որ պետք է ընդունել Ադրբեջանի առաջարկը, նման տեսակետ ունեցող մարդիկ, ըստ Հարությունյանի, պետք է բարձրաձայնեն այդ մասին, «փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն»:
Երեկ Ստեփանակերտը հաղորդել էր, թե ադրբեջանական դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում՝ մայրաքաղաքից քիչ հեռու, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
«Նման սադրանքները կրկնվելու են», – արդեն այսօր հայտարարել է Հարությունյանը` հորդորելով պատրաստվել երկարատև պայքարի. – «Մենք երկար ժամանակ պետք է պայքարենք, այդ պայքարի շրջանակներում լինելու են նման իրավիճակներ, պետք է դա գիտակցենք և կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք»:
Երեկվա միջադեպից հետո Ստեփանակերտը հաղորդել է երեք ոստիկանի, Բաքուն՝ երկու զինծառայողի զոհվելու մասին։ Ղարաբաղի իշխանությունները հրապարակել են դիվերսիոն հարձակման տեսանյութը, Ադրբեջանի ՊՆ-ն արդարացել է, թե հայկական կողմը զինամթերք էր տեղափոխում, իրենք փորձել են ստուգել մեքենաները», ինչի արդյունքում էլ փոխհրաձգություն է սկսվել։
Բաքուն պահանջել է անհապաղ դուրս բերել բոլոր «հայկական զինված ուժերն» Արցախից: Ադրբեջանի ԱԳՆ-ն հավելել է՝ պահանջում են դադարեցնել «Հայաստանից ապօրինի զենք-զինամթերքի, անձնակազմի և ականների տեղափոխումը»:
Հայկական կողմը այս մեղադրանքները հերքել է։ Ղարաբաղի պետնախարարը հայտարարել է, որ հարձակման ենթարկված մարդատար մեքենայում, ոստիկանների ծառայողական զենքից, որևէ այլ զենք-զինամթերք չի եղել։
Երևանը և Ստեփանակերտը հերքում են
Միջադեպից հետո Բաքուն երկու հաղորդագրություն է տարածել՝ մեղադրելով հայկական կողմերին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Երևանն ու Ստեփանակերտը հերքել են։
Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հերքել են թե երեկ և թե այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում հայկական կողմից հրադադարի խախտումների մասին Բաքվի հաղորդումը՝ այն հերթական ապատեղեկատվություն որակելով:
Միջազգային հանրությունը պետք է զսպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր հարձակումները՝ Թվիթերում գրել է Հայաստանի վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Ընդգծելով, որ Ադրբեջանի դիվերսիոն խմբի երեկվա հարձակումը վերջին նորությունը չէ, Ադրբեջանն այսօր էլ կեղծ լուրեր է տարածում Հայաստանի դիրքերից կրակոցների մասին՝ Մարուքյանը նշել է՝ Ադրբեջանը միշտ նման ստեր է տարածում նոր սադրանքի կամ հարձակման նախապատրաստվելիս։
Մոսկվան մտահոգված է
Ռուսական խաղաղապահ զորախմբի անունից նախօրեին հրապարակված հայտարարության մեջ մարդկային զոհերի հանգեցրած միջադեպի մասին հիշատակումներ առհասարակ չկային։ Արդեն այսօր Ռուսաստանի արտգործնախարարությունը իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ։ «Վերջին մի քանի օրերի ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ են գրանցվել: Մարտի 5-ին տեղի է ունեցել զինված միջադեպ, որի հետևանքով զոհեր են եղել և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից։ Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու համար», – նշել է Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը։
Այցեր Բաքու
Ղարաբաղում լարվածության ֆոնին՝ Բաքու են ժամանել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և ԱՄՆ պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։ Մինչ այդ՝ փետրվարի վերջին, Ադրբեջան էր գնացել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Անդրադառնալով երեկվա դեպքին՝ Տոյվո Կլաարը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած «մահացու միջադեպն ընդգծում է բանակցություններն առաջ մղելու հրատապությունը»: