Այսօր ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը ներթափանցել է Արցախի «Խայփալու» կոչվող տարածք (Ստեփանակերտի Կրկժան թաղամասից դեպի Լիսագոր գյուղ ընկած հատվածում) և զինված հարձակում գործել ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի ուղղությամբ, հայտնել է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը, ևս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում, իր հերթին, հաղորդել է Արցախի ներքին գործերի նախարարությունը։
Ադրբեջանական կողմը ևս հայտնել է զոհերի և վիրավորների մասին՝ առանց հստակեցնելու նրանց թիվը։ Ըստ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության՝ «հաղորդում է ստացվել Հայաստանից Լաչինին այլընտրանքաին ճանապարհով զենք-զինամթերքի տեղափոխման մասին, ինչը ադրբեջանական ստորաբաժանումները փորձել են կանգնեցնել և ստուգել մեքենաները»։
Արցախից հերքում են Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը։
«Ոստիկանության ծառայողները երթևեկում էին մարդատար մեքենայով՝ Արցախի կողմից դեպի մեր ոստիկանական կետը, մեքենայում զենք, զինամթերք կամ ռազմամթերք չի եղել ընդհանրապես», – հայտարարել է պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Արցախի ՆԳՆ ոստիկանությունն, իր հերթին, հրապարակել է ադրբեջանական հարձակման տեսանյութը Արցախի ոստիկանության անձնակազմի վրա, որտեղ հստակորեն երևում է մեքենայի շարժի ուղղությունը (Ստեփանակերտից դեպի հերթափոխի վայր`Շուշիի շրջան)։
«Տեսանյութում հստակորեն երևում է նաև ադրբեջանական զինծառայողների տեղաշարժը և այն դրվագը, թե ինչպես են մոտենում մեքենային, բացում դուռը և կրկին կրակում ու հետ փախչում», – գրել է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը:
Ավելի վաղ ոստիկանական գերատեսչությունը հրապարակել էր նաև դեպքի վայրից լուսանկարներ, ընդգծելով՝ «ադրբեջանական դիվերսիոն խումբը դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում և այնտեղից հարձակվել մեքենայի վրա»։