Home / Բանակ / Փաշինյանը գուշակեց Բաքվի ղարաբաղյան պլանները

Փաշինյանը գուշակեց Բաքվի ղարաբաղյան պլանները

Բաքվի պլանն է Լեռնային Ղարաբաղում ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ-ի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստին։ 

«Բաքվի պլանը հետևյալն է․ Լեռնային Ղարաբաղում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը և հետո կրկին մի քանի օրով բացել և այսպես այնքան մինչև վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը։ Սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է», – ընդգծել է վարչապետը։

Փաշինյանը արձանագրել է, որ եթե մինչ այս միջազգային հանրությունը  թերահավատությամբ էր վերաբերվում  Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի մտադրությունների մասին Հայաստանի իշխանությունների ահազանգերին, հիմա արդեն տեսնում են, որ այս ընկալումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով միջազգային հանրության շրջանում ավելի է ուժեղանում։

Լեռնային Ղարաբաղի հայությանն իրենց տներից արտաքսելն Ադրբեջանի միակ նպատակը չէ, հայտարարել է վարչապետը՝ նշելով, որ սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի խափանել նաև խաղաղության օրակարգը, խաղաղության բանակցային գործընթացը, և նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում։

«Մենք շարունակում ենք հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման մեր ջանքերում և որևէ սադրանքով մեզ հնարավոր պիտի չլինի շեղել այս օրակարգից», – ընդգծել է Փաշինյանը։

Վարչապետը նաև վերահաստատել է Լեռնային Ղարաբաղ ու Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը։ 

«Արդեն երկար ժամանակ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, թե Լաչինի միջանցքն ամենևին էլ փակ չէ, թե ԼՂ-ի գազամատակարարումն ու հոսանքի մատակարարումը դադարեցված չէ։ Ակնհայտորեն Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը հակառակն են պնդում: Կարծում եմ՝ հենց այս հակասությունը դե յուրե լուծելու լավագույն ձևը Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է: Եվ մենք հետևողականորեն պետք է աշխատենք այս ուղղությամբ», – ասել է Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրել է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ է արդեն 46 օր։ 

«Լեռնային Ղարաբաղի նախադպրոցական հաստատությունների շուրջ 6 հազար սաներ, հանրակրթական դպրոցների շուրջ 19 հազար աշակերտներ, բուհերի շուրջ 6800 ուսանողներ արդեն մեկ ամիս զրկված են 21-րդ դարի ամենակենսական իրավունքներից մեկից՝ կրթության իրավունքից», – հայտարարել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ Ադրբեջանը շարունակաբար կիրառում է նաև գազային ճնշման գործիքը՝ փակելով Լեռնային Ղարաբաղը սնուցող գազի խողովակը, հետո բացելով 10 տոկոսով, հետո նորից փակելով, հետո բացելով 25 տոկոսով և այսպես շարունակ։

Փաշինյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում նաև էլեկտրական հոսանքի հովհարային անջատումներ են, որովհետև Ադրբեջանը խափանել է Լեռնային Ղարաբաղը հոսանքով ապահովող գծերի աշխատանքը և բնակչությանը էլեկտրական հոսանք է մատակարարվում միայն տեղի էլեկտրակայանների արտադրական հզորությունների հաշվին, ինչը բավարար չէ։

Առաջին անհրաժեշտության ապրանքներ բնակչությանը մատակարարվում են կտրոնային համակարգով, հիշեցրել է վարչապետը։