Քրեական վարույթ է նախաձեռնվել Ֆիրդուսի փողոցում ոստիկանների կողմից բնակիչների նկատմամբ բռնություն գործադրելու առիթով:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Ա․Սաքունցը Քննչական կոմիտեին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ հունվարի 13-ին Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասում «ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրման, իրենց լիազորությունները չարաշահելով, քաղաքացիների իրավունքներին, ազատություններին ու օրինական շահերին էական վնաս պատճառող արարք կատարելու մասին»։
Հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրեսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը՝ բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով):
Հիշեցնենք՝ հունվարի 13-ին Ֆիրդուսի թաղամասում ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները ոստիկանների օգնությամբ բռնություն էին կիրառել բնակիչների նկատմամբ, քաշքշել տարեց կնոջը (ինչի հետևանքով նա ուշագնաց էր եղել), կոտրել էին բնակիչներին պատկանող պահեստների և տների դռները՝ փորձագետների մուտքն այնտեղ ապահովելու համար։
Ֆիրդուսի թաղամասը 2018 թվականին (հեղափոխությունից անմիջապես առաջ) ճանաչվել է «բացառիկ` գերակա հանրային շահ», որոշումը վերահաստատվել է նոր կառավարության օրոք։ Գերակա շահի քողի ներքո տեղի բնակիչներին որոշվել է տարհանել, իսկ թաղամասը, այդ թվում 19-20-րդ դարից ժառանգված շինությունները՝ ապամոնտաժել։ Փոխարենը որոշվել է կառուցել նոր՝ բիզնես-կենտրոնների և բնակելի շենքերի թաղամաս։