ԴԱՀԿ աշխատակիցները այսօր, կարմիր բերետավորների օգնությամբ, ներխուժել են գերակա շահ ճանաչված՝ Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի բնակիչներից մեկի տուն՝ դատաապրանքագիտական փորձաքննություն իրականացնելու։
Բնակիչները ավելի քան երեք ժամ դիմադրել են։ Ուժայինները, բիրտ ուժ կիրառելով, քաշքշելով տան տարեց կնոջն ու անչափահասին, ջարդել են դուռն ու ներս մտել։ 75-ամյա կինը վատացել է, շտապ օգնություն են կանչել։ Անչափահասի ոտքը, մոր խոսքերով, հարկադիրի աշխատակիցներից մեկը փորձել է կոտրել։
Թաղամասում դեռ չքանդված տների և պահեստների սեփականատերերը չեն հավատում անշարժ գույքի գնահատող փորձագետի օբյեկտիվությանը։ Բնակիչների մեծամասնությունը պատրաստ է ազատել տարածքը, բայց ողջամիտ փոխհատուցման դիմաց։
«Էս մարդուն [բնակիչ Ռաֆայել Սաֆարյանին] եկել են հողը գնահատել են մոտավորապես 750 դոլար՝ քառակուսի մետրը, երբ որ իրանք շենքերում վաճառում են քառակուսի մետրը 4500 դոլարով», – պարզաբանում է բնակիչ Աշոտ Քոչարյանը։
Բնակիչների խոսքերով՝ նոր իշխանությունների օրոք ոչինչ չի փոխվել իրենց հանդեպ վերաբերմունքի հարցում։
«2019 թվականին մեզ հրավիրեցին Ազգային ժողով, էնտեղ ելույթ ենք ունեցել, դրանից հետո, իբր թե, պետք է կազմակերպեին մի հատ հանձնաժողով, որտեղ ոչ մեկիս բնակիչներից չներգրավվեցին։ Ներգրավվեցին Տիգրան Ավինյանին [Երևանի փոխքաղաքապետ] ու իրենց մարդկանց, իրենք ինչ-որ որոշումներ կայացրեցին, դրանով վերջացավ», – պատմում է Աշոտը։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ավելի ուշ պարզաբանում է տարածել Ֆիրդուսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Հարկադիր կատարողը ունի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն անարգել, այդ թվում՝ բնակարանը կամ այլ շինությունը բացելու միջոցով մուտք գործելու իրավունք։ Իրեն ցույց տրված դիմադրությունը կամ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իր վրա կատարված հարձակումը կանխելու դեպքում հարկադիր կատարողն ունի ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու, իսկ նրա կյանքին կամ առողջությանն սպառնացող իրական վտանգի առկայության դեպքում՝ հրազեն գործադրելու իրավունք։ Կատարողական թերթի հիման վրա կատարման ենթակա գործողություններն արդեն ավարտվել են», – ասվում է հայտարարության մեջ։
Երևանի հնագույն թաղամասերից մեկի՝ Ֆիրդուսի քանդման ու կառուցապատման ծրագիրն ունի տարիների վաղեմություն։ Թաղամասի կառուցապատումը արտոնվել է Սերժ Սարգսյանի օրոք։
2018թ․ մարտի 22-ին՝ հեղափոխությունից անմիջապես առաջ, կայացվել է վերջնական որոշումը։ Թաղամասի նկատմամբ «ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ»։ Գերակա շահի քողի ներքո տեղի բնակիչներին որոշվել է տարհանել, իսկ թաղամասը, այդ թվում 19-20-րդ դարից ժառանգված շինությունները՝ ապամոնտաժել։ Փոխարենը որոշվել է կառուցել նոր՝ բիզնես-կենտրոնների և բնակելի շենքերի թաղամաս։ Որոշումը կայացվել է (հեղափոխությունից առաջ) և վերահաստատվել (նոր կառավարության օրոք)։
Նախագծի իրականացումը (առանց բաց մրցույթի) հանձնարարվել է Նարեկ Սարգսյանին, ով հայտնի է, օրինակ, մարդկանց ապօրինի ունեզրկման արդյունքում կառուցված Հյուսիսային պողոտայի, Հաղթանակի զբոսայգու կանաչ տարածքի հաշվին կառուցված դղյակների նախագծմամբ և համակարգմամբ։
Տես նաև՝ Ֆիրդուսի կառուցապատումը կոռուպցիա է, Հին Երևանը շարունակում են պաշտպանել «բացառիկ` գերակա» բիզնեսից