Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել Երևանի հին թաղամասերից մեկի՝ Ֆիրդուսի և «գերակա շահի»-ի քողի ներքո դրա հավանական ապամոնտաժման և վերակառուցման վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք առանց կրճատումների․
Սերժ Սարգսյանի կառավարությունը, նախորդ իշխանություններին բնորոշ ոճով, արտոնել էր Երևանի պատմական ժառանգություն հանդիսացող հնագույն թաղամասերից մեկի՝ 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի կառուցապատումը։ 2018թ․ մարտի 22-ի ՀՀ կառավարության N 332-Ն որոշմամբ «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ»: Ըստ այդ որոշման, նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երևանի կենտրոնից «կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված հին և խարխուլ շինություններով և համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի և Կենտրոն վարչական շրջանի համաձայնեցված գոտևորման նախագծի` տարածքները կհանդիսանան որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատում, ժամանակակից պահանջներին համապատասխան մայթերով և փողոցներով, ինչպես նաև առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդի կառուցում»։
Մեծ ցավով տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է նախորդ կառավարության գիծը և Ֆիրդուսի թաղամասում արդեն սկսվել են հողային և ապամոնտաժման աշխատանքները։ Ըստ հավաստի տեղեկությունների, Նարեկ Սարգսյանին է հանձնարարվել նախագծի իրականացումը։ Ինչպես հայտնի է, Նարեկ Սարգսյանը 2000-ական թվականներից սկսած նախագծել և համակարգել է վիճահարույց բազմաթիվ նախագծեր, ինչպիսիք են մարդկանց ապօրինի ունեզրկման արդյունքում կառուցված Հյուսիսային պողոտան, Հաղթանակի զբոսայգու կանաչ տարածքի հաշվին կառուցված դղյակները, նախախորհրդային Երևանի ոչնչացմամբ Գլխավոր պողոտայի կառուցապատումը և բազում այլ նախագծեր։
Ֆիրդուսի թաղամասում սկսված աշխատանքների առաջին դրսևորումն ամբողջովին կանգուն, սև տուֆե սրբատաշ քարից կառուցված Հանրապետության նրբանցք 9-րդ տան հիմնահատակ քանդումն էր՝ 19-րդ դարի վերջ – 20-րդ դարի սկիզբ թվագրվող շենքի ճակատի փլուզումը։
Քաջ ծանոթ լինելով նախորդ իշխանությունների «գերակա շահ»-ից բխող բոլոր հետևանքներին, մեծագույն վերապահումով ենք վերաբերվում նմանատիպ արատավոր ծրագրերի շարունակական իրականացմանը։ Ավելին, նման գործելաոճը ևս մեկ ամգամ անցնում է պարկեշտության և թույլատրելիի սահմանը Երևան քաղաքի ժառանգության նկատմամբ։
Կարևորելով թափանցիկությունն ու հանրային մասնակցությունը քաղաքին և նրա բնակիչներին վերաբերող կենսական որոշումների կայացման գործում, իշխանություններից պահանջում ենք․
– Հանրությանը հանգամանորեն ներկայացնել, թե ինչ ճակատագրի են արժանանալու Ֆիրդուսի թաղամասի ժառանգության շերտերը՝ ներառյալ պահպանված աղյուսե կառույցները։ Դրանց պահպանումը պետք է արտացոլված լինի նախագծի զարգացման բոլոր փուլերում։
– Հանրությանը ներկայացնել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման՝ այս պահին քննարկվող նախագիծը, համաձայն որի կատարվում են իրացման աշխատանքներն ու վաճառվում են լոտերը, նախագծի հեղինակներին, դրա ղեկավարին և այս նախագծի վերաբերյալ ամբողջ առկա տեղեկատվությունը։ Եթե ընդհանուր թաղամասի հստակ նախագիծ դեռ գոյություն չունի և կառուցապատումը նախատեսվում է իրականացնել տարերային սկզբունքով, ապա հանրայնորեն ճանաչել այդ փաստը։
– Հանրային և մասնագիտական լայն շրջանակների քննարկմանը դնել Երևան քաղաքի տարածական պլանավորման նախագծերը և ձեռնպահ մնալ կառուցապատման ծրագրերի հետագա իրականացումից՝ մինչ քաղաքի զարգացման շուրջ հանրային համաձայնության հասնելը։
Հայտարարությունը բաց է միանալու համար։ Գրել urban-yerevan@googlegroups
Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն