Ֆիրդուսի կամ 33 թաղամասի և հարակից փողոցի կառուցապատմամբ զբաղվող 17 ընկերությունների մեծ մասը փոխկապակցված է Էդուարդ Մելիքյանի հետ, որը տարիներ առաջ նույն թաղամասում կառուցապատում սկսած, ապա սնանկացած «Գլենդել Հիլզ» ընկերության գործադիր մարմի ղեկավարն է։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը Ֆիրդուսի թաղամասի իրավական գործընթացի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացրել և դրա հիման վրա՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել իրավապահ մարմիններին։
«33-րդ թաղամասի կամ Ֆիրդուսի թաղամասի հետ կապված իրավական գործընթացը սկսվել է 2006-2007 թվականներին, նաև 2008 թվականին, երբ կառավարության որոշումներով այն գերակա հանրային շահ է հռչակվել։ Տարածքը ձեռք բերող է հայտարարվել «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերությունը, որի հիմնադիրն է Էդուարդ Մելիքյանը։ Այդ գործընթացում որպես կառուցապատող ներգրավվել է բավականին տխուր հռչակ ունեցող «Գլենդել Հիլզ» կազմակերպությունը։ Ծրագիրը, փաստորեն, չի իրականացվել, այսինքն՝ գործընթացը ձախողվել է 2007-2008 թվականներին հռչակված և կնքված պայմանագրերի հիման վրա։ Ավելին՝ այս գործընթացներում որևէ ֆինանասական երաշխիքներ, որ ծրագիրը կիրականացվի, կազմակերպությունները չեն ներկայացրել», ֊ Ֆիրդուսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Հայկ Մարտիրոսյանը։
Մարտիրոսյանն ընդգծել է՝ պետությունն ակնհայտորեն փորձել է օժանդակել նրանց․ 2014 թվականին կառավարությունը երաշխավորություն է ներկայացրել, որպեսզի այդ կազմակերպությունները արտաքին վարկային ռեսուրսներ ներգրավեն։ Նրգրավվելուց հետո նույնիսկ այդ պայմանագրերը որևէ ձև չեն հրապարակվել, գաղտնի են պահվում և ծրագրը չի իրականացվում։
«Այդ ընթացքում քաղաքացիների դժգոհություններ են առաջանում, որ իրացման ծրագրում իրենց սեփականության իրավունքը խախտվել է և խոչընդոտվել են պաշտպանության մեխանիզմները։
Այս ամենից հետո 2018 թվականի մարտ ամսվա վերջին դարձյալ տարածքը հռչակվում է գերակա հանրային շահ և ձեռք բերողը ճանաչվում է «Դիանար» ընկերությունը, որի հիմնադիրը նույն Էդուարդ Մելիքյանն է՝ նախկին, արդեն չիրականացված ծրագրերով ներգրավված կազմակերպությունների հիմնադիրը, նույն «Գլենդել Հիլզ» կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը։
Այս պայմաններում՝ ցույց տալու համար, իբր մրցակցություն է տեղի ունենում տարածքների ձեռքբերման հետ կապված, «Դիանար» ընկերությունը 17 ընկերություններ է հիմնում։ Դրանց մեծ մասի հիմնադիրը նույն Էդուարդ Մելիքյանն է։
Ստացվում է, որ ձևական մրցակցություն ապահովելու փորձ է արվել՝ ցույց տալու համար, իբր թե տեսե՛ք՝ ընկերություններ են հիմնադրվել, որոնք պետք է քաղաքաշինական ծրագրեր ներկայացնեն՝ լավագույն լուծումներով տարածքը կաուցապատելու վերաբերյալ։ Այս գործընթացը, բնականաբար, իրենում պարունակում է բավականին լուրջ կոռուպցիոն ռիսկեր, որովհետև ընկերությունները, որոնք ձախողում են ծրագիրը՝ սկսած 2006-2007 թվականներից, և ներառված են կոռուպցիոն բավականին լուրջ գործընթացներում («Գլենդել Հիլզ» կազմակերպության դեպքում՝ նույնիսկ հարուցված քրեակնա գործ կա աղետի գոտու վերաբերյալ), այդ ընկերությունները և նրանց հետ փոխկախակցված ներառված են նաև այս գործընթացներում»։
Այս հանգամանքներից ելնելով՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին՝ պաշտոնատար անձանց կողմից համապատասխան գործարքների իրականացման մեխանիզմենրում չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ, եզրափակել է Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ Երևանի հնագույն թաղամասերից մեկի՝ 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի քանդման աշխատանքները սկսվել էին մոտ մեկ ամիս առաջ։ 19-րդ դարից ժառանգված շենքերից մեկը՝ «Սև շենքը», քանդվել է։ Աղյուսե շենքի քանդման աշխատանքները կանգնեցվեցին՝ տասնյակ մարդկանց ինքնաբուխ դիմադրության շնորհիվ։ Շինաշխատանքներն այժմ դադարեցվել են։
Ֆիրդուսի քանդման ու կառուցապատման ծրագիրն ունի տարիների վաղեմություն։ Թաղամասի կառուցապատումը արտոնվել է Սերժ Սարգսյանի օրոք։
2018թ․ մարտի 22-ին՝ հեղափոխությունից անմիջապես առաջ, կայացվել է վերջնական որոշումը։ Թաղամասի նկատմամբ «ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ»։ Գերակա շահի քողի ներքո տեղի բնակիչներին որոշվել է տարհանել, իսկ թաղամասը, այդ թվում 19-20-րդ դարից ժառանգված շինությունները՝ ապամոնտաժել։ Երևանի հնագույն թաղամասերից մեկի (կառավարության բնորոշմամբ՝ «հին և խարխուլ շինությունների») փոխարեն որոշվել է կառուցել նոր՝ բիզնես-կենտրոնների և բնակելի շենքերի թաղամաս։
Որոշումն կայացվել է (հեղափոխությունից առաջ) և վերահաստատվել (նոր կառավարության օրոք)։
Նախագծի իրականացումը (առանց բաց մրցույթի) հանձնարարվել է Նարեկ Սարգսյանին, ով հայտնի է, օրինակ, մարդկանց ապօրինի ունեզրկման արդյունքում կառուցված Հյուսիսային պողոտայի, Հաղթանակի զբոսայգու կանաչ տարածքի հաշվին կառուցված դղյակների նախագծմամբ և համակարգմամբ։
Ծրագրում ներգրավվել են մի շարք ընկերություններ՝ ներդրողներ և կառուցապատողներ, որոնք փոխկապակցված են Էդուարդ Մելիքյանի և տասնյակ մարդկանց ունեզրկմամբ հայտնի «Գլենդել հիլս» ընկերության հետ։ Բնակիչների մեծ մասն արդեն տարհանվել է: Մնացած մասի հետ կառուցապատողները դեռ բանակցում են, նախատեսվում է, որ փոխհատուցման շուրջ համաձայնության գալուց հետո նրանք ևս կլքեն իրենց տները։
Ֆիրդուսի պատմական շենքերի ապամոնտաժման և թաղամասի ոչնչացման դեմ հանրային համախմբումը գործադիր իշխանությանն ու կառուցապատողներին որոշակի զիջումների դրդեց։ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ «կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ ենք մտցրել կառուցապատման նախագծում»։ Որոշվել է Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանել իրենց տեղերում, վերարժևորել շենքերի ետնամասի ֆասադները և տվյալ տարածքների համար ստեղծել նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր՝ 2-4 հարկանի պատմական շենքերով, փայտե պատշգամբներով և հուշարձան շենքերի միջև 200մ հետիոտնային ճանապարհով: Փոխվարչապետը նշեց նաև, որ կառուցապատողների հետ քննարկվում է պատմական միջավայրի տարածքում՝ 2-րդ և 3-րդ հարկերում, ստեղծել մշակութային հայտնի գործիչների թանգարաններ, և վստահություն հայտնեց, որ «այս փոփոխությունները կփարատեն մտահոգությունները և Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագիրը էլ ավելի լավը ու ամբողջական կդարձնեն»։
Մտահոգությունները, սակայն, չփարատվեցին։ Կառուցապատման ծրագիրը քննադատող քաղաքացիները պնդում են՝ Ավինյանի առաջարկած փոփոխությունները զուտ կոսմետիկ բնույթ են կրում, չարաշահումներով, կոռուպցիոն ռիսկերով լի ծրագիրը, որն ամբողջապես խաթարում է Երևանի քաղաքաշինական պատկերը, ոչնչացնում պատմամշակութային միջավայրը, պետք է չեղյալ համարվի, հետագա աշխատանքները՝ քննարկվեն բաց հանրային և մասնագիտական հարթակներում։