Քանդվում է Երևանի հնագույն թաղամասերից մեկը՝ 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասը։ 19-րդ դարից ժառանգված շենքերից մեկը՝ «Սև շենքը», քանդվել է օրեր առաջ։ Հերթը «Կարմիր շենքինն» է․ քանդման աշխատանքները սկսվել էին հունիսի 10-ի առավոտյան, պետք է շարունակվեին նույն օրը երեկոյան, բայց կանգնեցվեցին՝ տասնյակ մարդկանց ինքնաբուխ դիմադրության շնորհիվ։ Շինաշխատանքներն այժմ դադարեցվել են․ հանրային բողոքը տարածվում է, գործադիր և քաղաքային իշխանությունները հապաղում են և փորձում մարել դժգոհությունները, կառուցապատողները պահանջկոտ սպասման մեջ են։
Ֆիրդուսի քանդման ու կառուցապատման ծրագիրն ունի տարիների վաղեմություն։ Թաղամասի կառուցապատումը արտոնվել է Սերժ Սարգսյանի օրոք։ 2018թ․ մարտի 22-ին՝ հեղափոխությունից անմիջապես առաջ, կայացվել է վերջնական որոշումը։ Թաղամասի նկատմամբ «ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ»։ Գերակա շահի քողի ներքո տեղի բնակիչներին որոշվել է տարհանել, իսկ թաղամասը, այդ թվում 19-20-րդ դարից ժառանգված շինությունները՝ ապամոնտաժել։ Երևանի հնագույն թաղամասերից մեկի (կառավարության բնորոշմամբ՝ «հին և խարխուլ շինությունների») փոխարեն որոշվել է կառուցել նոր՝ բիզնես-կենտրոնների և բնակելի շենքերի թաղամաս։
Պատմական ժառանգության ոչնչացումն, ըստ էության, հիմնավորվել է երկու հանգամանքով․ 1․ որ այդ ժառանգությունը ներառված չէ պահպանվող հուշարձանների ցանկում, 2․ որ այդ ժառանգությունը այլևս վերածված է ավերակների։ Ինչո՞ւ այն չի ներառվել պահպանվող հուշարձանների ցանկում կամ ինչո՞ւ է (հատուկ կամ միտումնավոր անգործությամբ) հասցվել անմխիթար վիճակի՝ հարցերը պաշտոնական պատասխան չունեն։ Կարելի է ենթադրել, որ հե՛նց քանդելու նախնական մտադրության բերումով։
Որոշումն, ամեն դեպքում, կայացվել է (հեղափոխությունից առաջ) և վերահաստատվել (նոր կառավարության օրոք)
Նախագծի իրականացումը (առանց բաց մրցույթի) հանձնարարվել է Նարեկ Սարգսյանին, ով հայտնի է, օրինակ, մարդկանց ապօրինի ունեզրկման արդյունքում կառուցված Հյուսիսային պողոտայի, Հաղթանակի զբոսայգու կանաչ տարածքի հաշվին կառուցված դղյակների նախագծմամբ և համակարգմամբ։ Ծրագրում ներգրավվել են մի շարք ընկերություններ՝ ներդրողներ և կառուցապատողներ (ներգրավված ընկերությունների ցանկը մինչ օրս հրապարակված չէ, հայտնի է միայն, որ դրանք փոխկապակցված են տասնյակ երևանցիների ունեզրկմամբ հայտնի «Գլենդել հիլս» ընկերության հետ)։ Բնակիչների մեծ մասն արդեն տարհանվել է: Մնացած մասի հետ կառուցապատողները դեռ բանակցում են, նախատեսվում է, որ փոխհատուցման շուրջ համաձայնության գալուց հետո նրանք ևս կլքեն իրենց տները։
Մինչդեռ մարդիկ համախմբվում են Ֆիրդուսի պատմական շենքերի ապամոնտաժումը և թաղամասի ոչնչացումը կանխելու շուրջ, իշխանությունները փորձում են հիմնավորել դրա անհնարինությունը։
Այսօր Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և մշակույթի, կրթության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ արտահերթ նիստ էին գումարել:
Նիստին ներկա էին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը , ԿԳՍՄ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը (հեռավար), Քաղշինպետկոմի նախագահ Արմեն Ղուլարյանը (հայտնի որպես Տավուշի նախկին ՀՀԿ-ական մարզպետ), ավագանու անդամներ, կառուցապատողների ներկայացուցիչներ, նաև քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնք այս օրերին պայքարում են թաղամասի ոչնչացման դեմ՝ ճարտարապետ Սևադա Պետրոսյանը, իրավաբան Կարապետ Բադալյանը, ռեժիսոր Սեդա Գրիգորյանը, Ֆիրդուսի մասին գրքի հեղինակ, հետազոտող Տիգրան Ամիրյանը և «Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնության անդամ Իզաբելլա Սարգսյանը
Իշխանության ներկայացուցիչները (ի դեմս Սիսեռյանի և Մեսչյանի) փորձում էին համոզել, որ ոչինչ անել այլևս հնարավոր չէ․ ներդրումներն արդեն արվել են, բնակիչները փոխհատուցվել են, կառուցապատողներն եկել են, հրաժարվել՝ նշանակում է «ընկնել դատական պրոցեսների» մեջ և կանգնել միլիոնավոր դոլարների փոխհատուցման պարտավորության առջև։ Քաղաքապետարանը, պարզվեց, քաղաքի հնագույն շենքերի ոչնչացումը կանխելու լիազորություն չունի և ոչինչ անել չի կարող։
Իրավիճակը հիշեցնում էր Ամուլսարի շուրջ քննարկումները։
Նիստին մասնակցող քաղաքացիները փորձում էին բացատրել՝ ինչու է հետհեղափոխական կառավարության քաղաքաշինական և մշակութային քաղաքականությունը՝ ի հեճուկս տրված խոստումների, հիշեցնում նախկին իշխանություններին, ինչո՞ւ բիզնես-շահը հանրային շահ, առավել ևս՝ հանրային գերակա շահ համարել չի կարելի, ինչո՞ւ առաջարկված նախագիծը չպետք է իրականություն դառնա, որո՞նք են այս որոշման երկարատև քաղաքական և մշակութային հետևանքները և, ի վերջո, ինչո՞ւ կառավարության հիմնավորումները չեն արդարացնում տեղի ունեցող պրոցեսները և չեն կարող համարվել բավարար։
[Իզաբելլա Սարգսյանի կարճ ելույթը՝ այստեղ, Սևադա Պետրոսյանինը՝ այստեղ, Սեդա Գրիգորյանինն՝ այստեղ, Տիգրան Ամիրյանինը՝ այստեղ, Կարապետ Բադալյինն՝ այստեղ]։
Ավագանու անդամներից՝ Գրիգոր Երիցյանը [ելույթը՝ այստեղ], Գայանե Մելքոմ Մելքոմյանը, Լևոն Զաքարյանը նրանց հետ մեծ մասամբ համակարծիք էին։
Ավագանու նիստին զուգահեռ քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ցույց էր ընթանում․ «Հեղափոխ(վ)եք», «Ֆիրդուսը վեր է ձեր՝ կապիտալիզմի շահերից», «Մեզ թողեք մեր ավերակները», «Չեղարկել Տարոնի որոշումը, Ֆիրդուսը հուշարձանների ցանկ մտցնել ամբողջությամբ» պաստառներով մարդիկ եկել էին զորակցելու նիստին մասնակցող ընկերներին։
Նիստը ավարտվեց ոչ ոքի։ Արդյո՞ք այն կազդի որոշումների վերանայման վրա՝ հայտնի չէ։