Թեև կենսաթոշակային հիմնադրամները չեն կարող սեռային հիմքով խտրականություն դրսևորել, հաշվարկման որոշ չափորոշիչներ կարող են կանանց անբարենպաստ վիճակում դնել տղամարդկանց համեմատ:
Գենդերային կենսաթոշակային խզվածքը տղամարդկանց և կանանց կողմից ստացված թոշակների միջև տարբերությունն է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխարհի տարբեր երկրներում այս խզվածքը կարող է հասնել ընդհուպ մինչև 50%-ի։ Օրինակ, Մեծ Բրիտանիայի նման հարուստ երկրում տղամարդկանց կենսաթոշակը մոտ 38%-ով ավել է կանանց կենսաթոշակներից։
Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչը Հայաստանում գործում է 2011 թվականից։ Մինչև 2014-ը այն կամավոր էր, այսինքն՝ 16 տարին լրացած անձինք կարող էին ինքնակամ միանալ համակարգին։ 2014-ից կուտակայինը դարձավ պարտադիր 1974 թ. հետո ծնված բոլոր քաղաքացիների համար։
Այժմ կուտակային համակարգին զուգահեռ դեռ գործում է նախկին բաշխողական (կամ «սերունդների համերաշխության») համակարգը, որտեղ կենսաթոշակը ձևավորվում է բոլոր աշխատողների հարկերից, իսկ դրա չափը որոշվում է ոչ թե անձի կատարած վճարումներով, այլ աշխատանքային ստաժով։ Երեխա ունենալով կանայք կորցնում են ստաժ։
Թեև երեխայի խնամքի արձակուրդը տևում է 3 տարի, որպես աշխատանքային ստաժ հաշվարկվում է միայն առաջին 2 տարին։ Երեխաների խնամքի արձակուրդում կինը կարող է ստանալ առավելագույնը 6 տարվա աշխատանքային ստաժ․ այսինքն՝ եթե նույնսիկ նա 3-ից ավել երեխա ունենա և խնամի, ստանալու է առավելագույնը 6 տարվա ստաժ։
Կուտակային համակարգում ամեն ինչ մի փոքր այլ է։ Այստեղ կենսաթոշակը կուտակվում է աշխատավարձից պահումների միջոցով՝ անկախ աշխատավորի ստաժից։ 2011-2014 թթ․ համակարգը այնպիսին էր, որ եթե քաղաքացին չի ստանում բազային եկամուտ, նա չի կուտակում նաև կենսաթոշակ։ Նման ժամանակահատված կարող է համարվել ոչ միայն գործազրկությունը, այլև ուսումնառությունը, պարտադիր զինվորական ծառայությունը, (մինչև երեք տարեկան) երեխայի խնամքի արձակուրդը։
2014 թ. օրենքում փոփոխություններ կատարվեցին։ Այժմ երեխայի խնամքի արձակուրդի առաջին երկու տարիների ընթացքում գործատուն և պետությունը կուտակային ֆոնդ են մուծում ամսական համապատասխանաբար 3 և 5 հազար դրամ։ Այպիսով, հատկացված արձակուրդի երեք տարիների ընթացքում կինը կուտակում է 192 հազար դրամ։ Եթե նա շարունակեր աշխատել՝ թեկուզ միջին աշխատավարձով, կկուտակեր 4 անգամ ավել՝ մոտ 810 հազար։
Այս անհամաչափությունը պետությունը բացատրում է նրանով, որ դեկրետի (հղիության և ծննդաբերության արձակուրդ՝ առավելագույնը 140 օրացուցային օր) ընթացքում կինը ստանում է մայրության նպաստ։
Ծննդյան միանվագ նպաստը և դեկրետի ընթացքում վճարվող մասնակի աշխատավարձը մի կողմից ներկայացվում են որպես ծնելիությունը խրախուսող հատուկ միջոցներ, մյուս կողմից՝ դրանցով է արդարացվում աշխատող կանանց կեսաթոշակային ֆոնդի փաստացի կրճատումը։
Կենսաթոշակի գենդերային խզվածքին նպաստող էական հանգամանքներից են նաև աշխատավարձերի գենդերային խզվածքը և աշխատաշուկայում անհավասարության տարբեր դրսևորումները՝ մեկնաբանում է իրավապաշտպան Անահիտ Սիմոնյանը․
«Կուտակային կենսաթոշակը կախված է եկամուտներից։ Հաշվի առնելով, որ վարձատրության գենդերային խզվածքը էական է Հայաստանում, և ելնելով կուտակային համակարգի տրամաբանությունից, սա անխուսափելիորեն հանգեցնելու է նաև կենսաթոշակի գենդերային խզվածքին։
Դրանից բացի, հասարակությունում առկա կարծրատիպերի, «աշխատանք կամ ընտանիք» երկընտրանքի, ինչպես նաև աշխատանքային հարաբերություններում խտրականությունից պաշտպանվելու մեխանզիմների անբավարարության հետևանքով, կանայք հաճախ դուրս են մնում աշխատաշուկայից կամ չեն կարողանում լիարժեք ինքնառելիազացվել աշխատաշուկայում։ Այսինքն, ներգրավվում են ավելի ճկուն գրաֆիկով, կեսդրույքային ծանրաբեռնվածության հնարավորություն տրամադրող, սակայն ավելի ցածր աշխատավարձով աշխատանքներում, ինչի հետևանքով տարիների ընթացքում նաև ավելի քիչ կենսաթոշակ են կուտակելու»։
ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի և Հայաստանի վիճակագրության կոմիտեի 2020 թ․ հետազոտության համաձայն՝ Հայաստանում ժամային վարձատրության ճշգրտված գենդերային խզվածքը գնահատվում է 28.4%: Բացի այդ, Հայաստանում կանայք ավելի քիչ ժամեր են աշխատում (14,3%-ով քիչ, քան տղամարդիկ), հետևաբար՝ ավելի քիչ են վարձատրվում, քան տղամարդիկ և քիչ են կուտակում կենսաթոշակի համար։
Կարելի է քննարկել նաև պրոդուկտիվ՝ արտադրողական և ռեպրոդուկտիվ՝ վերարտադրողական աշխատանքի խնդիրը։
Իրավաբան Նվարդ Փիլիպոսյանը ընդգծում է՝ կանայք անհամեմատ ավելի շատ են զբաղվում չվարձատրվող ռեպրոդուկտիվ աշխատանքով՝ տնային գործեր, երեխաների, տարեցների, հիվանդների խնամք և այլն։ Սա ևս ազդում է կուտակային կեսաթոշակների վրա․
«Տնային աշխատանքի դիմաց նրանք չեն վարձատրվում, բնականաբար դա նաև չի հաշվարկվում որպես կենսաթոշակի կոմպոնենտ։ Сare economy-ն մեզ մոտ ոչ մի ձև գրանցված չէ, այն, որպես այդպիսին, աշխատանք չի էլ համարվում։
Մյուս կողմից՝ կա չգրանցված աշխատանքի խնդիրը։ Իհարկե, ես չեմ կարող պնդել, որ կանայք ավելի շատ են չգրանցված աշխատում, քան տղամարդիկ։ Կան ոլորտներ, օրինակ՝ բանվորականը, որտեղ տղամարդիկ անհամեմատ ավելի շատ են ներգրավված․ այդ աշխատանքը շատ դեպքերում չգրանցված է լինում։ Կանանց մասով՝ օրինակ, դայակի, ուսուցչի, ռեպիտիտորների և այլն աշխատանքները ևս որպես կանոն չեն գրանցվում։ Հետևաբար՝ կենսաթոշակային կուտակումներ չեն արվում։
Կարևոր է հասկանալ նաև, թե որ ոլորտներում են ավելի շատ կանայք ներգրավված և որ ոլորտներում՝ տղամարդիկ, համեմատել նրանց վարձատրությունները ըստ ոլորտների։ Այսինքն, էդ սկզբունքը, որ կա՝ նույնանման աշխատանքի դիմաց համարժեք վարձատրություն, ենթադրում է ոչ թե նույն աշխատանքը, այլ նույնանման աշխատանքը։ Օրինակ՝ բանվորների ու մաքրուհիների աշխատանքը․ իրենք նույնանման աշխատանք են կատարում, որովհետև երկուսն էլ չեն պահանջում մեծ կրթական ցենզ, բայց պահանջում են ֆիզիկական ծանրաբեռնվածություն։ Միջազգային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ երկրներում տղամարդկանց ֆիզիկական աշխատանքը ավելի բարձր է վարձատրվում, քան կանանցը»։
Ըստ Կենտրոնական բանկի՝ 2022 թ․ սեպտեմբերի դրությամբ կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների քանակը 731,766 է, որից մոտ 49%-ը՝ 360,419-ը, կանայք են (կանայք ՀՀ բնակչության մոտ 53%-ն են կազմում)։ Նույն աղբյուրի համաձայն, կանանց կուտակումները 8%-ով քիչ են տղամարդկանց կուտակումներից։
Ստացվում է, որ թե՛ բաշխողական կենսաթոշակային համակարգը, թե՛ կուտակայինը համաչափ սոցիալական ապահովություն չեն երաշխավորում։ Եթե առաջին դեպքում խնդիրը երեխայի խնամքի արձակուրդի չհաշվարկվող տարիներն էին և չվճարվող վերարտադրողական աշխատանքը, երկրորդ դեպքում գումարվում է նաև աշխատավարձի խզվածքի, խնամքի արձակուրդում գործատուի և պետության չնչին փոխհատուցումների, չվճարվող ռեպրոդուկտիվ աշխատանքի խնդիրը։
Հնարավոր չէ հստակ ասել, թե 2036 թվականին, երբ կուտակային ֆոնդի մասնակիցները առաջին անգամ ստանան իրենց կենսաթոշակները, որքան է լինելու այդ խզվածքը։ Առկա թվերը, այնուամենայնվ, քիչ թե շատ ուրվագծում են ապագան։
Տարեց կանայք պետք է ունենան ռեսուրսներ՝ ինքնուրույն հոգալու իրենց սոցիալական կարիքները, նրանք չպետք է մնան անապահովության նպաստի հույսին և չպետք է պատժվեն իրենց կատարած երկարամյա չվարձատրվող աշխատանքի համար։
Հ․Գ․ հունվարի մեկից ուժի մեջ մտնող նոր կարգավորման համաձայն, պետությունը մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ է տրամադրվելու բոլորին՝ անկախ գյուղաբնակ կամ քաղաքաբնակ լինելու հանգամանքից։ Ընդ որում, խնամքի նպաստ են ստանում նաև այն մայրերը, ովքեր չեն օգտվում խնամքի արձակուրդից և դուրս են գալիս աշխատանքի։ Խնամքի արձագուրդում գտնվող մայրերի նպաստը կազմում է 37500 դրամ, մնացած բոլոր դեպքերում՝ 31600 դրամ։
Անի Թադևոսյան