ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսայանն (Քեթրինի Միհրան) իր անձնական թիկնապահին ու վարորդին պաշտոնների է նշանակել ԴԱՀԿ-ում, սակայն նրանց հանձնարարել է օրենքով սահմանված իրենց լիազորությունների իրականացման փոխարեն ապահովել իր անձնական անվտանգությունը: Նրանք փաստացի չեն աշխատել, բայց Պողոսյանի հանձնարարությամբ ստացել են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:
2008-2016 թվականներին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանիի անվտանգության աշխատակից Է.Ս.-ի և վարորդ Հ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Պողոսյանը իր անձնական թիկնապահ Է.Ս.-ին (2008 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի ապրիլ) նշանակել է Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատու, իսկ անձնական վարորդ Հ.Բ.-ին (2009 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2016 թվականի ապրիլ)՝ նույն բաժնի առաջատար խորհրդատու, սակայն նրանց հանձնարարել է օրենքով սահմանված իրենց լիազորությունների իրականացման փոխարեն՝ ապահովել իր անձնական անվտանգությունը:
Այնուհետև, Է.Ս.-ն և Հ.Բ.-ն՝ որպես անվտանգության աշխատակից և վարորդ, մշտապես ուղեկցել են Պողոսյանին, կատարել նրա անձնական բնույթի հանձնարարությունները: Այսպիսով, նրանք՝ որպես ԴԱՀԿ ապահովող ծառայության օպերատիվ բաժնի աշխատակիցներ, փաստացի աշխատանքի չեն հաճախել, սակայն ՀՀ պետական բյուջեի միջոցներից, ինչպես նաև գլխավոր հարկադիր կատարողի տնօրինման տակ գտնվող՝ ԴԱՀԿ ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցներից, Պողոսյանի հանձնարարությամբ ստացել են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:
Արդյունքում, գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից Է.Ս.-ի դեպքում հափշտակել է ընդհանուր 22 մլն 117 հազար 820 դրամ առանձնապես խոշոր չափերով գումար, իսկ Հ.Բ.-ի դեպքում՝ 21 մլն 754 հազար 643 դրամ:
2022 թվականի դեկտեմբերի 22-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին կայացված որոշումները մեղադրանք ներկայացնելու նպատակով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Հիշեցնենք՝ 2018-ից հետո Միհրան Պողոսյանի նկատմամբ մի քանի քրեական գործ է հարուցվել (հայտնի Պանամայի օֆշորի, նաև՝ առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փողերի լվացման և այլնի համար)։ Պողոսյանը արդեն ավելի քան 3 տարի է թաքնվում է Ռուսաստանում քրեական հետապնդումից։
2022 թվականի մայիսի 20-ին Միհրան Պողոսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ այն բանի համար, որ զբաղեցնելով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, հինգ առանձին դեպքերում վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույք, չարաշահել, ինչպես նաև անցել է իր պաշտոնեական լիազորությունները, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ, և օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: Արդյունքում, Պողոսյանը պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված ընդհանուր՝ 40 մլն 746 հազար 500 դրամ առանձնապես խոշոր չափերով գումարը:
Բացի այդ, Պողոսյանը Արդարադատութան նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայությունում իր մտերիմներին նշանակել է տարբեր պաշտոնների: Նրանք չեն հաճախել աշխատանքի, չեն կատարել իրենց գործառութային պարտականությունները, սակայն նրանց անվամբ հաշվարկվել և պետական բյուջեի միջոցներից վճարվել է առանձնապես խոշոր չափերի՝ 59 մլն 39 հազար 668 դրամ:
Միհրան Պողոսյանը թաքցրել է նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանն իր մասնակցության արդյունքում ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 568 մլն 830 հազար դրամին համարժեք 1 մլն 190 հազար ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը՝ այդպիսով օրինականացնելով այն: