ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու (11 համար), ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի(Քեթրինի Միհրան) գրանցումը:
Այս տարվա մայիսի 18-ին Պողոսյանի լիազորված անձ Նորայր Հարությունյանը դիմել էր Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ Միհրան Պողոսյանին վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու խնդրով: Դիմումին կցված էր եղել Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի 2020 թվականի հուլիսի 11-ի հրամանը՝ Միհրան Պողոսյանին առկա ուսուցմամբ մագիստրատուրայի առաջին կուրս ընդունելու մասին:
Ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ քաղաքացին վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվող չի համարվում, եթե լիազոր մարմնին դիմում տալու օրվան նախորդող 1.461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել է Հայաստանից: Նույն նորմով սահմանված է, որ երկրից բացակայությունը կարող է հարգելի համարվել երկու հիմք, որոնցից մեկը օտարերկրյա ԲՈՒՀ-ում սովորելն է։ Ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ Պողոսյանը դիմում տալու օրվան նախորդող 1.461 օրերից 753 օր բացակայել էր Հայաստանից, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետը գերազանցվել էր 22 օրով և նրան մերժվել էր տեղեկանք տրամադրել։
Այս տարվա մայիսի 20-ին արդեն ներկայացվել է Պողոսյանի լիազորված անձի երկրորդ դիմումը, որին կցված է եղել մոսկովյան նույն համալսարանի մեկ այլ հրաման՝ Պողոսյանին այնտեղ նախապատրաստական դասերի ընդունելու մասին։ Մայիսի 25-ին Ոստիկանությունը հարցում է ուղարկել համալսարան՝ պարզելու փաստաթղթերի իսկությունը։ Պողոսյանի լիազորված անձը այդ ընթացքում տեղեկանքի տրամադրման պահանջով դիմել է դատարան։ Վերջինս բավարարել է հայցը։
Ավելի ուշ Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանը տեղեկացրել է, որ Պողոսյանն այնըեղ չի սովորում և ոչ մի նախապատրաստական դասընթացի էլ չի մասնակցել։ Նույն օրն այս մասին տեղեկացվել է ԿԸՀ-ն և Պողոսյանի ներկայացուցիչը, որը ոստիկանություն է ներկայացրել տեղեկանքի երրորդ դիմումը, կցելով Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտից տրված տեղեկանք, ըստ որի Միհրան Պողոսյանը . ընդգրկված է եղել նշված հաստատությունում կազմակերպված «Մարդկային կապիտալի կառավարում» ծրագրով նախապատրաստական դասընթացներին:
Փաստաթուղթ կեղծելու դեպքի առթիվ «Անկախ դիտորդ» դաշինքը, հիշեցնենք, ավելի վաղ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։