Վաշինգտոնը Կիևին է տրամադրել օգնության նոր՝ 2 միլիարդ դոլարանոց փաթեթ, որը ներառում է գերժամանակակից Patriot զենիթահրթիռային համակարգ (մեկ հրթիռը մոտ 3 միլիոն դոլար արժե)։ Ուկրաինայում Արևմուտքը ստեղծում է հակահթիռային (հակաօդային) պաշտպանության երկայնքաշարան համակարգ։
գնացքով, ռազմական օդանավով, Լեհաստանով՝ Վաշինգտոն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 21-ին ժամանել է Վաշինգտոն․ սա նրա առաջին արտասահմանյան այցն էր փետրվարի 24-ից ի վեր։ Մինչ այս, արտասահմանյան առաջնորդների հետ Ուկրաինայի նախագահը կա՛մ Կիևում էր հանդիպում, կա՛մ շփվում էր տեսակապի միջոցով:
Պաշտոնական այցի մասին նախօրոք չէր հայտարարվել։ Associated Press-ի տվյալներով, Զելենսկին Վաշինգտոն է տեղափոխվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդանավով՝ լեհական Ժեշուվ քաղաքից, ուր ժամանել էր գնացքով։
Ուկրաինայի դրոշ Բախմուտից
Վաշինգտոնում նա դռնփակ հանդիպում է ունեցել նախագահ Ջո Բայդենի հետ։ Համատեղ ասուլիսին Բայդենը հաստատել է՝ առաջիկայում Կիևին է փոխանցվելու աջակցության նոր փաթեթ (1.85 միլիարդ դոլար), որը ներառում է նաև Patriot ՀՕՊ համակարգեր (գերժամանակակից ՀՕՊ համակարգերի անհրաժեշտության մասին պաշտոնական Կիևը խոսում է վերջին շրջանի գրեթե բոլոր հայտարարություններում)։ Պատերազմի մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն Ուկրաինային շուրջ 18․5 միլիարդ դոլարի օգնություն էր ցուցաբերել։
Միաժամանակ, ԱՄՆ նախագահը շեշտել է՝ առաջիկայում Պուտինը զորքերը դուրս չի բերի Ուկրաինայի տարածքից, և հավելել՝ Կիևը ինքը պետք է որոշի, թե երբ է նստելու բանակցային սեղանի շուրջ։
Բայդենի հետ հանդիպումից հետո Զելենսկին 20-րոպեանոց ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե «բռնակալության դեմ այս պատերազմը» չի կարող սառեցվել կամ հետաձգվել, և ենթադրել է, որ գալիք տարին բեկումնային է լինելու։ Վերջում Զելենսկին ամերիկացի կոնգրեսականներին է փոխանցել Ուկրաինայի դրոշը՝ հուշանվեր Բախմուտում կռվող զինծառայողներից։ Նախքան Վաշինգտոն մեկնելը նա գնացել էր առաջնագիծ՝ Բախմուտ, որը վերջին շրջանի ռազմական գործողությունների ամենաթեժ կետն է։
Մոսկվայից հայտարարել են, որ Զելենսկու ամերիկյան այցից որևէ լավ բան չեն սպասում․ «Այս ամենը, անշուշտ, խորացնում է հակամարտությունը և որևէ լավ բան չի խոստանում Ուկրաինային», – հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Patriot (Phased Array Tracking Radar to Intercept on Target)
Պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինան արդեն իսկ ստացել է արևմտյան ՀՕՊ համակարգեր՝ «Սթինգեր» շարժական հրթիռներ, ավելի ժամանակակից՝ ռադիոլոկացիոն կամ ջերմային նշանառմամբ համակարգեր։ 2022-ի աշնանը Ուկրաինայի զինանոցում են հայտնվել գերմանական գերժամանակակից IRIS-T և ամերիկա-նորվեգական NASAMS համակարգերը։
Վերջին ամիսներին՝ Ուկրաինայի էներգետիկ համակարգի հոծախումբ (այդ թվում՝ օդային) հրթիռակոծությունների ֆոնին, Կիևը կոչ էր անում Արևմուտքին հե՛նց «Փեթրիոթներ» մատակարարել։
Արևմուտքում հայտարարում էին, որ Ուկրաինայում մտադիր են ստեղծել հակահթիռային պաշտպանության երկայնքաշարան համակարգ։ Այդ համակարգում, մինչ այս, բացակայում էին միայն հեռահար կոմպլեքսները և, ինչպես պնդում են փորձագետները, «Փեթրիոթը» հենց այդ բացն է լրացնելու։
Patriot ՀՕՊ համակարգերն ամենաարդյունավետն ու թանկն են համարվում։ «Փեթրիոթի» մեկ հրթիռն արժի մոտ 3 միլիոն դոլար՝ երեք անգամ ավել, քան NASAMS-ինը (National Advanced Surface-to-Air Missile System), որի երկու համակարգերն արդեն մի քանի շաբաթ է՝ աշխատում են Ուկրաինայում։
Վերջին մոդիֆիկացիայի «Patriot» PAC-3 մարտկոցը կարող է մինչև 128 հրթիռ ունենալ (յուրաքանչյուր մասում՝ 16 հրթիռ)։
Ո՛չ ամերիկացի զինվորականները, ո՛չ էլ ՆԱՏՕ անդամ մյուս պետությունների զորքերը Ուկրաինայի տարածքում չեն կարող կառավարել այդ համակարգերը, ուստի, ինչպես և մյուս արևմտյան զենքերի դեպքում, ուկրաինացի զինվորականները պետք է սովորեն օգտվել այդ համակարգերից։ «Ուսումն» իրականացվում է արտասահմանում։ Մասնագետների, օպերատորների, հրամանատարական կազմի վերապատրաստումը կարող է մի քանի ամիս տևել։ Հավանաբար, այն արդեն վաղուց սկսվել է․ ամերիկացի զինվորականները հայտարարել էին, թե հունվարից ընդլայնել են Գերմանիայում ուկրաինացի զինծառայողների վերապատրաստաման ծրագիրը։
Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ն Կիևին է փոխանցելու «Փեթրիոթ» համակարգի ընդամենը մեկ մարտկոց, որը կարող է ներառել մինչև 8 արձակման կայան, չնայած բացառված չէ, որ դրանք կարող են ավելի քիչ լինել։
աղբյուրը՝ BBC
Կոմպլեքսը իրենից ներկայացնում է մեկ ՀՕՊ համակարգ՝ կառուցված ռադարի, հրամանատարական կենտրոնի, անտենակայմային մեքենայի և էլեկտրագեներատորի շուրջ։ Այն կարող է պաշտպանել ընդամենը մեկ խոշոր օբյեկտ։
Patriot (Phased Array Tracking Radar to Intercept on Target) համակարգերը, այնուամենյանիվ, գերճշգրիտ են, ունեն բարձր մանևրունակություն և կարող են միաժամանակ մի քանի թիրախ խոցել։ Դրանք կարող են խոցել նաև բալիստիկ հրթիռները։
Բալիստիկ հրթիռները, որոնք վերջին ամիսներին ռուսական բանակն օգտագործում է ուկրաինական ենթակառուցվածքները ոչնչացնելու համար, ուկրաինական ՀՕՊ-ին գրեթե անհասանելի էին։ Դրանք բալիստիկ հետագծով վերև են բարձրանում և գրեթե ուղղաձիգ կերպով՝ հսկայական արագության վրա, խոցում են նշանակետը։
Զենքի ամերիկական արտադրողները պնդում են, որ Patriot գերժամանակակից համակարգերը բալիստիկ հրթիռները ոչնչացնում են ընդհուպ մինչև 20 կմ բարձրության վրա։
Վերջին մոդիֆիկացիան՝ PAC-3-ը, կարող է խոցել նաև «Իսկանդեր»-ները (ռուսական բալիստիկ հրթիռներ), «Կինժալ»-ները (գերձայնային ավիացիոն հրթիռներ), «Ցիրկոն»-ները (գերձայնային հականավային հրթիռներ)՝ BBC News Ուկրաինայի հետ զրույցում ասել է ուկրաինական ԳՇ-ի պետի նախկին տեղակալ Իգոր Ռոմանենկոն։
ԱՄՆ-ից բացի՝ «Փեթրիոթ» համակարգեր կան նաև Գերմանիայի, Շվեդիայի, Ճապոնիայի և Քուվեյթի զինանոցներում։
Մոսկվան սպառնում է
Մոսկվան Patriot համակարգերի հնարավոր մատակարարումը սադրանք և Ուկրաինայում ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնում է որակել։
Դեռևս նոյեմբերին Ռուսաստանի ԱԽ քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը զգուշացրել էր՝ եթե ՆԱՏՕ-ն «կիևյան ֆանատիկներին» Patriot կոմպլեքսեր մատակարարի՝ նատոական անձնակազմով հանդերձ, նրանք իսկույն դառնալու են Ռուսաստանի Զինված ուժերի «օրինական թիրախը»։ «Անտանտյան իմպոտենտները սա հասկանում են», – հավելել էր ռուսաստանցի պաշտոնյան։
Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Կրեմլը կիսում է այս տեսակետը։