ՀՀԿ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) հետ փոխկապակցված Արա Հակոբյանը ԴԱՀԿ-ի աճուրդից ընդամենը 5 միլիոն դարմով ձեռք է բերել Երևանում գտնվող՝ շուրջ 1 միլիարդ դրամ արժողությամբ արտադրամաս։ Գործարքը տեղի է ունեցել Միհրան Պողոսյանի պաշտոնավարման ժամանակ։ «Հետք»-ը պարզել է գույքի օտարման ամբողջ շղթան, դերակատարներին, գույքը փաստացի ձեռք բերողին, հարկադիր աճուրդի ժամանակ իրականացված կասկածելի գործարքները։
Հետաքննությունը հրապարակվել է այսօր առավոտյան։
Ըստ «Հետք»-ի, Էրեբունի վարչական շրջանում (Այվազովսկու 14) գտնվող 4.5 հեկտար մակերեսով հողի վրա կառուցված ձավարեղենի արտադրամասի գնորդը Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված Արա Հակոբյանն է։ Դատական ակտերի հարկադիր կատարուման ծառայության (ԴԱՀԿԾ)՝ 70 անգամ կազմակերպված աճուրդում թանկարժեք գույքի գինը 200 անգամ նվազեցվել և վաճառվել է բազմաթիվ կասկածելի գործարքներով։
Օտարման՝ նախապես ծրագրված սխեմային մասնակցել են Պողոսյանի հետ կապ ունեցող տարբեր անձինք և ընկերություններ։ Միհրան Պողոսյանի ազգականի անունով գրանցված «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի տնօրենն այսօր փորձում է սեփականաշնորհել իր, այսպես ասած, ձեռքբերումը։
Արտադրամասն ու հարակից շինություններն, ըստ հետաքննության, 1999 թ.-ին հարկադիր աճուրդով գնել, ապա տարածքում բիզնես գործունեություն է ծավալել քաղաքացի Արմեն Ստամբոլցյանը։ Նրա բիզնես գործունեությանն աջակցել է ընտանիքի բարեկամ, ՌԴ-ում գործարարությամբ զբաղված Ստեփան Ասոյանը։ Մինչև 2006 թ.-ը գործարանում ալյուր է արտադրվել, տարածքի որոշ մասն էլ վարձակալությամբ է տրվել։
Արմեն Ստամբոլցյանի խոսքով, երբ 2003 թ.-ին 3000 տոննա ցորեն են ձեռք բերել (մոտ 900 հազար դոլար արժեքով) ալյուր ստանալու համար, իրավապահները սկսել են ստուգումներ իրականացնել գործարանում։ Առգրավել են փաստաթղթեր, որով խոչընդոտվել է նրանց գործունեությունը։ Ստամբոլցյանը հասկացել է, որ բիզնեսը վտանգի տակ է։ Այդ ժամանակ հայտնվում է «Ջոս» ռեստորանի նախկին սեփականատեր Մհեր Ավետիսյանը։
Վերջինս առաջարկել գնել գործարանը։ Կանխավճար է տվել՝ մեքենա և ցորեն, ապա առաջարկել գույքը գրավադնել բանկում, վարկ վերցնել, շրջանառել բիզնեսում, ապա նոր գույքի առքուվաճառք իրականացնել՝ 200 հազար դոլարով։
Արմեն Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը Մհեր Ավետիսյանի գույքերի հետ միասին Ավետիսյանի հորը պատկանող «Նոր տուն» ՍՊԸ-ի վարկի համար գրավ են դրել ղազախական կապիտալով Հայաստանում գործող «ԲՏԱ Բանկ»-ում (այժմ չի գործում, իրավահաջորդը «Հայէկոնոմբանկն» է)։ Բանկը գույքերի գրավով ՍՊԸ-ին ընդհանուր 3 միլիոն դոլար վարկ է տրամադրել։ Ընկերությունը, սակայն, չի կատարել վարկային պարտավորությունները։
Այդ ժամանակ՝ 2008 թ.-ին, Պետեկամուտների կոմիտեն է դատարան դիմել՝ «Նոր տուն» ՍՊԸ-ից 26 միլիոն դրամ չվճարած ԱԱՀ-ն և դրա նկատմամբ հաշվարկված 55 միլիոն դրամ տույժը պետբյուջե բռնագանձելու պահանջով։ Նույն տարում ՊԵԿ-ի հայցը բավարարվել է։ Բռնագանձում կատարելու համար գործն ուղարկվել է ԴԱՀԿ ծառայություն։
2010 թ.-ին «ԲՏԱ Բանկ»-ը դիմել է դատարան և պահանջել «Նոր Տուն» ՍՊԸ-ից բռնագանձել 4.7 միլիոն դոլար գումար, որից 3 միլիոն դոլարը վարկի մայր գումարն էր։ 2011 թ.-ին դատարանը բանկի հայցը բավարարել է։
Գույքի օտարումը ԴԱՀԿԾ-ի կողմից
2008-2016 թթ․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի պաշտոնավարման ժամանակ ձավարեղենի արտադրամասը կասկածելի հանգամանքներում օտարվում է Պողոսյանի հետ փոխկապակցված Արա Հակոբյանին։
ՊԵԿ-ի օգտին կայացված վճռով 2008 թ.-ի նոյեմբերին ԴԱՀԿԾ-ում սկսվել է կատարողական վարույթ՝ «Նոր տուն» ՍՊԸ-ից 82 միլիոն 839 հազար 211 դրամ չվճարված հարկերն ու տույժերը պետբյուջե բռնագանձելու համար։ Հետագայում որևէ տեղ չի հիշատակվում, թե ինչ ճակատագրի է արժանացել այս վարույթը։
Արդեն 2011 թ.-ին «ԲՏԱ Բանկ»-ի օգտին կայացված վճռով տրված կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿԾ-ն սկսել է «Նոր տուն» ՍՊԸ-ի վարկի համար գրավադրված գույքերի բռնագանձումը։
Ընդհանուր առմամբ, «ԲՏԱ Բանկ»-ում գրավադրված է եղել Երևանում գտնվող 4 գույք՝ Այվազովսկու 14 հասցեի ձավարեղենի արտադրամասը, Այգեձոր փողոցում գտնվող առանձնատունը, Չեխովի փողոցում գտնվող հասարակական շինությունը, Ծերեթելի փողոցի շենքերից մեկի բնակարանը։ Թվարկված անշարժ գույքերից ձավարեղենի արտադրամասը Արմեն Ստամբոլցյանին է պատկանել, մյուս երեքը՝ Մհեր Ավետիսյանին։
Գրավադրված գույքը գնահատելու համար 2011 թ.-ին ԴԱՀԿԾ-ն պայմանագիր է կնքել «ԱԼՏԱ վիպ» ՍՊԸ-ի հետ։
Այվազովսկու 14 հասցեի ձավարեղենի արտադրամասը գնահատվել է 1 միլիարդ 43 միլիոն 450 հազար դրամ։ Իսկ աճուրդի դնելիս մեկնարկային գինը սահմանվել է գույքի արժեքի 75 %-ի չափով՝ 782 միլիոն 587 հազար 500 դրամ։
Ձավարեղենի արտադրամասի նկարագրում նշվել է․ «Երևան, Էրեբունի համայնքի, Այվազովսկու 14 հասցեում գտնվող տարածք իր օժանադակ շինություններով (ընդհանուր մակերեսը՝ 9220 քմ), հողի նպատակային նշանակությունը բնակավայր (ընդհանուր մակերեսը՝ 4.5 հա)»։ Գույքի նկարագրում նշված է եղել նաև, որ ըստ սեփականության իրավունքի վկայագրի՝ սեփականության իրավունքը փոխանցվելու է 04.10.2005 թ.-ի 199-Ն օրենքի 23 հոդվածի պահանջների համաձայն։ Այն է՝ սեփականության իրավունքը կարող է փոխանցվել հողամասի կադաստրային արժեքը պետությանը վճարելու դեպքում։ Կադաստրի կոմիտեն այդ ժամանակ ԴԱՀԿԾ-ին հայտնել է, որ Այվազովսկու 14 հասցեի գույքի հողամասի կադաստրային արժեքը կազմում է 105 միլիոն 236 հազար 800 դրամ։ Այսինքն, աճուրդում գույքը ձեռք բերողը պարտավոր էր, բացի գույքի գնից, վճարել նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 105 մլն դրամը (արժեքը հետագայում փոփոխվում է)։
2011 թ.-ի սեպտեմբերի 13-ին ԴԱՀԿԾ-ն գրավադրված գույքերն, այդ թվում՝ ձավարեղենի արտադրամասը, որոշել է դնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի։
ԴԱՀԿԾ-ի կատարողական վարույթի գործընթացին զուգահեռ 2011 թ.-ի մայիս ամսին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվում Էրեբունու թաղապետարանի հայցը, որով թաղապետարանը պահանջել է Արմեն Ստամբոլցյանից բռնագանձել Այվազովսկու 14 հասցեի գույքահարկի պարտքը՝ 5 միլիոն 426 հազար դրամ (մի մասը տույժերն են)։
Թաղապետարանի հայցի մասին տեղեկացված լինելով՝ ԴԱՀԿԾ-ն դիմել է Էրեբունու դատարան՝ հայտնելով, որ Այվազովսկու 14 հասցեի գույքի վրա արգելանք է դրված «ԲՏԱ Բանկի» օգտին կայացված դատական վճռի հիմքով։ Միևնույն ժամանակ, ԴԱՀԿԾ-ն դատարանին խնդրել է հայտնել, թե որքան է Արմեն Ստամբոլցյանի հողի և գույքի հարկի գծով պարտքը, որպեսզի այն փոխանցվի իրավահաջորդությամբ։ Այսինքն՝ աճուրդում ով գնի գույքը, նա էլ կպարտավորվի Ստամբոլցյանի փոխարեն վճարել գույքահարկի և հողի հարկի պարտքը։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից (ԴԱՀԿԾ-ն անվանափոխվել է ՀԿԱԾ-ի) «Հետք»-ին գրավոր հայտնել են, որ Այվազովսկու 14 հասցեի գույքը 2011թ.-ի էլեկտրոնային աճուրդով փորձել են վաճառել, սակայն միայն 18-րդ աճուրդում է մասնակից եղել և հաղթել։ Հետագայում ընդհանուր 70 աճուրդ է անցկացվել։
22.04.2014 թ.-ին լոտն աճուրդով իրացվել է 199 միլիոն դրամ արժեքով։ Ըստ ՀԿԱԾ-ի՝ աճուրդի հաղթողը վճարել է ամբողջ գումարը, սակայն առքուվաճառքի պայմանագիր չի կնքել։
«Հետք»-ը պարզել է, որ աճուրդի հաղթող է ճանաչվել «Մելատրոպիկ» ՍՊԸ-ն, որի 100 % բաժնեմասն այդ ժամանակ պատկանել է Մելիտա Ղազարյանին։ Ըստ ՊԵԿ-ի 2018 թ․-ի հայտարարության, «Մելատրոպիկ» ՍՊԸ-ն փոխկապակցված է «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի հետ․ տարիներ առաջ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը նաև դրա փայատերն է եղել։ Մելիտա Ղազարյանը, համաձայն linkedin.com-ի իր էջի, մինչ օրս էլ աշխատում է «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ում։ «Քեթրին գրուպը»-ը 2006 թ.-ին հիմնադրել է ԴԱՀԿԾ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, իսկ 2008 թ.-ին դուրս է եկել սեփականատերերի ցանկից։ Այս ընկերությունը հանրությանն առավել հայտնի էր բանանի ներմուծման մենաշնորհով։
«Մելատրոպիկ» ՍՊԸ-ն 18-րդ կրկնաճուրդի միակ մասնակիցն է եղել։ Հաղթող ճանաչվելուց հետո ՍՊԸ-ն վճարել է 199 միլիոն դրամը, սակայն 8 օր անց՝ 2014 թ.-ի ապրիլի 30-ին, գրավոր դիմել է ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանին՝ խնդրելով իր վճարած գումարը վերադարձնել, քանի որ աճուրդի դրված գույքի նկարագրում առկա տվյալներն իրականությանը չեն համապատասխանել։
«Մելատրոպիկ» ընկերության՝ գույքի գնումից հրաժարվելուց հետո ԴԱՀԿԾ-ն, առանց աճուրդի դրված գույքի տվյալների ճշգրտում, չափագրում և գնահատում իրականացնելու, նորից կրկնաճուրդ է սկսել։ Այվազովսկու 14 հասցեի գույքի կադաստրային տվյալները ստուգելով՝ «Հետքը» պարզել է, որ գույքի հողատարածքի մակերեսը ոչ թե 4.5 հա է, այլ` 3.5։
Աճուրդներին զուգահեռ, 2014 թ.-ի սեպտեմբերի 2-ին Էրեբունու թաղապետարանը դիմել է դատարան՝ Արմեն Ստամբոլցյանին սնանկ ճանաչելու հայցով։ Ստամբոլցյանի սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Հովհաննես Սողոմոնյանը։
Ուշագրավ է, որ դատարանի կողմից Արմեն Ստամբոլցյանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման նախորդ օրը՝ 16.09.2014 թ.-ին, ԴԱՀԿԾ-ի իրականացրած հերթական կրկնաճուրդում Այվազովսկու 14 հասցեի գույքն իրացվել է։
27-րդ կրկնաճուրդում լոտի հաղթող է ճանաչվել «Էդշին» ՍՊԸ-ն։ Գույքն իրացվել է 85 միլիոն 729 հազար դրամ արժեքով։ «Էդշին» ՍՊԸ-ն վճարել է 85 միլիոն դրամը, սակայն Կադաստրում սեփականատիրոջ փոփոխություն տեղի չի ունեցել։ Այդ ժամանակ գույքի սեփականատեր շանուկել է մնալ Արմեն Ստամբոլցյանը, սակայն ԴԱՀԿԾ-ն դատարանին, որը քննում է գույքի սեփականատիրոջ սնանկության հարցը, չի հայտնել, որ Ստամբոլցյանի անունով այդպիսի գույք կա, որ վրան արգելանք դնի։ Փոխարենը ԴԱՀԿԾ-ն արգելանք է դրել Ստամբոլցյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Արարատի մարզի Վեդի քաղաքում գտնվող տան վրա։
Բանն այն է, որ Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործի շրջանակներում «ԲՏԱ Բանկ»-ը մորատորիում (պարտատիրոջ պահանջի բավարարման սառեցում) չտարածելու մասին դիմում չի ներկայացրել դատարան, որի պայմաններում ԴԱՀԿԾ-ն կկարողանար շարունակել Այվազովսկու 14 հասցեի գույքի հարկադիր աճուրդը։ Մորատորիում չտարածելու դիմում կարող էր ներկայացնել նաև «ԲՏԱ Բանկ»-ի իրավահաջորդ «Հայէկոնոմբանկը» (իրավահաջորդ է դարձել 2016-ին), եթե գրավի իրավունքը փոխանցված լիներ վերջինիս։ Մինչդեռ «ԲՏԱ Բանկ»-ը կոնկրետ Այվազովսկու 14 հասցեի գույքի գրավի իրավունքը չի փոխանցել «Հայէկոնոմբանկին»։
Այդպիսով, ԴԱՀԿԾ-ն դատարանից թաքցրել է այն տեղեկությունը, որ Արմեն Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանում է Այվազովսկու 14 հասցեի գույքը, և միայն Վեդի քաղաքի գույքի վրա է արգելանք դրել։
Քանի որ մի կողմից կար սնանկության գործ Արմեն Ստամբոլցյանի դեմ, իսկ մյուս կողմից չկար մորատորիումի մասին որևէ խոսք (բանկի կողմից), ԴԱՀԿԾ-ն պարտավոր էր կասեցնել իր կատարողականի վարույթը, ինչը ՀՀ օրենսդրության պահանջ է։ Նույն օրենսդրության համաձայն՝ ԴԱՀԿԾ-ն պիտի կարճեր այդ վարույթն այն բանից հետո, երբ Ստամբոլցյանը ճանաչվել է սնանկ։ Սակայն ծառայությունը նշվածներից ոչ մեկը չի արել։
2014 թ.-ի նոյեմբերի 24-ին դատարանը Արմեն Ստամբոլցյանին սնանկ է ճանաչել, սակայն վճռում բացակայել են տեղեկություններն այն մասին, որ նրան է պատկանում ձավարեղենի արտադրամասը։ Բանն այն է, որ այդ արտադրամասը պիտի օտարվեր արդեն սնանկության գործի շրջանակներում։ Այս դրվագում կասկածելի են սնանկության ժամանակավոր կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի գործողությունները, քանի որ սնանկության գործընթացը սկսվել է հենց Այվազովսկու 14 հասցեի գույքի մասով չկատարած գույքահարկի պարտավորությունների համար։ Տարօրինակ է, որ Սողոմոնյանը գործողություններ չի ձեռնարկել՝ պարզելու համար, թե ինչու է ԴԱՀԿԾ-ն թաքցրել Այվազովսկու 14 հասցեի հսկայական գույքը։
Սնանկության գործով կառավարիչը «Հետքի» հարցերին ի պատասխան առաջարկել է խոսել իր փաստաբանի հետ, որն էլ այս փուլում չցանկացավ որևէ բան ասել՝ նշելով, որ մատնանշած պատմության վերաբերյալ քրեական գործ է ընթանում։
2015 թ.-ի մարտին ԴԱՀԿԾ-ն դիմում է ստացել (1,2) աճուրդում հաղթած «Էդշին» ՍՊԸ-ի տնօրենից, որը Միհրան Պողոսյանին հայտնում է, թե աճուրդի տվյալներում չի եղել նշում այն մասին, որ աճուրդի հաղթողը պետք է վճարի նաև գույքի հողամասի՝ տվյալ պահին գործող կադաստրային արժեքը։ Մինչդեռ «Հետք»-ը պարզել է, որ էլեկտրոնային աճուրդի հայտարարության մեջ նշված է եղել, որ սեփականության իրավունքը կփոխանցվի հողի կադաստրային արժեքը (132 միլիոն դրամ) վճարելու դեպքում։
«Էդշին» ՍՊԸ-ի 2015 թ.-ի մարտի 10-ի դիմումից հետո ԴԱՀԿԾ-ն վերադարձնում է ՍՊԸ-ի վճարած 85 մլն դրամ լոտի գինը, ապա Այվազովսկու 14 հասցեի գույքը կրկին դրվել է էլեկտրոնային աճուրդի։ Զուգահեռաբար, սնանկ ճանաչված քաղաքացու սնանկության գործով կառավարիչը զբաղվել է նրան պատկանող շատ ցածր արժեք ունեցող, Վեդի քաղաքում գտնվող գույքի օտարման հարցերով։
Դժվար է պատկերացնել, թե ինչպես սնանկության կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանը կարող էր չիմանալ Այվազովսկու 14 հասցեի ձավարեղենի արտադրամասի գոյության մասին, որ միջոցներ չի ձեռնարկել դրա վրա արգելանք դնելու հարցում։
ԴԱՀԿԾ-ն շարունակել է Այվազովսկու 14 հասցեի թանկարժեք գույքի կրկնաճուրդները, որոնցից յուրաքանչյուրի չկայանալու դեպքում գինը 10 %-ով նվազել է։ Այդպես՝ մինչև 2017 թ-ը։
Սակայն մինչ այդ ևս մեկ ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել։ «Ջոսի» նախկին սեփականատեր Մհեր Ավետիսյաը (ում հոր ընկերության համար գրավադրվել էր ձավարեղենի արտադրամասը) Մոսկվայում հանդիպել է Այվազովսկու 14 հասցեի սեփականատեր Արմեն Ստամբոլցյանին և առաջարկել մի քաղաքացու լիազորագիր տալ, որը կհանի Արմեն Ստամբոլցյանի հաշիվների և գույքերի վրա ԴԱՀԿԾ-ի դրած արգելանքները։ Ստամբոլցյանը, հավատալով Մհեր Ավետիսյանին, տվել է լիազորագիրը։
Ավետիսյանը նաև Ստամբոլցյանին պատմել է, որ Երևանում Միհրան Պողոսյանի մարդիկ իրեն առևանգել են, տարել Պողոսյանի մոտ, որն էլ ասել է, թե ձավարեղենի արտադրամասն իրենցն է։
Կադաստրային գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունից «Հետքը» պարզում է, որ
2015 թ.-ին Այվազովսկու 14 հասցեի գույքի գործարքներում ներգրավվել է Միհրան Պողոսյանի ազգական Էդուարդ Հարությունյանը, որը Ծաղկաձորում գտնվող և փաստացի Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցը շահագործող «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի 100% բաժնեմասի սեփականատերն է։
Արմեն Սամբոլցյանին սնանկ ճանաչելու` դատարանի որոշումից հետո տեղի ունեցող իրավական պրոցեսներին զուգահեռ ԴԱՀԿԾ-ն կրկնաճուրդներով Այվազովսկու 14 հասցեի գույքի գինը նվազեցրել և հասցրել է 5 միլիոն 423 հազար դրամի։
70-րդ կրկնաճուրդում՝ 2016 թ-ի դեկտեմբերի 26-ին, հաղթող է ճանաչվել «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ի տնօրենը՝ Արա Հենրիկի Հակոբյանը։
Արա Հակոբյանը, չվճարելով հողի կադաստրային արժեքը, որ այդ ժամանակ կազմել է 132 միլիոն դրամ, ձեռք բերած գույքի հանդեպ չի կարողացել գրանցել սեփականության իր իրավունքը։
Քանի որ գույքի փաստացի սեփականատերը Կադաստրի տվյալներով շարունակել է մնալ Արմեն Ստմաբոլցյանը, 2018 թ.-ին սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանը սնանկության աճուրդով վաճառել է սնանկ ճանաչված քաղաքացու գույքը՝ Այվազովսկու 14 հասցեի արտադրամասը։ Աճուրդում գույքը ձեռք է բերել Այվազովսկու 14 հասցեի անմիջապես հարևանությամբ արտադրությամբ զբաղվող «Արնդանե» ՍՊԸ-ն։ Ընկերությունը սնանկության աճուրդում վճարել է 272 միլիոն դրամ գույքի արժեքը, իսկ ճշգրտումից հետո՝ նաև 103 միլիոն դրամ հողի կադաստրային արժեքը։
Գնորդ «Արնդանե» ընկերությունը մասնակցել է սնանկության գործով աճուրդին, վճարել գումարը, պայմանագիրը ներկայացրել Կադաստրի կոմիտե և ստացել սեփականության վկայական։ Որոշ ժամանակ անց Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված Արա Հակոբյանը դիմել է վարչական դատարան և վիճարկել սնանկության կառավարչի որոշումը՝ գույքն աճուրդով վաճառելու մասին, ինչպես նաև պահանջել, որ գույքի նկատմամբ գրանցվի սեփականության իր իրավունքը։
Սնանկ ճանաչված Արմեն Ստամբոլցյանի հաղորդման հիման վրա 2020-ին Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի (հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելը) հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Գործի ընթացքի վերաբերյալ գլխավոր դատախազությանն ուղղված «Հետքի» գրավոր հարցումից հետո Քննչական կոմիտեն քրգործի հարուցումից 1.5 տարի անց սկսել է ակտիվ քննչական գործություններ է կատարել։
Հիշեցնենք՝ 2018-ից հետո Միհրան Պողոսյանի նկատմամբ մի քանի քրեական գործ է հարուցվել (հայտնի Պանամայի օֆշորի, նաև՝ առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փողերի լվացման և այլնի համար)։
Հատուկ քննչական ծառայությունը նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել, դատարանն էլ բավարարել էր նրան կալանավորելու միջնորդությունը: 2019 ապրիլի 21-ին Պողոսյանը հայտնաբերվել էր Ռուսաստանի Կարելիայի Հանրապետությունում և ձերբակալվել։
2019 թվականի օգոստոսի 17-ին, սակայն, Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով արտահանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 1-ի Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:
Արտահանձնելու մասին միջնորդության մերժման կոնկրետ հիմքի վերաբերյալ հստակ տեղեկատվություններ ռուսական կողմը մինչ օրս չի ներկայացրել։