Home / Հայաստան / Լավրովը Հայաստանին խնդիրներ է խոստանում սահմանին

Լավրովը Հայաստանին խնդիրներ է խոստանում սահմանին

Չնայած ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել Եվրամիության հետ, և եթե չլինի Ադրբեջանի համաձայնությունը, ԵՄ առաքելության տեղակայումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական դիվանագիտության գործունեության 2022 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

ՀԱՊԿ VS ԵՄ

Խոսելով ՀԱՊԿ-ի մասին՝ Լավրովն անդրադարձել է Երևանում չընդունված հայտարարությանը։

«Մենք խնդիրներ ունենք Հայաստանում, որտեղ առաջ էինք տանում ՀԱՊԿ առաքելության ուղարկումը, ինչը համաձայնեցրել էինք երևանյան համաժողովի ժամանակ, բայց այդ որոշումը չընդունվեց, որովհետև ՀՀ գործընկերները պնդեցին, որ այդ փաստաթղթում պետք է Ադրբեջանի հասցեին կոշտ քննադատություն լինի», – ասել է ՌԴ արտգործնախարարը։

ՌԴ ԱԳ նախարարը, այնուամենայնիվ, ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի առաքելություն ուղարկելու համար նման հայտարարություները պարտադիր չեն։

«Մենք դեռ պատրաստ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Չնայած մենք դաշնակիցներ ենք, չնայած նրան, որ առաքելությունը պատրաստ է՝ հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ-ի հետ, որ այնտեղ քաղաքացիական դիտորդների երկարաժամկետ առաքելություն տեղակայվի։ Իհարկե, սա Հայաստանի իրավունքն է, բայց չպետք է մոռանալ, որ առաքելությունը տեղակայվելու է Ադրբեջանի սահմանին, և եթե չլինի Ադրբեջանի համաձայնությունը, առաքելության տեղակայումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Սահմանին վստահության ամրապնդման փոխարեն այն կարող է ավելորդ լարվածություն ստեղծել», – ասել է Լավրովը։

Հիշեցնենք՝ Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան առնվազն երկու տարով։ Ի տարբերություն հոկտեմբերին ուղարկված 40 հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդների 200 հոգանոց խումբը պարեկություն է անելու Հայաստանի ողջ տարածքում։

Լաչինի միջանցքի հարցը կկարգավորվի

Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչները վերջերս Լաչինի հարցով հանդիպել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Վոլկովի մասնակցությամբ, հայտարարել է Լավրովը։

«Երեկ, թե առաջին օրը կայացել է Ադրբեջանի և Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպում, որին մասնակցել է ռուսական զորակազմի հրամանատարը։ Կարծում եմ, որ հարցը առաջիկա ժամանակում կկարգավորվի», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Հիշեցնելով, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ, Սերգեյ Լավրովը պնդել է, թե ճանապարհի բացման հարցը շուտով կլուծվի։

«Ադրբեջանցիները տվյալներ են ներկայացրել, թե հայկական կողմը Լաչինի միջանցքով ականներ է տեղափոխել։ Հիմա մեր զինվորականները ուսումնասիրում են այդ տվյալները։ Մենք շատ պարզ բան ենք առաջարկել․ խաղաղապահ առաքելությունը, որը Ռուսաստանն ուղարկել է այնտեղ, եռակողմ հայտարարության համաձայն օժտված է շարժը վերահսկելու լիազորություններով։ Եվ այդ առաքելությունն ունի բոլոր հնարավորությունները ստուգելու՝ արդյոք տրանսպորտային միջոցներում արգելված, ոչ հումանիտար ու քաղաքացիական նշանակության իրեր կան», – ասել է Լավրովը։

Արդեն 38-րդ օրն է՝ Ղարաբաղը շրջափակման մեջ է։ Հոսանք չի մատակարարվում, երկրորդ օրն է՝ Ադրբեջանը խափանում է նաև գազի մատակարարումները։ Ղարաբաղյան և հայաստանյան մեքենաների համար Լաչինի միջանցքը փակ է․ խաղաղապահների տեղադրած անցակետերով պարբերաբար ռուսական բեռնատարներ են անցնում, երբեմն՝ Կարմիր Խաչի (ԿԽՄԿ) մեքենաներով տարհանում են հիվանդներին։