Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ՝ առնվազն երկու տարով:
Նախագիծն ընդունվել է դեռևս անցած շաբաթ՝ Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում, երեկ էլ հաստատվել դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում: Այս մասին հայտնում են «Ազատության» աղբյուրները։
Ի տարբերություն հոկտեմբերին ուղարկված քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ողջ տարածքում և նախորդ անգամվա նման կլինեն անզեն։
Ըստ «Ազատության» տեղեկությունների՝ նոր առաքելության կազմում կլինի մոտավորապես երկու հարյուր եվրոպացի մասնագետ:
«Նրանց առաջնահերթությունն է նպաստել, որ Հայաստանի սահմանային գոտիներում ու հակամարտությունից տուժած շրջաններում միջադեպերը նվազեն, այդ տարածքներում ապրողների համար վտանգները կրճատվեն, և դրանով իսկ նպաստավոր պայմաններ ստեղծվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար», – ասվում է հանձնախմբի եզրակացության մեջ:
Բաքուն, ի տարբերություն նախորդ առաքելության, այս մեկին հավանություն չի տվել: Ադրբեջանի նախագահը օրեր առաջ քննադատել է նախաձեռնությունն ու պնդել, թե եվրոպացիներն իրենց խաբել են:
«Մենք Պրահայում քննարկել ու համաձայնել էինք, որ այդ առաքելությունը լինելու է կարճաժամկետ, քառասուն մարդուց բաղկացած և շարունակվելու է միայն երկու ամիս: Բայց հետո, ինչ֊ինչ պատճառներով այս համաձայնությունը խախտվեց, ինչը, անշուշտ, խիստ հիասթափեցնող է: Որովհետև մենք լուրջ մարդիկ ենք, և եթե պայմանավորվել ենք, թեկուզ՝ բանավոր, պետք է խոսքը պահել: Ի՞նչ է նշանակում երկարաձգել առաքելությունը առանց մեզ հետ համաձայեցնելու, չէ՞ որ դա մեր սահմանների մոտ է լինելու», – հայտարարել է նա:
Ալիևը կասկածի տակ է դրել նաև Եվրամիության առաջարկած բանակցությունների ձևաչափը։ Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն չեղարկել էր դեկտեմբերի յոթին նախատեսված հանդիպումն ու հրաժարվել մեկ սեղանի շուրջ նստել Ֆրանսիայի նախագահի հետ:
«Այդ առաքելության գործուղումը, իհարկե, շատ տհաճ է: Դա ոչ թե կբարելավի անվտանգությունը, այլ ընդհակառակը, կխաթարի բանակցությունների ձևաչափը: Մինսկի խմբի մահվանից հետո Եվրամիությունն էր սկսել դեր խաղալ, որին ես աջակցում էի: Սակայն, եթե նման խաղեր են խաղալու մեր մեջքի ետևում, ապա այդ ձևաչափի ապագան դրվում է կասկածի տակ», – ասել է Ալիևը:
Ակնկալվում է, որ Եվրամիության դիտորդները Հայաստան կժամանեն հաջորդ ամիս, առաքելությունը կսկսվի փետրվարի 20-ից:
Եվրոպացի դիտորդների պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին սկսվել էր 2022 թվականի հոկտեմբերի 27-ին։ Երկու ամսում նրանք պետք է դիտարկեին հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակը։ Վերջում պետք է կազմվեր զեկույց (դեռ չկա – խմբ․), որը, ըստ Եվրամիության, պետք է նպաստեր վստահության ձևավորմանը և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքին։