Ֆրանսիան այլևս չի կարող մասնակցել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին՝ հայտարարել է Իլհամ Ալիևը։ Սա, ըստ Ադրբեջանի նախագահի, նշանակում է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա։
«Երեկ մեզ զանգահարել են Շառլ Միշելի գրասենյակից և փոխանցել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է այդ հանդիպմանը, եթե դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահ [Էմանուել] Մակրոնը։ Սա նշանակում է, որ այդ հանդիպումը տեղի չի ունենա», – Բաքվում գումարված «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովին հայտարարել է Իլհամ Ալիևը։
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Պրահայում՝ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ տեղի ունեցած քառակողմ բանակցությունների ընթացքում՝ հիշեցրել է Հայաստանի արտգործնախարարությունը։
«Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն։ Այն տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի», – ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Ալիևը, իր հերթին, հայտարարել է, որ Ֆրանսիան կարգավորման գործընթացին մասնակցել այլևս չի կարող․
«Ինչու՞։ Որովհետև Պրահայում տեղի ունեցած մեր հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ անց Մակրոնը հարձակվել է մեզ վրա իր հարցազրույցում՝ մեղադրելով մեզ բաների մեջ, որոնք մենք չենք արել։ Այնուհետև ընդունվել է Ֆրանսիայի Սենատի այդ բանաձևը, որը բացարձակ անընդունելի է, հետո նրանք ընդունել են նաև Ֆրանսիայի ազգային ասամբլեայի համանման բանաձևը՝ նույն հակաադրբեջանական բովանդակությամբ, և վերջապես՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մեզ թիրախավորելու փորձը․․․
․․․Հաշվի առնելով այս հանգամանքները, պարզ է՝ Ֆրանսիան չի կարող մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Մենք չենք, որ բացառել ենք նրանց, Ֆրանսիան ինքն է կտրել իրեն այդ գործընթացից։ Մինսկի խմբի մյուս անդամները՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը, նման միակողմանի քայլեր չեն արել։
Հաշվի առնելով, որ Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա, կնայենք՝ ով և որ հարթակում կարող է միջնորդ լինել հետագա բանակցություններում։
Հայաստանի վարչապետի այս որոշումը ես գնահատում եմ որպես փորձ՝ խաթարել խաղաղության գործընթացը․ նա հասկանում էր, որ այդ առաջարկը մենք չենք ընդունի։ Նման գործողություններով Հայաստանը փորձում է բանակցային գործընթացն անվերջ դարձնել։ Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի, իսկ դա նշանակում է՝ խաղաղություն չի լինի», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
«Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացը, իրականության հետ որևէ աղերս չունեն», – մեկնաբանել են Հայաստանի արտգործնախարարությունից՝ շեշտելով՝ Հայաստանը հետևում է հանդիպման շուրջ Պրահայի քառակողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությանը։