Հունվարի 12-ից Ուզբեկստանում էներգետիկ ճգնաժամ է։ Իշխանությունները պնդում են, թե անոմալ ցրտերի հետևանքով գազի ճնշման անկում է եղել, վնասվել են գազատար խողովակները, պաշարները չեն բավարարում։ Մայրաքաղաք Տաշքենդում և որոշ շրջաններում օրերով գազ ու լույս չկա։
ցուրտ ու մութ
Դեռևս դեկտեմբերի սկզբին սոցցանցերի օգտատերերն ահազանգում էին՝ ձմեռվա ցրտին բնակարանները, հիվանդանոցները, դպրոցները և մանկապարտեզները մնացել են առանց ջեռուցման, էլեկտրականության և տաք ջրի։
Օրեր անց Տաշքենդի քաղաքապետարանը հաստատեց՝ հովհարային անջատումներ են, ջերմաստիճանի կտրուկ անկման հետևանքով գազի մատակարարումները խափանվել են․ չնայած կոմունալ ծառայությունները փորձում են գազի պաշարները հնարավորինս հավասարաչափ բաշխել, ռեսուրսները չեն բավարարում։
Ճգնաժամը, ըստ չինովնիկների, անոմալ ցրտերի, գազի և էլեկտրականության սպառման կտրուկ աճի, բնական գազի դեֆիցիտի և ենթակառուցվածքների մաշվածության հետևանք է։
Պաշարները խնայելու համար իշխանությունները որոշել էին ժամանակավորապես փակել նաև տրանսպորտային միջոցների համար նախատեսված գազալցակայանները՝ բացառություն անելով միայն հանրային տրանսպորտը սպասարկողների համար։
Տեղական լրատվամիջոցները գրում էին, որ շրջաններում առանց լույսի և գազի մնացած մարդիկ հավաքվում են վարչական շենքերի մոտ, ճանապարհներ փակում։ Ամենաշատ բողոքները մայրաքաղաք Տաշքենդից, Անդիժանի, Նամանգանի, Ֆերգանայի, Սամարղանդի շրջաններից էին։
Ցուրտ-ու-մութի պայմաններում շատերը սկսել են ածուխով աշխատող տնայնագործ վառարաններ օգտագործել․ էներգետիկ ճգնաժամի ֆոնին տեղական ԶԼՄ-ները հաղորդում էին նաև հրդեհների և շմոլ գազից թունավորման դեպքերի մասին։
Հանրային դժգոհությունը զսպելու համար դեկտեմբերին ձերբակալել էին ոլորտի (միջին օղակների) պատասխանատուներից մի քանիսին։ 2022-ի տարեվերջին եղանակը տաքացել էր, իրավիճակը՝ փոքր ինչ բարելավվել։ Հունվարի 10-ից հետո՝ ջերմաստիճանի նոր անկման ֆոնին, ճգնաժամն ավելի է խորացել։
գազ կա
Երկրի վիճակագրության կոմիտեի տվյալներով, 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Ուզբեկստանը 841 միլիոն դոլարի՝ մոտ 4 միլիարդ խորանարդ մետր գազ է արտահանել։ Մեծ մասը վաճառվել է Չինաստանին։
Ռուսաստանի նախագահն ավելի վաղ Ուզբեկստանին առաջարկել էր «եռակողմ գազային միություն» ստեղծել․ 2022-ի դեկտեմբերի 8-ին Տաշքենդն այս առաջարկը մերժել է։
Գազարդյունահանող երկրի ներսում այժմ բնական գազի դեֆիցիտ է։ Երբ մայրաքաղաքն ու շրջանների մի մասը արդեն գազ ու լույս չունեին, երկրի կառավարությունը հայտարարեց, թե դադարեցնում է բնական գազի արտահանումը։
Դեկտեմբերի կեսերին Ուզբեկստանի կառավարությունը Թուրքմենստանի հետ նոր պայմանագիր ստորագրեց․ նախատեսվում են 1,5 միլիարդ խորանարդ մետր թուրքմենական գազ ներմուծել՝ ենթադրելով, որ օրական լրացուցիչ 20 միլիոն խորանարդ մետրը թույլ կտա հաղթահարել ձմեռային ճգնաժամը։
Քննարկվում է նաև արտասահմանյան ներդրումներ ներգրավվելու և պետական «ոչ արդյունավետ» ընկերությունները մասնավորեցնելու հեռանկարը։
Փորձագետներն արդեն տարիներ շարունակ ահազանգում են՝ երկրի էներգետիկ համակարգը խորը ճգնաժամի մեջ է և բարեփոխումների կարիք ունի։
Էլեկտրաէներգիայի մոտ 85 տոկոսը Ուզբեկստանում արտադրվում է բնական գազով աշխատող ՋԷԿ-երում՝ դեռևս 2021 թվականին զգուշացնում էր տնտեսագետ Աբդուլլա Աբդուկադիրովը։ Գազի արդյունահանման ծավալները տարեցտարի կրճատվում են (1991 թվականին 20 միլիոն բնակչություն ունեցող Ուզբեկստանը 62 մլրդ խորանարդ մետր գազ էր արդյունահանում, 2022-ին արդեն 36 միլիոնանոց երկիրը արդյունահանում է 52 մլրդ խ․մ․ գազ), ենթակառուցվածքները մաշված են, գազի դեֆիցիտն իսկույն հանգեցնելու է նաև էլեկտրաէներգիայի դեֆիցիտի։
իրավիճակը սրվել է
Հունվարի կեսերին իրավիճակը կրկին սրվել է։
Տաշքենդի քաղաքապետ Ջահոնգիր Արթըքխոջայևը հունվարի 12-ին հայտարարել է, որ ստիպված են փակել գազալիցքավորման կետերը․ «Քաղաքային տրանսպորտը գազից կանցնի սոլյարային յուղի։ Անհրաժեշ կլինի կտրուկ նվազեցնել սպառումը։ Բոլոր ֆաբրիկաներում, գործարաններում՝ անկախ նրանից, թե ով է սեփականատերը, գազն ու էլեկտրականությունը կանջատվեն»։
Այս հայտարարությունից 4 օր անց Արթըքխոջայևը և Ուզբեկստանի էներգետիկայի փոխնախարարը պաշտոնանկ են արվել ՝ ձմռանը վատ պատրաստվելու համար։
«Վիճակը շատ վատ է։ Շատ տարածքներում ջեռուցում, գազ չկա։ Տրանսֆորմատորներ են այրվում, մարդիկ մնացել են նաև առանց էլեկտրականության», – AteoBreaking տելեգրամյան ալիքին պատմել է Տաշքենդի բնակիչը։
Հունվարի 16-ից մայրաքաղաքի բոլոր առևտրի և սպասարկման օբյեկտները, ժամանցի վայրերն ու զբոսայգիները կրճատել են աշխատանքի ժամերը․ դրանք բաց են առավոտյան 10-ից մինչև երեկոյան 5-ը։ Իշխանությունները հայտարարել են, որ ոչ աշխատանքային ժամերին էլեկտրաէներգիայի և գազի սպառումը պետք է դադարեցվի․ տնտեսվարողները պարտավորվել են անջատել ջեռուցումն ու բոլոր տեսակի էլեկտրական սարավորումները։
Համացանցում տեսանյութեր են հայտվել, թե ինչպես են քաղաքի բնակիչները բակերում կրակ անում, որ տաքանան և սնունդ պատրաստեն։