Home / Հայաստան / Նախագահի լիազորություններ, ինքնորոշման վերացում․ Ուզբեկստանում արյունահեղություն է

Նախագահի լիազորություններ, ինքնորոշման վերացում․ Ուզբեկստանում արյունահեղություն է

Կարակալպակստանի ինքնավար հանրապետությունում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում առնվազն 18 մարդ է զոհվել, նվազագույնը 243 հոգի (այդ թվում՝ իրավապահ մարմինների 38 ծառայող) վիրավորվել են՝ հայտարարել է Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը։ Ազգային գվարդիայի տվյալներով՝ 94 հոգու վիճակը ծանր կամ ծայրահեղ ծանր է գնահատվում։ Ամենայն հավանականությամբ, իրական զոհերի թիվը շեշտակի ավել է։

Պաշտոնական Տաշքենդը Կարակալպակստանի բողոքի ցույցերը «անկարգություններ» է անվանում և սպառնում ձերբակալություններով։ Ցուցարարների հիմնական պահանջը՝ հետ կանգնել հանրապետության ինքնավարության նկատմամբ ոտնձգություններից, այնուամենայնիվ բավարարվել է․ Ուզբեկստանի նախագահն ու խորհրդարանը հայտարարել են, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթից Կարակալպակստանի կարգավիճակին վերաբերող դրույթները կհանվեն։

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ուզբեկստանի կենտրոնական իշխանությունները նախատեսում են փոխել երկրի Մայր օրենքը՝ թուլացնել Կարակալպակստանի ինքնիշխանության երաշխիքները և զրկել հանրապետությունը Ուզբեկստանի կազմից դուրս գալու իրավունքից։ Նոր սահմանադրությամբ նախատեսվում է նաև երկարաձգել նախագահի պաշտոնավարման ժամկետները (5-ի փոխարեն 7 տարի) և զրոյացնել պետության գործող ղեկավար Շավքաթ Միրզիոևի (իշխանության է եկել 2016 թվականին՝ առաջին նախագահի մահվանից հետո) նախագահական ժամկետները։

Արդեն հուլիսի 1-ին՝ տեղական ատիվիստներից մեկի կասկածելի ձերբակալությունից հետո, Կարակալպակստանի քաղաքներում՝ Չիմբայում, մայրաքաղաք Նուկուսում հազարավոր մարդիկ էին հավաքվել։ «Օզոդլիք» ռադիոկայանը (Ազատության ուզբեկական ծառայությունը) հաղորդում էր տասնյակ հազարավոր ցուցարարների մասին։ 

Տեղական իշխանությունները հայտարարել էին, թե զանգվածային ցույցերը «հանրապետությունում ընթացող բարեփոխումների խեղաթյուրված մեկնաբանության» հետևանք են։ 

Հուլիսի 2-ին Կարակալպակստանի խորհրդարանը, կառավարությունը և ներքին գործերի նախարարությունը համատեղ հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ «հանցավոր խումբը»՝ թաքնվելով «պոպուլիստական կարգախոսների» հետևում, փորձել է Կարակալպակստանի վարչական շենքերի մի ամբողջ համալիր գրավել և «պառակտել, ապակայունացնել Ուզբեկստանի հասարակական և քաղաքական իրավիճակը»․ «անկարգությունների կազմակերպիչները» ձերբակալվել են: Անուններ և թվեր չէին նշվում։

Նույնը օրը Նուկուս էր ժամանել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևը․ նա առաջարկել էր վերացնել սահմանադրական այն փոփոխությունները, որոնք վերաբերում են Կարակալպակստանի ինքնավարությանը։ Արդեն այսօր Ուզբեկստանի խորհրդարանը հայտարարել է, որ բարեփոխումների վերանայված տարբերակում Կարակալպակստանը կպահպանի իր կարգավիճակն ու իրավունքները։ Կարակալպակստանում արտակարգ դրություն էր հայտարարվել (hուլիսի 3-ից մինչև օգոստոսի 2-ը):

Ուժայինների զանգվածային բռնությունների, կիրառած անհամաչափ ուժի, սպանված և վիրավորված ցուցարարների մասին պաշտոնական հայտարարություններում ոչինչ չկար։

Համացանցում շրջանառվող տեսանյութերում մարդկանց արյունոտ և վիրավոր մարմիններ են երևում․ որոշներում լսվում են կրակոցների և պայթյունների ձայներ։ Ըստ տեղական մեդիաների՝ դրանց գերակշռող մասը մայրաքաղաք Նուկուսից է։

Տարբեր տվյալներով՝ զոհերի և բազմաթիվ վիրավորների բերած բախումները տեղի են ունեցել հուլիսի 2-ին։

«Հուլիսի 1-ին խաղաղ հանրահավաք էր։ ․․․Ավելի ուշ ցույցերին միացան նաև շրջաններից եկած մարդիկ։ Հետո զորք բերեցին Ուզբեկստանից։ Ցուցարարների դեմ ռետինե փամփուշտներ, ծխային նռնակներ, արցունքաբեր գազ էին կիրառում․․․ Մարդկանց մոտ զենք չկար։ Տեսանյութերում էլ է երևում, որ նրանք միայն քարեր ու փայտեր ունեին», – ասել է «Ազատիքի» աղբյուրը։

Համացանցում շրջանառվող տեսանյութերի համաձայն, մարդկանց շարունակել են հետապնդել նաև հուլիսի 3-ին․ ոստիկանները թաղերով վազում են քաղաքացիական հագուստով տղամարդկանց հետևից, մարդկանց տներից հանում, քաղաքացիների վրա ատրճանակ պահում, մահակներ կիրառում և այլն։


Տելեգրամ-ալիքները գրում են, որ բողոքի ցույցերը շարունակվել են նաև արտակարգ դրություն հայտարարելուց հետո․ դրանք նույնպես ճնշվել են ուժայինների կողմից։

Այս հաղորդումների զգալի մասը հնարավոր չէ ո՛չ հերքել, ո՛չ հաստատել։ 

«Бәсе» տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութում, օրինակ, Նուկուսի կենտրոնական փողոցներից մեկն է․ ասֆալտին պառկած վիրավոր տղամարդն արնահոսում է, նրա կողքին երիտասարդ տղամարդ է, փորձում է զարկերակը ստուգել։ Ֆոնին կրակոցների ձայներ են։ Երիտասարդը գոռում է․ «Այստեղ մարդ է մահանում»։ Երբ նա վեր է կենում և տեսանկարահանողի հետ միասին վազում մի կողմ, նրանց կողքով ինչ-որ արկ է թռնում, որը վայրկյաններ անց տրաքում է մոտակայքում։

Համացանցում շրջանառվող մեկ այլ տեսանյութում ոստիկանական հատուկ տեխնիկան է՝ շուրջբոլորը արյան հսկայական հետքեր։ Որոշ ԶԼՄ-ներ գրում էին, իբր ոստիկանները «ներկած» ջուր են օգտագործել։ «Հերքման» հետ լուսանկար էր տարածվում, որը, ճիշտ է, Կարակալպակստանի հետ կապ չունի․ լուսանկարում «Хищник» ջրցան մեքենան էր, որը կիրառվել էր Մինսկում՝ 2020 թվականին։

Ցուցարարների և իրավապահների միջև հուլիսի 1-ին և 2-ին տեղի ունեցած բախումների հետևանքով  շուրջ հազար մարդ է վիրավորվել՝ գրում են տեղական լրատվամիջոցները։ 500-ից ավել մարդ է բերման ենթարկել (մեծ մասը արդեն ազատ է արձակվել): Ղազախական Orda-ն՝ հղվելով Ուզբեկստանի դատախազությանը, գրել է, որ միայն հուլիսի 4-ի գիշերը Նուկուսում 110 մարդ է ձերբակալվել։ Անազատության մեջ պահվողների ընդհանուր թիվ չի նշվում։

Կարակալպակստանի կարգավիճակը

Կարակալպակստանի բնակչությունը մոտ 1․8 միլիոն է, ավելի քան կես միլիոնը՝ կարակալպակներ։ Լեզուն թյուրքական լեզուների խմբին է պատկանում, մոտ է ղազախերենին։ 

Կարա-Կալպակյան ինքնավար/ավտոնոմ մարզը ձևավորվել է 1924 թվականին, մինչև 1930-ը մտել է Ղազախստանի ԽՍՀ-ի կազմ։ Հետագայում ենթարկվել է Ռուսաստանի ԽՍՀ-ին։ 1936 թվականին Կարա-Կալպակստանը ներառվել է Ուզբեկստանի ԽՍՀ-ի կազմում։

Սովետական միության փլուզումից հետո 1992 թվականին ձևավորվել է Կարակալպակստանի Հանրապետությունը։ 1993 թվականին կնքված միջպետական պայմանագրով Կարակալպակստանի Հանրապետությունը 20 տարով մտել է Ուզբեկստանի կազմ։ Ինքնավար հանրապետության՝ հանրաքվեով անկախություն հռչակելու և Ուզբեկստանի կազմից դուրս գալու իրավունքը ամրագրվել է այս նույն պայմանագրով։