Կիևի մարզի Բրովարի քաղաքում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, ևս 25 հոգի վիրավորվել է, այդ թվում՝ 15 երեխա, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։
Ուղղաթիռի մեջ էին գտնվում Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին, նրա առաջին տեղակալն ու պետքարտուղարը։ ՆԳՆ ղեկավարությունը ուղղաթիռով գործուղվել էր «թեժ» կետերից մեկը, հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։
Ուկրաինայի ԱԻՊԾ-ին պատկանող ուղղաթիռը կործանվել է հունվարի 18-ի առավոտյան ժամը 08։20-ի սահմաններում, ենթադրաբար, մառախուղի ժամանակ այն ընկել է մանկապարտեզի և բնակելի շենքի արանքում, ինչից հետո հրդեհ է բռնկվել։
«Հզոր պայթյունից ավերվել են մանկապարտեզի տարածքը և մոտակա տներից մեկը», – ասել է Բրովարի քաղաքապետը։
Ուղղաթիռի բոլոր 9 ուղևորները մահացել են, մնացած մահացածները մանկապարտեզի աշխատակիցներից ու սաներից են, հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։
Թե ինչն է եղել վթարի պատճառը, դեռևս հայտնի չէ։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ դեռևս վաղ է խոսել վթարի պատճառների մասին։
Միաժամանակ, Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն թվարկել է դիվերսիայի, սարքավորումների անսարքություն, թռիչքների անվտանգության կանոնների խախտման վարկածները։ Ուկրաինական լրատվամիջոցները նույնպես պնդում են, որ հնարավոր վարկածների թվում է օդաչուի սխալը։
«Трибуна — Бровары» ուկրաինական լրատվամիջոցը գրում է, որ ուղղաթիռը կործանվել է մառախուղի ժամանակ. ենթադրաբար, օդաչուն չի տեսել բարձրահարկ շենքը, սկսել է բարձրանալ և կորցրել կառավարումը։
Վթարի փաստով հարուցվել է քրեական գործ։
Ուկրաինայի ՆԳ նախարար Դենիս Մոնաստիրսկին իր քաղաքական գործունեությունը սկսել էր 2019 թվականին՝ դառնալով իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր։ 2019-2021 թվականներին եղել է Գերագույն ռադայի իրավապահ մարմինների կոմիտեի նախագահ։ Ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել է 2021 թվականի հուլիսի 16-ին։