Կիևը պնդում է, որ Ուկրաինան թևակոխում է պատերազմի վճռական փուլ, և միակ նպատակը հաղթանակն է։ Երկրի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ այս տարի Ուկրաինան դաշնակիցներից այնպիսի զենք է ստանալու, որը չի հաջողվել ձեռք բերել 2022 թվականին։ Խոսքը Ֆրանսիայի կողմից խոստացված անիվավոր տանկերի ու զրահատեխնիկայի, իսկ ԱՄՆ-ից ու Գերմանիայից՝ հետևակի մարտական մեքենաների (ԲՄՊ) մասին է։ Այս կապակցությամբ իր ելույթում Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հասկացրել է, որ Միացյալ Նահանգները հանել է Կիևին հարձակողական զենք մատակարարելու (չբարձրաձայնած) արգելքը։
Ուկրաինայում սառնամանիքներ են սկսվել։ Ռազմական վերլուծաբանները զգուշացրել էին, որ հենց այսպիսի եղանակն է նպաստավոր ձմեռային հարձակումների համար: Ի՞նչը կարող է փոխել պատերազմի ընթացքը։ Ինչո՞ւ են կողմերն այդքան կատաղի պայքարում Բախմուտի համար։ Ի՞նչ պատերազմական ռազմավարություն կարող է ընտրել Ռուսաստանը նոր տարում։
Պատերազմի քարտեզը
Կարմիրով՝ ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքները, գծավոր մուգ կարմիրով՝ մինչև 2022թ․-ի փետրվարի 23-ը ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքները, գծավոր բաց կարմիրով՝ այն տարածքները, որոնք ենթարկվել են ռուսական հարձակման, բայց չեն գրավվել, կապույտով՝ ուկրաինական հակահարձակման արդյունքում հետ նվաճված տարածքները
Նոյեմբերի 11-ին Խերսոնի մարզի աջափնյա հատվածի ազատագրումից հետո առաջնագիծը Ուկրաինայում գործնականում սառել է։ Ռուսական ու ուկրաինական զորքերը հարավում բաժանում է Դնեպրը, Զապորոժիեի ուղղությամբ հրետանային մենամարտերը շարունակվում են։
Ամենակատաղի մարտերը Դոնեցկի և Լուգանսկի մարզերում են։ Ռուսական ուժերը, մասնավորապես՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկանները, առաջ են շարժվում Բախմուտի և Սոլեդարի ուղղությամբ, սակայն Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ այդ հարձակումները հաջող չեն ավարտվում։ Միաժամանակ Ուկրաինայի զինված ուժերը մոտեցել են Լուգանսկի մարզի ռազմավարական նշանակություն ունեցող Սվատովո և Կրեմեննայա քաղաքներին:
Երկու կողմից զրահատեխնիկայի արագ ճեղքումներն առայժմ կասեցվել են այս տարածաշրջանի ձմռան համար բավականին խոնավ ու փափուկ հողի պատճառով։ Սակայն հունվարի 8-ից Ուկրաինայի արևելքում սաստիկ սառնամանիքներ են սկսվել։ Կանխատեսվում է, որ գիշերը Բախմուտի մոտակայքում կլինի մինչև մինուս 15 աստիճան, իսկ Սվատովոյի մոտ՝ մինուս 14։ Սա կարող է էապես ազդել պատերազմի հետագա ընթացքի վրա։
Ձմռանը պատերազմի հիմնական տարբերությունն այն է, որ առաջնագծում զինվորներից պահանջվում է ոչ միայն որոշակի մարտավարական հմտություններ, այլև ցածր ջերմաստիճանի պայմաններում գոյատևելու կարողություն:
Նույնը վերաբերում է զենքին, հագուստին, սարքավորումներին, տեխնիկային և ընդհանրապես այն ամենին, ինչ կարևոր է պատերազմի ժամանակ։ Այս ամենը նույնպես պետք է համապատասխանեն սեզոնին: Սառնամանիքը, ձյունը և քամին նույնպես կարող են սպանել մարդուն:
Տաք հագուստը և ձմեռային այլ սարքավորումները սկսել են հայտնվել արևմտյան մատակարարումների ցուցակներում դեռևս վաղ աշնանը։ Ձմեռային համազգեստի շուրջ 500 հազար պարագաներ Ուկրաինա մատակարարվել են Բելգիայից, Կանադայից, Լիտվայից, Մեծ Բրիտանիայից և այլն։
Ռուսաստանի ներուժը սահմանափակված է լոկալ հարձակումներով
Ըստ ամերիկյան ռազմածովային վերլուծությունների կենտրոնում (CNA) Ռուսաստանի հետազոտական ծրագրի ղեկավար Մայքլ Քոֆմանի՝ ռուսական որևէ հարձակում հնարավոր է, բայց հիմնական գործոնը, որը սահմանափակում է նրա հարձակողական հնարավորությունները, հրետանային զինամթերքն է:
«Ռուսական բանակի հիմնական խնդիրն այն է, որ գարնանից մինչև հունիսի վերջ նրա հիմնական պակասը անձնակազմն էր։ Մարդիկ չէին բավականացնում, մեծ կորուստներ եղան։ Նրանք դա բալանսավորում էին հրետանի օգտագործելով։ Սա էլ իր հերթին հանգեցրեց զինամթերքի ահռելի վատնման։ Մոբիլիզացիայից հետո նրանք վերականգնեցին մարդկային ռեսուրսները, սակայն այժմ նրանք ունեն զինամթերքի խիստ սահմանափակումներ, ինչպես հրետանու, այնպես էլ բազմակի հրթիռային համակարգերի համար: Այս պատճառով է, որ ռուսական բանակը այդքան դժվարությամբ էր կռվում Սևերոդոնեցկի ու Լիսիչանսկի համար, իսկ այժմ, ինչպես ինքներդ եք տեսնում, դժվարությամբ է առաջանում Բախմուտի շրջանում և փորձում է հակահարվածներ իրականացնել Կրեմեննայա-Սվատովո գծի վրա։ Ռուսական զորքերը ունեն ներուժ, սակայն զինամթերքի պակասով պայմանավորված այն սահմանափակված է նման լոկալ հարձակումներով», – Ազատության ռուսալեզու ծառայության հետ զրույցում ասել է Քոֆմանը։
Վերջին շաբաթներին ամենակատաղի մարտերն ընթանում են Դոնեցկի մարզի արեւելքում գտնվող Բախմուտ քաղաքի շուրջ, որտեղ երկու կողմերն էլ հսկայական կորուստներ են կրում։ Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրում Բախմուտը գրավելու համար՝ հուսալով, որ դա կարող է հանգեցնել Դոնբասի երկու կարևոր քաղաքների՝ Սլավյանսկի և Կրամատորսկի անկմանը, որոնք դեռևս գտնվում են Ուկրաինայի վերահսկողության տակ: Սակայն ուկրաինական ուժերն առայժմ պահպանում են իրենց դիրքերը: Ինչու՞ է Ռուսաստանը «կառչել» Բախմուտից, ո՞րն է այս տեղանքի ռազմավարական նշանակությունը։
Բախմուտն ավելի քան 60%-ով ավերված է
«Հասկանալի է, որ Մոսկվայում հաջորդ նպատակը դրել են Դոնբասի ամբողջական գրավումը, իսկ առանց Բախմուտի Դոնբասը գրավելն անհնար է, քանի որ Բախմուտը Սլավյանսկ ու Կրամատորսկ տանող միակ ճանապարհն է։ Ռուսական ամբողջ մարտավարությունը այստեղից է գալիս․ սա առաջնագիծը Բախմուտից Սևերսկ-Լիման ուղղությամբ հարթեցնելու փորձ է։ Անկեղծ ասած, ռազմավարական տեսանկյունից այս մարտավարությունն անիմաստ է, քանի որ ռուսական բանակի զգալի մասը հիմա պարզապես փորձում է մնալ խրամատներում, որպեսզի ժամանակ շահի՝ մոբիլիզացիայի միջոցով բանակի ներուժը վերականգնելու և պահեստներից սպառազինություն ստանալու համար։ Եթե գրավեն Բախմուտը, ավելի հեռու առաջ գնալ չեն կարողանա, քանի որ Ուկրաինայի Զինված ուժերը պարզապես կնահանջեն հաջորդ պաշտպանության գիծ՝ Սլավյանսկ-Կրամատորսկի առաջնագիծ։ Ռուսական բանակը Բախմուտում մարտավարական ձեռքբերումից օպերատիվ առաջխաղացում ստեղծելու ներուժ չունի՝ հատկապես այս ուղղությամբ», – ընգծում է Քոֆմանը։
Կարո՞ղ է արդյոք ռուսական բանակը երկարաձգել պատերազմը, սառեցնել հակամարտությունը մինչև գարուն, իսկ գարնանը, գործող դիրքերից հարձակում սկսելով, հետ գրավել Դոնբասը։
«Այո, իհարկե։ Բայց դրան ունակ կլիներ այն՝ «փետրվարի 23-ի բանակը»։ Այդ բանակն այլևս չկա, այն կորցված է։ Հարցն այն է՝ ինչ կարող է անել այս ռուսական բանակը, որը նրանք փորձում են վերականգնել։ Ամենայն հավանականությամբ, այն կարող է պաշտպանվել, անցկացնել սահմանափակ հարձակումներ, փորձել հետ գրավել Դոնբասը։ Ես, իհարկե, այս հարցում նրանց համար մեծ հաջողություններ չեմ ակնկալում, բայց նրանք կարող են երկար ժամանակով ձգել պատերազմը։ Գարնան մասին չեմ խոսում, այլ առնվազն մինչև հաջորդ տարվա վերջ երկարաձգելու մասին։ Այս նոր բանակը, անշուշտ, կարող է զգալիորեն մեծացնել նոր հարձակման և տարածքների հետ նվաճման արժեքը Ուկրաինայի համար», – պարզաբանում է Քոֆմանը։
Երեք սցենար
Դժվար է կանխատեսումներ անել ավելի հեռավոր ապագայի համար, այս պատերազմում արդեն մեկ անգամ չէ, որ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք արմատապես փոխել են իրավիճակը։ Այնուամենայնիվ, Economist-ը փորձել է ուսումնասիրել երեք սցենար, թե ինչպես կարող է զարգանալ ռազմական իրավիճակը Ուկրաինայում 2023 թվականին:
Առաջին սցենարի համաձայն՝ ձմռանը առաջնագիծը կայունանում է, Ռուսաստանը կուտակում է ռեզերվներ ու գարնանը անցնում հարձակման։ Հանրապետական կոնգրեսականները արգելափակում կամ սահմանափակում են Ամերիկայից Ուկրաինա զենքի մատակարարումները, եվրոպականը վերջանում է, իսկ Ուկրաինան, կորցնելով Կրիվոյ Ռոգը, Սլավյանսկը ու Կրամատորսկը, համաձայնվում է զինադադարի։ Ռուսաստանն օգտագործում է այդ ժամանակը բանակը վերազինելու և նոր պատերազմի պատրաստվելու համար։
Երկրորդ սցենարը նախատեսում է փակուղի, երբ կողմերից ոչ մեկը չի կարող վճռորոշ հաղթանակի հասնել առաջնագծում։ Մոբիլիզացվածները լրացնում են առաջնագծի խրամատները, սակայն չեն կարողանում անցնել հարձակման, իսկ ուկրաինական բանակի առաջխաղացումը չափազանց մեծ կորուստներ արժի։ Պատերազմը սառում է երկար ամիսներով կամ նույնիսկ տարիներով։
Երրորդ սցենարը դիտարկում է ձմռանը Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հնարավորությունը, այդ թվում Լուգանսկի մարզում ռուսական պաշտպանության փլուզումը: Գարնանը ուկրաինական բանակը սկսում է շարժվել Զապորոժիեում, շրջապատում է Մարիուպոլը և մոտենում Ղրիմի սահմանին։