Նոյեմբերի 15-ին լեհական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Ուկրաինայի սահմանից շուրջ 5 կմ հեռավորության վրա գտնվող Լյուբլինի մարզի Պշևոդուվ գյուղի մոտ երկու հրթիռ է ընկնել։ Մեկը՝ տրակտորի վրա, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ։
Լեհաստանի իշխանությունները, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը, ինչպես նաև համաշխարհային առաջնորդները Բալիում անցկացվող G20-ի գագաթնաժողովում արտակարգ խորհրդակցություններ են անցկացրել միջադեպի առնչությամբ։ Ուկրաինան կարծում է, որ դեպքի պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը, որն ամբողջ օրը գնդակոծում էր ուկրաինական քաղաքները։ Մոսկվան հերքում է իր մասնակցությունը Լեհաստանում տեղի ունեցած միջադեպին։
Դեպքի առնչությամբ ՌԴ դեսպանը կանչվել է Լեհաստանի ԱԳՆ։
«2022 թվականի նոյեմբերի 15-ին ՌԴ զինված ուժերը հերթական անգամ ժամեր շարունակ զանգվածային հրթիռակոծության են ենթարկել Ուկրաինայի ողջ տարածքն ու երկրի կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտները։ Ժամը 15:40-ին Լյուբլինի վոևոդության Պշևոդուվ գյուղում ռուսական արտադրության հրթիռ է ընկել, ինչի հետևանքով մահացել է Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացի։ Այս իրադարձության կապակցությամբ արտգործնախարար Զբիգնև Ռաուն հրավիրել է ՌԴ դեսպանին ԱԳՆ և անհապաղ մանրամասն բացատրություններ պահանջել», – ասվում է Լեհաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ավելի ուշ հայտարարել է, որ երկրի իշխանությունները դեռևս չունեն ստույգ տվյալներ, թե ով է արձակել հրթիռները։
«Մենք տեղյակ ենք, որ Ռուսաստանի հրթիռային հարձակումը Ուկրաինայի վրա շարունակվել է ամբողջ օրը։ Բայց մենք չունենք ոչ մի միանշանակ ապացույց, թե ով է արձակել այդ հրթիռը։ Տարվում է հետաքննություն։ Ես հավատում եմ, որ քննիչները դա կպարզեն։ Ամենայն հավանականությամբ, դա ռուսական արտադրության հրթիռ էր։ Բայց դեռևս պարզվում է», – ասել է Դուդան նոյեմբերի 16-ի գիշերը լրագրողների հետ զրույցում։
Դուդան հավելել է, որ այսօր Լեհաստանի իշխանությունները կանցկացնեն Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ և որ Լեհաստանը բարձր պատրաստվածության վիճակի է բերել զինված ուժերը։
ԱՄՆ նախագահը «քիչ հավանական» է համարել, որ հրթիռը արձակվել է Ռուսաստանից։
«Ես չեմ ուզում դա ասել, քանի դեռ հետաքննությունն ամբողջությամբ չի ավարտվել, բայց հետագծի առումով քիչ հավանական է, որ դա արձակվել է Ռուսաստանից», – ասել է Բայդենը լրագրողներին Բալիի G20-ի գագաթնաժողովում միջադեպի առնչությամբ հրավիրված արտակարգ խորհրդակցություններից հետո։
Հրթիռը ուկրաինական արտադրության է։
Reuters-ի թղթակցին ՆԱՏՕ-ին մոտ կանգնած աղբյուրները փոխանցել են, որ Բայդենը Բալիում ընթացող գագաթնաժողովի ընթացքում Մեծ յոթնյակի պետությունների ղեկավարներին տեղեկացրել է, որ հրթիռներն ուկրաինական էին։ Ըստ աղբյուրի՝ Լեհաստանի արևելքում պայթել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգից արձակված հրթիռները։
Associated Press-ը, հղում անելով ԱՄՆ 3 պաշտոնյաների (ովքեր ցանկացել են մնալ անանուն), գրում է, որ այս փուլում Միացյալ Նահանգները կարծում է՝ հրթիռը արձակվել է ուկրաինական զորքերի կողմից, որոնք փորձել են խոցել ռուսական հրթիռ։
Ուկրաինայի նախագահի գրասենյակը պատասխանատվությունը գցել է Ռուսաստանի վրա։
«Ռուսական հրթիռները հարվածել են Լեհաստանին։ Քանի՞ անգամ է Ուկրաինան ասել, որ ահաբեկչական պետությունը չի սահմանափակվելու մեր երկրով։ Ժամանակի հարց է, թե ինչքան հեռու կգնա ռուսական ահաբեկչությունը։ Որքան երկար Ռուսաստանն իրեն անպատժելի զգա, այնքան ավելի շատ սպառնալիքներ կլինեն բոլորի նրանց, որոնց կարող են հասնել ռուսական հրթիռները: Հարվածել հրթիռներով ՆԱՏՕ-ի տարածքում։ Սա ռուսական հրթիռային հարված է հավաքական անվտանգությանը։ Սա շատ էական էսկալացիա է։ Պետք է գործել», – ասել է Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում:
ՌԴ ՊՆ-ն Լեհաստանում ռուսական հրթիռների մասին հաղորդագրություններն անվանել է «կանխամտածված սադրանք՝ իրավիճակն էսկալացնելու նպատակով»։
«Ռուսական ոչնչացման միջոցներով ուկրաինա-լեհական պետական սահմանի մոտ գտնվող թիրախներին որևէ հարված չի հասցվել։ Լեհական ԶԼՄ-ների կողմից տաք հետքերով հրապարակված բեկորները Պշևոդուվ գյուղի դեպքի վայրից որևէ առնչություն չունեն ռուսական զենքի հետ», – հայտարարել է նախարարությունը։