Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներով, հայտնում են Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։
Երմակի խոսքերով՝ հոկտեմբերի 17-ին Ուկրաինան 108 կանանց է վերադարձրել գերությունից։
«Սա առաջին ամբողջովին կին գերիների փոխանակումն էր։ Գերության մեջ էին մայրեր ու դուստրեր, որոնց սպասում էին հարազատները։ 37 տարհանված «Ազովստալից», 11 սպա, 85 շարքայիններ և սերժանտներ։ Նրանցից 35-ը՝ Ուկրաինայի Զինված ուժերից, 32-ը՝ ռազմածովային ուժերից, 12-ը՝ Տարածքային պաշտպանությունից, 8-ը՝ Ուկրաինայի ազգային գվարդիայից, այդ թվում՝ 2-ը «Ազովից», 5-ը՝ Տրանսպորտի պետական հատուկ ծառայությունից, 4-ը՝ Հարկային պետական ծառայությունից և 12-ը՝ քաղաքացիական անձիք։
Ազատ արձակվածների թվում էին Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում ապօրինաբար բանտարկված կանայք, ովքեր գերի էին ընկել մինչև լայնամասշտաբ ներխուժումը։ 2019 թվականից ի վեր մարդիկ բանտարկվում էին պսևդոհանրապատություններում «չափազանց ուկրաինամետ դիրքորոշման» համար, որն արտահայտվում էր որբ երեխաներին հումանիտար օգնություն ուղարկելով, հորինված «լրտեսության» և «ահաբեկչության» համար», – գրել է Երմակը։
Պուշիլինն, իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանը 108 զինծառայող է ուղարկել Ուկրաինա, քանի որ երկու կանայք «հրաժարվել են գնալ և որոշել են մնալ Ռուսաստանում»: Ռուսաստան է վերադարձել 110 ռազմագերի՝ 80 քաղաքացիական նավաստիներ և 30 զինծառայողներ «ԴԺՀ»-ից, «ԼԺՀ»-ից և ՌԴ-ի շրջաններից։
Հոկտեմբերի 13-ին ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտնել էր, որ ռուսական քննչական մեկուսարաններում պահվում են «Ազովի» գնդի 402 զինծառայողներ։ Նրա խոսքերով՝ «ազովականներին» տեղաբաշխել են Վոլգոգրադի, Ռոստովի, Բելգորոդի և Վորոնեժի մարզերի մասնագիտացված հաստատություններում։
Հոկտեմբերի սկզբին «Ազովի» ղեկավարի պաշտոնակատար Նիկիտա Նադտոչին և նախկին ռազմագերիներ Բոգդան Կրոտևիչը, Իվան Իգնատևը և Իլյա Սամոյլենկոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էին, որ ռուսական գերության մեջ են Մարիուպոլի շուրջ 2500 զինծառայողներ, որոնցից մոտ 700-ը՝ «ազովականներ»։
Հիշեցնենք՝ նախորդ գերիների փոխանակումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 22-ին։ Մոսկվան Կիևին էր հանձնել 215 ուկրաինացի ռազմագերիների, այդ թվում՝ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից գերեվարված «ազովականներին»։ Ուկրաինան, իր հերթին, Ռուսաստանին էր փոխանցել պրոռուսական քաղաքական գործիչ, պետական դավաճանության մեջ մեղադրվող Վիկտոր Մեդվեդչուկին և 55 զինծառայողների։