Су-34 ռազմական օդանավի կործանման հետևանքով ռուսական Եյսկ քաղաքում, ըստ պաշտոնական տվյակների, զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Ռազմական կործանիչը ընկել է բնակելի թաղամասում՝ խոցելով 9-հարկանի շենքը։ Ռուսական իշխանությունները պնդում են, որ բազմաբնակարան շենքը հրդեհվել է վառելիքի արտահոսքից։ Օդանավի կործանումը ֆիքսած տեսանյութերում, սակայն, լսվում են պայթյունների ձայներ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարում է, որ Սու-34-ը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ՝ շարժիչներից մեկի բռնկման պատճառով։ Օդաչուներին հաջողվել է փրկվել: Օդանավում զինամթերքի առկայությունը իշխանությունները հերքում են։
Պաշտոնական հաղորդումների համաձայն, բնակիչներից 19-ը հոսպիտալացվել է, 360 հոգի տարհանվել է մոտակա հյուրանոց և մանկական ճամբար։
«Որպես այդպիսին պայթյուն չի եղել»
«Ընկնելիս օդանավը հարվածել է շենքին և կործանվել, թափվել է վառելիքը։ Որպես այդպիսին պայթյուն չի եղել, որովհետև հարակից շինությունների ապակիները վնասված չեն։ Ոչ մի պայթյուն էլ չի եղել, առկա է տան վնասում, որը բնահատուկ է։ Ամեն ինչ պարզ է», – հայտարարել Ռուսաստանի ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը։
Օդանավի կործանումից հետո հրդեհվել են բազմաբնակարան շենքի երկու շքամուտքերը, ըստ ռուսական ԱԻՆ-ի՝ հրդեհից առնվազն 72 բնակարան է վնասվել։ Հրդեհն ամբողջությամբ պատել է շքամուտքերից մեկը․ մարդիկ ստիպված են եղել ցած նետվել այդ թվում նաև բարձր հարկերից։ Զոհերից առնվազն երեքը, ըստ պաշտոնական տվյալների, մահացել է ընկնելու հետևանքով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ու ԱԻՆ-ը պնդում են, որ հրդեհը բռնկվել է վառելիքի արտահոսքի պատճառով։
Զիվամթերքն ու թռիչքը
Օդանավում զինամթերք չի եղել՝ հայտարարում է նաև Կրասնոդարի երկրամասի գուբերնատոր Վենյամին Կոնդրատևը։
«Այն, որ ռազմամթերք է պայթել․․․ ինչ ասես չեն գրի ինտերնետում։ Եթե նման բան եղած լիներ, շենքի կեսը կփլվեր», – հրդեհված շենքի բնակիչներին ասել գուբերնատորը։
Հայտարարությունները, թե Су-34-ում ռազմամթերք չի եղել, կասկածի տակ է դրել Conflict Intelligence Team հետաքննող խմբի հիմնադիր Ռուսլան Լևիևը։ Հիմնվելով տեսանյութերում հնչող պայթյունների ձայների վրա՝ նա պնդում է հակառակը։ Պաշտոնյաների այս հայտարարությունները հերքում է նաև պրոկառավարական զինթղթակից, ռուսաստանցի պրոպագանդիստ Ալեքսանդր Կոցը։ Վերջինիս տեղեկություններով՝ կործանված Су-34-ը թնդանոթի մոտ արկեր էր տեղափոխում, վթարի ժամանակ լսվում է հենց այդ արկերի պայթյունի ձայնը։
Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, թե Су-34 վթարի է ենթարկվել Հարավային ռազմական օկրուգի ռազմական օդանավակայանից ուսումնա-վարժական թռիչքի ժամանակ։
ԲիԲիՍի-ի ռուսական ծառայության թղթակից Պավել Ակսյոնովը չի բացառում, որ թռիչքը կարող էր լինել ոչ այդքան ուսումնական․
«Су-34-ը ռուսական ամենակարևոր կործանիչներից մեկն է։ Սա բավականին նոր օդանավ է, այն ռուսական բանակի զինանոցում է հայտնվել 2014 թվականին։ Մարտական մկրտություն է ստացել Սիրիայում, կիրառվում է նաև ուկրաինական պատերազմի ընթացքում։ Կործանիչներից մի քանիսը Ուկրաինայում խոցվել է։
Միևնույն ժամանակ՝ Су-34-եր Ռուսաստանի ռազմածովային նավատորմի զինանոցում չկան, ծովային ավիացիայի օդաչուների ուսման ընթացքում դրանց կիրառման մասին նախկինում չի հայտարարվել։ Սա կարևոր հանգամանք է, քանի որ Եյսկի օդակայանը, ինչպես նաև Ղրիմի ավիաբազան ուսումնական կենտրոն են նախևառաջ ծովային օդաչուների համար։
Այստեղ է տեղակայված ռազմածովային նավատորմի ծովային ավիացիայի օդաչուների կազմի ռազմական կիրառման և վերապատրաստման 859-րդ կենտրոնը․․․
․․․Եյսկի օդակայանի դիրքը, սակայն, այն դարձնում է պոտենցիալ հարմար Ուկրաինայի պատերազմում կիրառվող ռազմական ավիացիայի տեղակայման համար։ [Օդակայանը] գտնվում է Մարիուպոլից ընդամենը 60 կմ հեռավորության վրա․․․
Մինչև Բախմուտ, որտեղ այժմ մարտական գործողություններ են ընթանում, ուղիղ գծով ընդամենը 200 կիլոմետր է», – նշում է Պավել Ակսյոնովը։
Ռուսական ավիացիայի ոչ մարտական կորուստները շարունակվում են
Եյսկում Су-34-ի կործանումը Ուկրաինայում պատերազմի գրեթե 8 ամիսների ընթացքում ռուսական ռազմական ավիացիայի առնվազն 9-րդ ոչ մարտական կորուստն է՝ գրում է The Bell պարբերականը։ Մինչ այս կործանվել են նաև․
Փետրվարի 24․ Ан-26, Վորոնեժի մարզ
Ապրիլի 8․ МиГ-31, Լենինգրադի մարզ
Հունիսի 17․ Су-25, Բելգորոդի մարզ
Հունիսի 21․ Су-25, Ռոստովի մարզ
Հունիսի 24․ Ил-76, Րյազանի մարզ
Սեպտեմբերի 11․ Су-34, Ղրիմ
Հոկտեմբերի 1․ ռազմական օդանավի անունը չի նշվել, Ղրիմ
Հոկտեմբերի 9․ Су-34, Ռոստովի մարզ
Հոկտեմբերի 9․ Су-25, Ռոստովի մարզ (երկրորդը՝ նույն օրվա մեջ)
Ուկրաինական բանակի հակահարձակման հաջողությունների ֆոնին Ռուսաստանը վերսկսել է Ուկրաինայի խոշոր քաղաքների հոծախումբ հրթիռակոծությունները։ Ըստ Կիևը, վերջին օրերին ռուսական բանակը կիրառում է նաև իրանական անօդաչու թռչող սարքեր։