Նախօրեին ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Զուգահեռաբար Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին անձեռնմխելիությունից զրկելու, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը։
Քրեական գործի մանրամասները չեն հաղորդվում։ ԲԴԽ-ից պատասխանում են, թե «դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքից» ելնելով՝ գործի բովանդակությունը չեն բացահայտի։ Տեղեկություն չի տրամադրում նաև գլխավոր դատախազությունը։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի փոխանցմամբ, քրգործը, որի շրջանակում իրեն մեղադրանք են առաջադրել, հարուցվել է «հոկտեմբերի 3-ին ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու դեպքի առթիվ»: Փաստաբանին մեղադրում են դատավոր Արուսյակ Ալեքսանյանին օժանդակելու մեջ, «որպեսզի վերջինս չարաշահի իր պաշտոնեական լիազորությունները»։ Էրիկ Ալեքսանյանն ինքն իրեն քաղաքական հետապնդման զոհ է համարում․ ըստ նրա, մեղադրանք առաջադրելով՝ փորձում են իրեն լռեցնել։
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, ըստ նրա պաշտպանի, մեղադրանք են առաջադրվել ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածներով։ Նրա նկատմամբ տևական ժամանակ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվել, ասում է պաշտպան Երեմ Սարգսյանը՝ բողոքելով․ «Ի սկզբանե քրեական հետապնդումը սկսում են, իրենց անհրաժեշտ նյութերը ստանում, հետո գնում ԲԴԽ՝ իբր թե քրեական հետապնդում հարուցելու համար թույտվություն ստանալու»:
թարմացում — 19 հոկտեմբերի, 22։00․ Դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվել է։
Արուսյակ Ալեքսանյանը և Էրիկ Ալեքսանյանը («Պաշի տղա Սուրո Լեննականսկու» առնչությունը հաստատված չէ)
Արուսյակ Ալեքսանյանը ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ 7 տարի քննիչ է աշխատել։ 2021 թվականի հոկտեմբերին նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Էրիկ Ալեքսանյանը ավարտել է նույն համալսարանի նույն ֆակուլտետը։ Փաստաբան է և ընդդիմադիր գործիչ։ «Մարտի 1»-ի գործով նախկին ամբաստանյալ Արմեն Գևորգյանի, նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, ընդդիմադիր Վազգեն Մանուկյանի, նաև Արմեն Չարչյանի, Միկա Բադալյանի փաստաբանն է եղել։
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ դատավորը և փաստաբանը մեղադրվում են «օրենքով գողերի» նկատմամբ հարուցված քրեական գործով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։ «Առավոտ» օրաթերթի փոխանցմամբ, խոսքը այս տարվա հուլիսին կալանավորված՝ «օրենքով գողեր» Սուրեն Ավետիսյանի («Պաշի տղա Սուրո Լեննականսկի») և Արտյոմ Ղազարյանի («Զապի եգան Արտյոմ Լեննականսկին») մասին է։
Ո՛չ իրավապահները, ո՛չ էլ մեղադրյալները այս տեղեկությունը չեն հաստատել։ Ձերբակալման 24-ժամյա ռեժիմից հետո ազատ արձակված Էրիկ Ալեքսանյանը հոկտեմբերի 18-ի երեկոյան հայտարարել է, թե լուրերը, իբր իրեն առաջադրված մեղադրանքը կաշառքի հետ է կապված, իրականությանը չեն համապատասխանում․«Ես որևէ կոռուպցիոն հանցագործության մեջ չեմ կարող ներգրավված լինել՝ հաշվի առնելով կոնկրետ իմ անձը: Մեղադրանքը այլ հանգամանքների մասին է»:
Աննա Վարդապետյանի՝ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելուց հետ, արդեն երկրորդ անգամ դատավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվում ԲԴԽ: Հոկտեմբերի 11-ին նմանատիպ միջնորդություն էր ներկայացվել նաև վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի առնչությամբ: