Ռուսաստանցի զինվորականները սպանել են ուկրաինացի երաժիշտ Յուրի Կերպատենկոյին, այն բանից հետո, երբ նա հրաժարվել է մասնակցել Խերսոնում «խաղաղ կյանքի բարելավման» ցուցադրությանն ուղղված համերգին՝ հայտարարել է Ուկրաինայի մշակույթի նախարարությունը։ Երաժիշտը մահացել է իր տանը՝ կրակոցից։
Հոկտեմբերի մեկին Խերսոնում կայացած համերգին պետք է մասնակցեր Gileya կամերային նվագախումբը, որի գլխավոր դիրիժորը Յուրի Կերպատենկոն էր։ Վերջինս, ըստ ուկրաինական պաշտոնական աղբյուրի, կտրականապես մերժել է համագործակցել օկուպանտների հետ։
Կերպատենկոն, որը նաև Նիկոլայ Կուլիշի անվան երաժշտական և դրամատիկական թատրոնի գլխավոր դիրիժորն էր, մինչև մայիս ամիսը շարունակում էր իր ֆեյսբուքյան էջում անհնազանդության կոչեր անել։
Խերսոնի շրջանային դատախազությունը պաշտոնական հետախուզություն է սկսել «պատերազմի օրենքներն ու կանոնները խախտելու համար, ինչը զուգորդվել է դիտավորյալ սպանության հետ»։ Հետախուզության տվյալներով, դիրիժորի ընտանիքի անդամները նրա հետ կապը կորցրել են սեպտեմբերին։
Ուկրաինացի և միջազգային արվեստագետները քննադատել են միջադեպը․
«Ռուսաստանի պատմության մեջ նոր բան չէ արվեստագետներին պարտադրած «ենթարկվիր կամ մեռիր» քաղաքականությունը։ Այն հարյուրամյա պատմություն ունի․․․ Ես չափից շատ լռություն եմ տեսել իմ ռուսաստանցի կոլեգաների կողմից։ Արդյոք ժամանակը չէ՞, որ ռուսաստանցի երաժիշտները՝ մանավանդ արտերկրում ապրող, վերջապես կանգնեն ու պայքարեն Ուկրաինայում ռուսաստանյան ռեժիմի գործողությունների դեմ»,- ասել է ֆինն-ուկրաինացի դիրիժոր Դալիա Ստասեվսկան, որը մոտ երկու շաբաթ առաջ հումանիտար օգնության բեռնատարով Ֆինլանդիայից մեկնել էր Լվով։
«Մենք գիտենք, որ ռուսական ռեժիմն հետապնդում է ակտիվիստների, լրագրողների, համայնքների առաջնորդների և օկուպացիային դիմադրել պատրաստ ցանկացածի։ Այնուամենայնիվ, անգամ իմանալով ներկայիս օրինակն ու պատմությունը, մեզ համար չի կարող, և ինչն ավելի կարևոր է, չպիտի սովորական դառնա խելացի, տաղանդավոր և խիզախ մարդկանց ավելի դաժան սպանությունների մասին, երբ նրանց միակ մեղքը ուկրաինացի լինելն էր»,- ասել է մրցանակակիր նովելիստ, ռազմական հանցագործությունների քննիչ դարձած ուկրաինացի Վիկտորիա Ամելինան։
Նա զուգահեռներ է անցկացրել Կերպատենկոյի և ուկրաինացի հայտնի դրամատուրգ Նիկոլայ Կուլիշի միջև․ «Կուլիշի վրա կրակել են 1937 թվականի նոյեմբերի 3-ին, ևս 289 ուկրաինացի գրողների, արվեստագետների և մտավորականների հետ միասին։ Յուրի Կերպատենկոյի վրա կրակել են Խերսոնում՝ իր տանը, 2022 թվականի հոկտեմբերին»։
«Ռուսաստանցիների արարքը մաքուր ցեղասպանություն է… Ողբերգական իրոնիան այս ամենի մեջ այն է, որ խոսվում է ռուսական մշակույթի գերազանցության և մարդասիրության մասին: Եվ ահա նրանք սպանել են մեկին, ով իրոք գեղեցկություն էր բերում մարդկանց կյանք: Դա սրտխառնոց է առաջացնում:
Փամփուշտները մարդկանց միջև տարբերություն չեն դնում: Ես ինձ ավելի վատ չեմ զգում նրանից, որ այդ մարդը դիրիժոր էր, դա ընդամենը հաստատում է մաքուր չարիքը, որ տեղի էր ունենում դեռ մինչև Ուկրաինայի վրա առաջին ռումբերի ընկնելը», – ասել է Փարիզում գտնվող ռուսաստանցի դիրիժոր Սիմյոն Բիչկովը: Նա ծնվել է Սանկտ-Պետերբուրգում և լքել է Ռուսաստանը 70-ականներին, երբ երիտասարդ էր:
«Մահը և պինգվինը» գործի հեղինակ, նովելիստ Անդրեյ Կուրկովը ասել է․
«Այժմ Յուրի Կերպատենկոյի անունը կմիանա Ուկրաինայում սպանված արվեստագետների ցուցակին: Ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ Ռուսաստանը ոչ միայն փորձում է օկուպացնել ուկրաինական տարածքները, այլև ջանասիրաբար ոչնչացնում է ուկրաինական ինքնությունը, որի կարևոր մասը ուկրաինական մշակույթն է»:
Ուկրաինացի գրող Ալեքսանդր Միխեդը, ով պատերազմի սկզբից միացել է բանակին և ում տունը ավերվել է ռուսական հրետակոծության հետևանքով, ասել է․
«Ռուսաստանը փորձում է օկուպացված տարածքներում վերակառուցել Սովետական միությունը: Վերակառուցել անհավանական մի բան: Սովետական քաղաքականության առանցքային բաղադրիչներից մեկը ստրկացված երկրների մշակույթի ոչնչացումն էր: Մշակույթային գործիչների սպանությունը, գրադարանների մաքրումը, ազգային լեզուներն արգելելը: Ժամանակակից օկուպանտները ամբողջությամբ այս ռազմավարությանն են հետևում: Ոչնչացնում են մշակույթը, սպորտը և կրթությունը: Եվ երբ մեր տարածքները դեօկուպացվեն, մենք կիմանանք տասնյակ ու հարյուրավոր նմանատիպ սարսափելի պատմությունների մասին: Ավերումների և հերոսական դիմակայության մասին պատմությունների»։