Ուկրաինայում ռուսական զորքերի հրամանատարն առաջարկել է Ռուսաստանի պաշտպանության նախարարին նահանջել Խերսոնի մարզից և հետ քաշվել Դնեպրի ձախ ափ։ Սա նշանակում է՝ հանձնել Խերսոն քաղաքը, որը օկուպացվել էր ռուսական ներխուժման առաջին օրերին։ Նախարարն ընդունել է առաջարկը։
Գեներալ Սերգեյ Սուրովիկինի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպումը հեռարձակվել է «Ռոսիա-24» հեռուստաալիքով։ Գեներալի զեկույցը լսելուց հետո Շոյգուն հրամայել է․ «Սկսեք զորքերի հետքաշումը»։
Սուրովիկինը, նախ, հայտարարել է, թե «հատուկ օպերացիայի» շրջանում իրավիճակը ընդհանուր առմամբ «ստաբիլիզացվել է», առանձին ուղղություններով ռուսական բանակը անցել է հարձակողական գործողությունների (Դոնբասում ռուսական բանակի հարձակման փորձերը Ուկրաինան չի հերքում)։ Շոյգուն, իր հերթին, հավաստիացրել է՝ պաշտպանությունն ամուր է, բայց կան առանձնահատկություններ։ Նախքան Խերսոնը հանձնելու առաջարկին անցնելը՝ գեներալը թվարկել է այդ «առանձնահատկությունները»։
Մարզկենտրոնի և հարակից բնակավայրերի մատակարարումները խափանված են, մարդկանց կյանքը վտանգված է՝ հայտարարել է ռուսական զորքերի հրամանատարը: Գեներալը նաև հիշեցրել է, որ օկուպացիոն վարչակազմը ավելի վաղ հայտարարել էր բնակչության պարտադիր տարհանման մասին և էվակուացրել բոլոր չինովնիկներին։
տե՛ս Պուտինը բարդացնում է լուծումներն Ուկրաինայում
Բնագիծը կանցնի գետով
Ռուսական բանակի բնագիծը կանցնի Դնեպր գետով, զորքերը կամրապնդվեն ձախ ափին, աջ ափին ստորաբաժանումներ պահելը անհեռանկարային էր՝ ամփոփել է գեներալ Սուրովիկինը։ Շոյգուն համաձայնել է։
Ռուսական դրոշներն իջեցվել են
Ցերեկը ռազմական բլոգերները ուշադրություն էին դարձրել, որ Խերսոնի վարչական շենքերից իջեցրել են ռուսական դրոշները։ Սա գալիք նահանջի հերթական վկայությունն էր համարվում։
Հոկտեմբերի սկզբից ռազմական փորձագետները զգուշացնում են՝ ռուսական բանակը ստիպված է լինելու հետ քաշվել Խերսոնից։ Ռուսական բանակի հիմնական բազաները գտնվում են ձախ ափին, քաղաքի և հարակից բնակավայրերի մատակարարումը խափանվել է Դնեպրի երկու ափերն իրար կապող Անտոնովսկի կամրջի մասնակի ոչնչացումից հետո։
Աշնանը ուկրաինական բանակն անցել էր հակահարձակման, հոկտեմբերին Խերսոնի օկուպացիոն վարչակազմը հայտարարել էր բնակչության նախ կամավոր, իսկ հետո՝ հարկադիր էվակուացման մասին։ Կամուրջն այլևս չկար, բնակիչներին, չինովնիկներին, նաև՝ արձաններն ու Գրիգորի Պոտյոմկին-Տավրիչեսկի իշխանի աճյունը ձախ ափ էին էվակուացնում նավերով և նավակներով։
Պաշտոնական հայտարարություններում, այնուամենայնիվ, մինչ այս նշվում էր, թե այսկերպ ռուսական կողմը նախապատրաստում է քաղաքի պաշտպանությունը։ Ռուս պաշտոնյաները հավաստիացնում էին՝ «մենք այստեղ ենք հավերժ»։
Ուկրաինան հարձակվում է
Այսօր առավոտյան Խերսոնի մարզի օկուպացիոն վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը հայտարարել էր՝ Ուկրաինայի զինված ուժերը հարձակվում են միաժամանակ երեք ուղղություններով, այդ թվում՝ Խերսոնից ընդամենը 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սնիգիրևկայի ուղղությամբ։
«Սնիգիրևկայի հատվածում առավոտից ծանր մարտեր են ընթանում։ Բնակավայրը գտնվում է ռազմական գործողությունների գոտում», – գրել էր Ստրեմոուսովը։ Ծանր մարտեր են նաև Դոնեցկի մարզում։
Ստրեմոուսովն էլ չկա
Ցերեկը հայտնի դարձավ, որ Խերսոնի օկուպացիոն վարչակազմի հիշյալ փոխղեկավարը զոհվել է։ Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ նա ճանապարհային վթարի զոհ է դարձել։ Պատահարը տեղի է ունեցել Խերսոնի շրջանում գտնվող Գենիչեսկի ավանի մոտակայքում:
Ռուսական տարածքներն ու պրոպագանդան
Ռուսական բանակը գրավել էր Խերսոնը պատերազմի ամենասկզբնական փուլում։ Սա փետրվարի 24-ից հետո ռուսների կողմից գրավված միակ ուկրաինական մարզկենտրոնն է։ Աշնանը Մոսկվան հայտարարել էր ուկրաինական չորս ռեգիոնների, այդ թվում նաև Խերսոնի մարզի բռնակցման մասին։ Բեմադրված հանրաքվեներից հետո այս տարածքները պաշտոնապես մտցվել էին Ռուսաստանի կազմ։
տե՛ս Ռուսաստանն այլև անսահման է
Չնայած Մոսվան հայտարարում էր, որ իր «տարածքային ամբողջականությունը» պաշտպանելու համար դիմելու է բոլոր հնարավոր միջոցներին, Խերսոնից նահանջի համատեքստում այս հռետորաբանությունը չի կիրառվում։
Կրեմլի ուղեցույցները
«Մեդուզան»՝ հղվելով իր աղբյուրներին, գրել էր, որ Վլադիմիր Պուտինի աշխատակազմում նոր ուղեցույցներ են մշակել։ Այնտեղ նշվում է, թե ինչպես է պետք պատմել Խերսոնում տիրող իրավիճակի մասին։
Ուղեցույցներից առաջինը քարոզիչներին առաջարկում է հիմնվել հետևյալ թեզերի վրա․ «Արևմուտքից նոր օգնություն խնդրելու համար Ուկրաինային կենսականորեն անհրաժեշտ է ցուցադրել իր ահաբեկչական խմբավորումների մարտունակությունը», Կիևը թքած ունի իր կորուստների վրա, եթե նրանք «պայթեցնեն Կախովկայի ՀԷԿ-ը, քաղաքները կխորտակվեն» (Ուկրաինայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, թե հենց ռուս զինվորականներն են ականապատել Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը․ եթե այն պայթի, շուրջ 80 ուկրաինական քաղաքներ կարող են հայտնվել ջրի տակ) և այլն։ Այս համատեքստում ռուս պրոպագանդիստներին առաջարկում են շեշտել՝ ռուսական զորքերը փորձում են խնայել անձնակազմի և բնակչության կյանքները։
Երկրորդ ուղեցույցը կոչ է անում ուշադրություն դարձնել քաղաքագետ, պատմաբան, դիվանագետ, ՌԴ ԱԽ-ին կից գիտխորհրդի անդամ Անատոլի Տոկունովի ելույթներին։ Պուտինի հետ հանդիպմանը Տոկունովը հիշում էր Պոլտավայի ճակատամարտի (1709 թիվ) մասին՝ ընդգծելով՝ հաղթանակած Պետրոս I-ն էլ էր նահանջել։
Կիևում դեռ չեն հավատում
Եթե ռուսական զորքերը հետ քաշվեն Դնեպրի ձախ ափ, ամբողջ Նիկոլաևի մարզը կանցնի ուկրաինական բանակի վերահսկողության ներքո։ Ռուսները այս պահին վերահսկում են մարզի մոտ 4 տոկոսը՝ մոտավորապես հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Նիկոլաևի մարզպետ Վիտալի Կիմը հայտարարել է․ «Եթե ռուսները ինչ-որ բան են ասում, նշանակում է՝ կանեն դրա հակառակը»։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը կոչ է արել սպասել ռուսական զորքերի իրական գործողություններին․ «Մինչև ուկրաինական դրոշը չծածանվի Խերսոն քաղաքի վրա, իմաստ չունի խոսել Ռուսաստանի նահանջի մասին»։