Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ Կիևը պատրաստվում է ապագայում փրկել վրացիներին, ինչպես նաև Մոլդովան և Հայաստանը։ Խոսելով տվյալ երկրներում ռուսաստանցիների ներգաղթի մասին, Արեստովիչը ենթադրել է, որ բնակչության կազմի կառուցվածքը փոփոխելով, Ռուսաստանը կարող է կեղծ հանրաքվեներ անցկացնել և տարածքներ միացնել իրեն։
Արեստովիչի խոսքով՝ մոտ ժամանակներում պատերազմած միլիոնավոր ուկրաինացիների և ուկրաինուհիների համար միշտ էլ գործ կգտնվի հետսովետական երկրներում։ Հստակեցնելով, նա նշել է, որ խոսքը խաղաղապահների, ինչպես նաև կայունացմանն ուղղված և մարդասիրական օպերացիաների մասին է։
Ուկրաինացի լրագրողների հետ զրույցում քննարկելով Վրաստանում ստեղծված իրավիճակը, Արեստովիչը ռուսամետ է անվանել այս երկրի կառավարությունը, որն ունակ չէ որոշում կայացնել և ոչնչացրել է այն ամենն, ինչը Սաակաշվիլին էր ստեղծել։
Այս գնահատականները մեկնաբանել են Վրաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ՝ դրանք սադրիչ ու անհեթեթ անվանելով․ ըստ պաշտոնյաների, դրանք թշնամական են ո՛չ միայն վրաց ժողովրդի և պետության հանդեպ, այլև Կիևի։
Արեստովիչի հայտարարությունը համընկել է վրացի միլիարդատեր և Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հարազատների և գործընկերների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կայացրած որոշման հետ։
Արեստովիչը նախկինում էլ սկանդալային հայտարարություններով էր հանդես եկել, որոնք դուր չէին եկել վրաց իշխանություններին։ Մասնավորապես, նա ասում էր, որ Վրաստանը Աբխազիան և Հարավային Օսիան վերցնելու պատմական հնարավորություն ունի, իսկ Վրաստանի իշխանությունների քաղաքականությանը գնահատական կտա վրաց ժողովուրդը՝ ընտրությունների ընթացքում։