Home / Հայաստան / Աֆրիկյան Չադում սպանվել են տասնյակ հակակառավարական ցուցարարներ

Աֆրիկյան Չադում սպանվել են տասնյակ հակակառավարական ցուցարարներ

Հոկտեմբերի 20-ին Չադի խոշորագույն երկու քաղաքներում իրավապահները կրակ են բացել հակակառավարական ցույցի մասնակիցների վրա, մի քանի տասնյակ ցուցարար զոհվել է, շուրջ 300-ը վիրավորվել։ Տեղացիները նշում են, որ այսօր նույնպես մտադիր են փողոց դուրս գալ, գրում է Բի-Բի-Սի-ն։

Չադը պաշտոնապես հաղորդել է մայրաքաղաք Նջամենայում 30 զոհերի մասին։ Ցույցերի կազմակերպիչները, սակայն, ասել են, որ մայրաքաղաքում զոհերի իրական թիվը կարող է անցնել 40-ը։

Երկրորդ ամենամեծ Մունդու քաղաքում ցույցերի ժամանակ սպանվել է առնվազն 32 ցուցարար․ այս մասին Al Jazeera-ին հաղորդել են քաղաքային դիահերձարանից։ Հայտնի է նաև 60 վիրավորների մասին։

Ավելի վաղ ոստիկանությունը արցունքաբեր գազ էր կարառել ցուցարարների դեմ, սակայն ցույցերը շարունակվել են, մասնակիցները՝ շատացել։ Այդ ժամանակ ուժայինները սկսել են կրակել։

Չադը քաղաքական ճգնաժամում է 2021 թվականի ապրիլից, երբ շուրջ 30 տարի իշխանությունն իր ձեռքերում պահած նախագահ Իդրիս Դեբին սպանվեց առաջնագիծ այցելելու ժամանակ։ Նրա որդին բանակի կողմից ընտրվեց որպես ժամանակավոր նախագահ, որը ընտրություններին թեկնածություն չէր դնելու և կառավարելու էր 18 ամիս, որից հետո երկրում խաղաղ և ժողովրդավարական ընտրություններ պետք է անցկացվեին։

Հոկտեմբերի 20-ին ժամկետը լրանում էր, այնուամենայնիվ, հոկտեմբերի 1-ին այն հետաձգվեց ևս երկու տարով, և նախկին նախագահի որդու անունը թեկնածուների ցանկում հայտնվեց։

Մի շարք քաղաքներում ոստիկանությանը հաջողվել է ճնշել ցույցերը։

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ երկրում ռազմական իշխանություն է, որը գործում է Ֆրանսիայի աջակցությամբ: Մայիսին ոսիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենա էր կիրառել հակաֆրանսիական ակցիաները ցրելու նպատակով:

Նախկինում Չադը գաղութացրած Ֆրանսիան քննադատել է ցուցարարների դեմ բռնությունները, «որոնց ժամանակ ակնհայտորեն խաղաղ բնակիչների նկատմամբ մահաբեր զենք է գործածվել»։